
Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.-ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ապրիլի 7-ը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։
Այդ օրը հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին տեղեկացրել է, որ նա հղի է, և իր պտուղն Աստծո որդին է։
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որը նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը՝ գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունը, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. 1:38):
Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով նրան իբրև նոր կյանք պարգևող էակներ:




