ԿարևորՔաղաքական

Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի․ Փաշինյան

Հայաստանի կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը, ՀՀ կառավարության նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումը իրականացնել առանց սրացումների։

Ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով մեր Զինված ուժերի 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել մեր ընկած եղբայրներին»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ դեպքի մանրամասներին չի անդրադառնա, քանի որ հրապարակված տեսանյութը պատկերացում տալիս է տեղի ունեցածի մասին։

«Մարտի 30-ից Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրեմ, որ  Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայում և 2022թ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին»,-նշեց Փաշինյանը։

Նա կարևորեց նախօրեին տարածված ԵՄ հայտարարությունը, որով կոչ էր արվում հարգել 1991 թ-ի սահմանագիծը։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի 1991թ Հայաստան-Ադրբեջան սահմանային գծի ողջ երկայնքով։

«Մենք մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021թ-ից, նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական գործելակերպը։ Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային ձեռքբերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը։ Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, ուժի չկիրառման հարցում, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի կայացրած որոշման»,- ասաց Փաշինյանը։

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ և ներգրավված մնալ տարածաշրջանային բոլոր հարցերը՝ ԼՂ խնիրը և Հայաստան-Արդբեջան հարաբերությունները, բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը։ Պատրաստ ենք նաև  սահմանների դելիմիտացիային՝ Պրահայի և Սոչիի վերը հիշատակված սկզբունքների հիման վրա»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

https://www.facebook.com/armgovernment/videos/932799031203275

Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներ  Արթուր Ավետիսի Սահակյանը (ծնվ. 1999թ.),  Մկրտիչ Արմենի Հարությունյանը (ծնվ. 1989թ.),  Հենրիկ Վաչագանի Քոչարյանը (ծնվ. 1997թ.) ,  Նարեկ Գագիկի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։

Կարդացեք նաև

Back to top button