Երաժշտական եռանկյունի

Լիանա Վարդանյան, Մարիամ Հովհաննիսյան. վոկալ արվեստի սերնդափոխություն․ «Երաժշտական եռանկյունի»

Հաճախ խոսելով վոկալ արվեստի մասին՝ մենք մատնանշում ենք ժառանգականության և սերնդափոխության հանգամանքը: Եթե հարյուրամյակներ առաջ երաժշտությունը նեղ խավի ոլորտ էր (հիշենք Բախի գերդաստանը), ուր գիտելիքները և հմտությունները փոխանցվում էին հորից որդուն, կամ՝ հարազատներին, կամ նույնիսկ՝ որդեգրված աշակերտներին, ապա ժամանակի ընթացքում այս ոլորտը հասանելի դարձավ հասարակության և ցանկացած օժտված մարդու համար:

Հայաստանում դասական արվեստը ստեղծման օրվանից մշտապես եղել է պետական հոգածության ներքո, պետությունը հոգացել է մասնագիտական կրթությունը, խրախուսել է երաժշտությամբ զբաղվելը՝ բացի ուսումնական մասնագիտական հաստատություններից ստեղծելով երաժշտական ստուդիաների, մշակութային տների և գեղագիտական կենտրոնների մեծ ցանց ամբողջ Հայաստանի տարածքով:

Անշուշտ, սրա հետ զուգահեռ զարգանում էր նաև կատարողական արվեստի ոլորտը, և այսօր մենք փաստում ենք կոմպոզիտորական դպրոցի, վոկալ դպրոցի և այլ կատարողական դպրոցների առկայությունը մեր դասական և ակադեմիական երաժշտության մեջ:

Հաղորդման հյուրերը՝ օպերային երգչուհի և մանկավարժ, Երևանի պետական կոնսերվատորիայի, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի վոկալի դասախոս Լիանա Վարդանյանը և նրա դուստրը՝ երիտասարդ երգչուհի, Կոնսերվատորիայի շրջանավարտ Մարիամ Հովհաննիսյանը, վոկալ արվեստի լավագույն ավանդույթների և կատարողական արվեստի սերնդափոխության վառ օրինակներից են:

«Իմ մասնագիտական ոլորտը երկու հանգրվանից է բաղկացած, առաջինը բեմն է, որն իմ տարերքն է, և երկրորդը՝ մանկավարժությունը, որը նույնպես շատ եմ սիրում, ունեմ բազմաթիվ ուսանողներ՝ ամենատարբեր տարիքի և ամենավառ ունակություններով օժտված»,- ասում է Լիանա Վարդանյանը:

Ավարտելով Կոնսերվատորիան՝ երգչուհին մեծ փորձառություն է ձեռք բերել կամերային և օպերային երգեցողության ոլորտներում, ունեցել է բազմաթիվ մենահամերգներ, ինչպես նաև՝ համագործակցություն Հայաստանի տարբեր երգչախմբերի և երաժշտական կոլելտիվների հետ:

Բացի դասական երգացանկից և օպերային դերերգերից, նա մեծ նշանակություն է տալիս հատկապես հայկական հոգևոր և կոմպոզիտորական երգարվեստում:

«Անշուշտ, այն հանգամանքը, որ ես ընտրեցի դասական երգեցողության ուղին, կապված է այն օրինակով, որն ինձ ծառայեց մայրիկս՝ իր անսահման նվիրումով և իր երաժշտությամբ: Խոստովանում եմ, որ միանգամից չէ, որ որոշեցի դառնալ պրոֆեսիոնալ երգչուհի, բայց այսօր երջանիկ եմ, որ ձեռք բերեցի այս մասնագիտությունը և պիտի հարթեմ իմ անհատական ճանապարհը դեպի ակադեմիական բեմ»,- խոստովանում է Մարիամ Հովհաննիսյանը:

Այսօր արդեն նա կարող է հպարտանալ իր Մոցարտյան դերերգերի համերգային կատարումներով, ինչպես նաև Ժորժ Բիզեի, Անտոնեն Դվորժակի, Հենդելի, Պյորսելի օպերաների դերերգերով, Բախի կանտատների կատարմամբ և իհարկե՝ Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր երգերով:

Բացի այդ, իր ընկերուհիների հետ Մարիամը ստեղծել է «Լիլլա» վոկալ քառյակը, որի երգացանկը ներառում է տարբեր մշակումներ, ավելի ընդգրկուն է և ժամանակակից:

Հաղորդման ընթացքում հնչում են Լիանա Վարդանյանի և Մարիամ Հովհաննիսյանի բազմաթիվ համերգային կատարումները:

Back to top button