ԿարևորՀասարակություն

Կլքե՞ն համակարգը, թե՞ ավելի բարձր կվարձատրվեն․ ոստիկանների ատեստավորման համակարգ կներդրվի

Գործադիրն առաջարկում է ոստիկանության համակարգում և փրկարար ծառայությունում  ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի նպատակը ծառայության գրավչությունը բարձրացնելն է, աշխատակիցների համապատասխանելիությունը որոշելը և ըստ արդյունքների՝ աշխատակիցներին հավելավճարներ տրամադրելը։ ԱԺ–ն այսօր քննարկել է համապատասխան օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը:

Նորաստեղծ Ներքին գործերի նախարարությունում մտադիր են մայիսից ոստիկանների ատեստավորման նոր համակարգ ներդնել։ Ի տարբերություն գործող կարգի` ատեստավորումն անցած ծառայողները հավելավճար կստանան։ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործընթացը կանցկացվի երեք փուլով։ Առաջինը ենթադրում է մտավոր ունակությունների ստուգում, այդ թվում IQ թեստի միջոցով։ Երկրորդ փուլում կստուգվեն ֆիզիկական հնարավորությունները, երրորդում՝ աշխատակիցների մասնագիտական գիտելիքները և հմտությունները։ Ատեստավորման անցկացումը հաջող կհամարվի միավորների նվազագույն շեմը՝  60 տոկոսը հաղթահարելու դեպքում։ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում և կից օրենքներում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ատեստավորում անցնելու համար աշխատակիցներին կհատկացվի երեք տարի։ Առաջին փորձը ձախողելու դեպքում նրանք կունենան ևս երկու հնարավորություն։

«Պլանավորել ենք կրկնակի չափով ունենալ հավելավճար։ Պարեկայինի մասով մի փոքր առանձնահատկություն կունենանք, տոկոսային արտահայտությունը դեռ պետք է հասկանանք, որպեսզի ոչ թե կրկին դիսբալանս ունենանք աշխատավարձային քաղաքականության, այլ փորձենք միասնական մակարդակի բերել։ Երեք տարվա ավարտից հետո, եթե մեր աշխատողը չկարողացավ անցնել ատեստացիան, ազատվում է համակարգից, բայց եթե երեք տարվա ընթացքում առաջին և երկրորդ փորձից չանցավ, շարունակում է պահպանել իր աշխատատեղը՝ ստանալով նույն աշխատավարձը։ Եթե երրորդ տարվա ավարտին չկարողացավ հաղթահարել, ենթակա է ծառայությունից ազատման»։  

Նախատեսված է նաև թեստավորման չորրորդ փուլը, որը համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու մտադրություն ունեցող աշխատակիցներին կվերաբերի։ Նրանց համար թեստավորումն անցկացվելու է զրույցի ձևաչափով, այդ թվում՝ հոգեբանի մասնակցությամբ։ Հատկացված երեք տարիների ընթացքում աշխատակիցները նաև վերապատրաստում անցնելու հնարավորություն կունենան։ Պատգամավոր Վիգեն Խաչատրյանին հետաքրքրում էր, թե ինչ հավելավճարի մասին է խոսքը, և քանի հոգի է ատեստավորում անցնելու։

«Շատ կոնկրետ թիվ չասեմ, որոշ հատվածներում գաղտնի թվակազմով է նախատեսված։ Շուրջ 17000 աշխատակցից դուրս ենք բերում անձնագրերի վիզաների վարչության աշխատակիցներին,  աջակցող ստորաբաժանումների թվաքանակը, որոնք  հետագայում պաշտոն են զբաղեցնելու։ Այսինքն, ընդհանուր առմամբ մոտ 12000-13000 աշխատակցի վերապատրաստման մասին է, իսկ հավելավճարը ենթադրվում է աշխատավարձի կրկնակի չափով»։

Ի դեպ՝  նախագծով բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց ատեստավորում չի նախատեսվում։ Այս մոտեցմանը, սակայն, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը համաձայն չէ։ Ըստ նրա՝ ատեստավորում պետք է անցնեն նաև բարձր պաշտոններ զբաղեցնող ծառայողները։

«Մենք հանձնաժողովում առաջարկել ենք, որ Ոստիկանության պետի տեղակալները ևս անպայման ընդգրկվեն ատեստացիոն համակարգում։  Ամեն մի տեղակալ մի գծով հրամանատարներ են, իսկ հրամանատարը չի կարող պահանջել մի բան իր ենթականերից, որն ինքը չի անցել։ Եվ դա կապ չունի աշխատավարձերի հաշվարկման պրոցեսի հետ։ Սա ուղղակի պահանջ է, որ բոլորը լինեն պրոֆեսիոնալ մակարդակում և անընդհատ աշխատեն իրենց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման ուղղությամբ»։

Արմեն Խաչատրյանն առաջարկում է նաև ատեստացիայի արդյունքները 20-25 տարի պահպանել էլեկտրոնային շտեմարանում։

«Մենք անընդհատ պատերազմող երկիր ենք, և վաղը պետք է լինելու իմանալ՝ ով է լավ կրակող, ով ինչ ֆիզիկական պատրաստվածություն ունի։ Եվ ծառայողական առաջխաղացման ընթացքում պետք է հաշվի առնվեն այս ատեստացիայի արդյունքները։ Եթե մեկի բոլոր արդյունքները գերազանց են, բայց 10-15 տարի ծառայողական առաջխաղացում չի ունեցել, այստեղ արդեն հարցեր են առաջանում»։

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկում է բացի ատեստացիայից հատկապես պարեկային  ծառայությունում  նաև էթիկայի դասընթացներ անցկացնել։

«Հատկապես պրակտիկ աշխատանքի ընթացքում իրենց կուլտուրան շատ կարևոր է քաղաքացիների հետ շփումներում։ Ի վերջո, մենք պարեկային ծառայությունը ձևավորում ենք որպես քաղաքացիներին պաշտպան կառույց։ Հաճախ մեր պարեկների մոտ տպավորություն է,թե իրենք պատժիչ գործառույթ ունեն, փորձենք փոխել այդ մտածելակերպը։

Ծառայողների բարեվարքությունը կարևորում  է նաև Ներքին գործերի փոխնախարարը, բայց նաև նկատում, որ մի քանի ամսում անձի դաստիարակման սխեման հնարավոր չէ փոխել։

Ի տարբերություն իշխանական պատգամավորների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախագծի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունի։ Ատեստացիայի նպատակը որակ ապահովելն է, ոչ թե աշխատավարձերը բարձրացնելը՝ ասում է պատգամավորը։

«Այնինչ հիմա ատեստացիայի ամբողջ փիլիսոփայությունը փոխվում է աշխատավարձերի շուրջ։ Նույնը վերաբերում է նաև փրկարար ծառայությանը, որը քիչ անց ԱԺ–ին ներկայացվելու է»։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հստակեցրեց. թե՛ ազգային անվտանգության, թե՛ պաշտպանության նախարարության, թե՛ ոստիկանության, թե՛ փրկարար ծառայության աշխատակիցների ատեստացիայի նպատակը մեկն է՝ ստուգել` ծառայողը համապատասխանո՞ւմ է պաշտոնին, թե՞ ոչ: Պաշտոնին չհամապատասխանելու դեպքում  անձը պետք է լքի համակարգը։ Ի դեպ՝ Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է փրկարար ծառայողների համար ևս ներդնել ատեստավորման նոր համակարգ: Այն կգործի բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի ծառայողների համար: Բացառություն նախատեսվել է միայն ծառայության տնօրենի, նրա տեղակալների եւ ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար: Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ համակարգի ծառայողները վերապատրաստման հնարավորություն կունենան 2024 թվականի հունվարի 1-ից:

Կարդացեք նաև

Back to top button