
Վարչապետն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի կարևորությունը՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Արուն Վենկատարամանն էլ արդյունավետ է գնահատել Երևանում անցկացված Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը։ Նա, ի դեպ, Երևան է ժամանել Բաքվից, որտեղ հայտարարել է «Միջին միջանցքի» գաղափարին աջակցելու մասին։
«ԱՄՆ-ն աջակցում է «Միջին միջանցքի» զարգացմանը։ Այս նախաձեռնության զարգացումը կմեծացնի առեւտրային հնարավորությունները, ապրանքաշրջանառությունը»,-АПА լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բաքվում հայտարարել է Արուն Վենկատարամանը:
«ԱՄՆ-ը կարող է աջակցել այս նախաձեռնությանը՝ կիսելով իր փորձը լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտում, իսկ ԱՄՆ մասնավոր ընկերությունները կարող են ակտիվորեն կիսել իրենց փորձը»,- ասել է նա, հավելելով, որ իր երկիրը մասնավոր ընկերություններին ցուցումներ չի տալիս, թե որ երկրում կամ տարածաշրջանում ներդրումներ կատարեն։ Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի բոլոր շրջաններում իր ընկերությունների գործունեությանը։
«Միջին միջանցքը» երթուղի է, որը նպատակ ունի միացնել Եվրոպան և Ասիան։ Նախապես ենթադրվում էր, որ այն անցնելու է Վրաստանի հարավով՝ շրջանցելով Հայաստանը, նկատի ունենալով այն, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հայաստանի սահմանների շրջափակումը։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո, սակայն, Բաքուն և Անկարան ավելի համառորեն են սկսել պահանջել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այլ կերպ ասած՝ պահանջում են Հայաստանի տարածքի մի մասը՝ որպես «միջանցք»։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է.
«Միջին միջանցքի» մասին մոտավորոպես երկու ամիս առաջ հայտարարություն է արել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է դառնա «Միջին միջանցքի» շարունակությունը։ Այսինքն, դա, ըստ էության, Արևմտյան տրանսպորտային հանգույց կամ տարբերակ է տարածաշրջանում իրենց ազդեցությունը մեծացնելու համար։ Դա Ադրբեջանից դեպի Եվրոպա Թուրքիայի միջոցով, այսպես ասենք, այլընտրանքային ճանապարհ է, որով մատակարարվելու են և՛ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, ըստ էության, և՛ նաև այլ ապրանքատեսակներ»։
Ըստ միջազգայնագետի՝ ամերիկացի պաշտոնյայի այցը Հայաստան կապված է նաև այդ հարցի հետ։ Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ Վենկատարամանը երկու հիմնական նպատակ ունի։ Առաջինը հենց այն է, որ ստանա Հայաստանի իշխանությունների համաձայնությունն Ադրբեջանի պատկերացրած «Զանգեզուրյան միջանցքի» հետ կապված՝ առանց հայկական կողմի վերահսկողության.
«Երկրորդ ուղղությունը, որը ես ենթադրում եմ, որ անպայման խոսվելու է, քանի որ առևտրի փոխնախարարն է եկողը՝ խոսք է գնալու Ռուսաստանին, այսպես ասած, պատժամիջոցները շրջանցելուն չօգնելու մասին։ Կարծում եմ, որ սա ևս կլինի ամերիկացի պաշտոնյայի օրակարգում, որովհետև այդ մասին շատ է խոսվել, իսկ առաջին անգամ այդ մասին Լյուքսեմբուրքի արտգործնախարարն ասաց, որ «Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ չօգնի Ռուսաստանին՝ շրջանցելու պատժամիջոցները»։
Բալասանյանի գնահատմամբ՝ ամերիկացի պաշտոնյայի այդ երկու նպատակն էլ, ըստ էության մեր շահերից չեն բխում։
Նկատենք նաև, որ օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում «Զանգեզուրի միջանցքը» բացահայտ կապել է «Միջին միջանցքի» հետ։ Այսպիսով, Բաքվում ԱՄՆ-ի արտահայտած աջակցությունը «Միջին միջանցքին» ավելի քան տարօրինակ է հնչում՝ հաշվի առնելով, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը «Միջին միջանցքի» իրականացումն ուղղակիորեն կապում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։
«Համենայնդեպս, բացահայտ հայկական կողմը միշտ հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին դեմ է, բայց կողմ է հաղորդակցության ուղիների՝ կոմունիկացիաների բացմանը տարածաշրջանում, որը նաև ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ արձանագրության մեջ»։
Միջազգայնագետի խոսքով՝ ըստ էության, «Զանգեզուրի միջանցքին» դեմ է նաև Ռուսաստանը, Իրանի դիրքորոշումն էլ խիստ բացասական է։ Նրանք բազմիցս նշել են, որ Հարավային Կովկասի երկրների տարածքներում ցանկացած հաղորդակցության ուղի պետք է գտնվի այդ երկրների իրավասության տակ։
«Հետևաբար, եթե թուրք-ադրբեջանական պատկերացմամբ «Զանգեզուրի միջանցքը» տրվի, ապա դա չի լինելու Հայաստանի իրավասության տակ, ավելին՝ այնտեղով անցկացվելու են բեռներ, որոնց նկատմամբ Հայաստանը ոչինչ՝ որևիցե հսկողություն չի կարողանալու իրականացնել։ Սա է՛լ ավելի վտանգներով է հղի, որովհետև չի բացառվում, որ եթե նման տարբերակ գործարկվի, ապա այդ «միջանցք» կոչվածը դառնալու է նաև թիրախ երրորդ երկրների համար, եթե նրանք զգան կամ համոզված լինեն, որ այդ միջանցքը օգտագործվում է իրենց դեմ պլանավորվող ինչ-որ գործողությունների համար բեռներ փոխադրելուն, դիցուք՝ Իրանի դեմ նոր պատերազմի սանձազերծման համար»։
Միջազգայնագետի խոսքով՝ դրանք խնդիրներ են, որոնք հայկական կողմը պետք է հաշվի առնի ու շարունակի գործել այն տրամաբանությամբ, որ Հայաստանը դեմ չէ հաղորդակցության ուղիների բացմանը, բայց դեմ է ոչ իր իրավասության տակ միջանցքի տրամադրմանը։




