
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիրի մարզի
Խիստ ձմեռն իր վնասակար ազդեցությունն ունեցել է բազմամյա տնկարքների վրա, գյուղացին այս տարի պտուղ կունենա, հարց, որը սկսել են տանջել հողի մշակին դեկտեմբերյան ցրտաշունչ օրերից հետո: Մասնագետները նշում եմ են, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը: Ծառերի ցրտահարությահ աստիճանը նկատելի կլինի հյութաշարժության ընթացքում:
Ձմեռն արդեն հետևում է մնացել, օրերը տաքացել են և գյուղացին կրկին դուրս է եկել այգի` սկսել էտը: Ծառերը քանի դեռ քնած են հարկավոր է նրանց երիտասարդացնել, որպեսզի լավ բերք տան: Սակայն գյուղացին նորից մտատանջության մեջ է հայտնվել: էտի ընթացքում այգետերերը նկատեցին, որ այգիներում ցրտահարված ծառեր կան: Բազմամյա տնկիների մեջ ցուրտն ազդել է հատկապես դեղձենու վրա, շիվերը սկսել են մգանալ: Տալվորիկի մշակովի հողերից 280 հա պտղի այգիներ են, որոնք մեծամասամբ հիմնվել են վերջին տարիներին: Էդգար Նիկողոսյանի 2 հաից ավելի տարածքի վրա հիմնած այգում կան գրեթե բոլոր պտղատեսակները` սալոր, դեղձ, ծիրան, կեռաս, կաղին, ընկույզ և այլն: Էտելուց նա նկատել է, որ դեղձենին ցրտահարվել է և բերք չեն ունենա: Այգում կա շուրջ 350 դեղձի ծառ:
Երիտասարդ ծառերի բերքատվությունն այնքան էլ բարձր չի եղել, քանի որ 2-րդ տարին է, ինչ բերք են տալիս: Մնացած ծառերի մասին դեռ տեղյակ չէ, ցրտահարվել են, թե ոչ, պարզ կլինի ավելի ուշ:
Գյուղացիներին աջակցելու նպատակով գարնանային աշխատանքներին զուգընթաց դաշտերում և այգիներում իրենց խորհուրդներն են առաջարկում Արմավիրի մարզի գյուղատնտեսության աջակցության Արմավիրի մարզային կենտրոնի խորհրդատուները: Սիմոն Ասատրյանի հետազոտմամբ դեղձենիների վրա կան վնասված շիվեր:
Անզեն աչքով էլ տեսանելի է բնափայտի լայնակի կտրվածքի մգությունը: Այն երևում է հատկապես միամյա շիվերի վրա, իսկ 2-3 տարեկան շիվերը մի քիչ ցրտադիմացկուն են եղել: Էդգար Նիկողոսյանի 2-րդ մտավախությունը գարնանային ցրտահարությունն է ու կարկուտը: Այգին մշակելուց չի տրտնջում, միայն բնության չար խաղերից է բողոքում :
Ռիսկերն անտեսելով գյուղացիները շարունակում են այգու մշակումը: Էդգարը նշեց, որ տարիներ առաջ ցրտահարության արդյունքում 500 հատ դեղձի ծառ են կորցրել, փոխարենը հիմնել են ծիրանենիներ: Սրանց վրա էլ կրծողների աղետն էր պատել:
Տարիների չարչարանքը երիտասարդ այգեգործի համար փորձառություն է, ինչն էլ ստիպում է նրան հասկանալ հողի ու բույսի լեզուն: Լավ այգի ունենալու և բարձր բերք ստանալու նպատակով Էդգար Նիկողոսյանը դեռ աշխատանքներ ունի այգում:




