ԿարևորՀասարակություն

Չլինի 3-րդ երեխա, չի լինի Հայաստանի բնակչություն․ բժիշկներն ահազանգում են

Եթե դուք չեք ունենում 3 երեխա, դա ոչ թե նշանակում է, որ դուք, պարզապես, չունեք 3 երեխա, այլ որ Հայաստանը ապագայում չի ունենա բնակչություն։ Գուցե ապոկալիպտիկ հնչող այս կանխատեսումը հիմնված է իրական հաշվարկների վրա։ Եթե ծնելիության այս տեմպերը պահպանվեն, մեզնից ոմանք գուցե տեսնեն այն օրը, երբ Հայաստանում ընդամենը 1.7 միլիոն մարդ կապրի։

Այս մասին հերթական ահազանգը հնչել է «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով կոնֆերանսում։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյան․

«Պարզ վերարտադրողության համար ամեն զույգ պետք է կարողանա վերարտադրել իրենից ավել, այսինքն՝ 2.1, 2.2 գործակիցը հասարակության մեջ պետք է ապահովի պարզ վերարտադրողությունը։ Այսօր այդ ցուցնիշը ՀՀ-ում 1.7 է։ Օրինակ՝ Իսրայելում համարյա 2.6 է։ Եվ մեզ համար այս կոչը, որ յուրաքանչյուր ընտանիք 3 և ավել բալիկ ունենա, այսօր ոչ միայն կարևոր է, այլև անհրաժեշտ»։

Ժողովրդագրության ցուցանիշի վրա երեք կարևոր գործոն է ազդում՝ ծնելիություն, մահացություն և միգրացիա։ Բժիշկների քննարկման հիմնական առարկան այսօր ծնելիության ցուցանիշը բարձրացնելն է։ Խնդիրն այն է, որ այժմ 63 տարեկանից բարձր անձինք ավելի շատ են, քան 5 տարեկանները․

«13 տոկոսով պակասել են ամուսնությունները և 40 տոկոսով ավելացել են ամուսնալուծությունները։ Եթե նախկինում 1-ին երեխայի ծննդաբերության տարիքը 22 տարեկանն էր, այս պահին 25, միջին տարիքը բարձրացել է 28։

Եթե այսպիսի տեմպերով շարունակվի, մենք մոտակա 10-20-30 տարվա կտրվածքով կունենանք միջին տարիքը 35»

Թվում է՝ մարդը պետք է որոշի՝ որն է համարում երեխա ունենալու օպտիմալ տարիք։ Սակայն բնությունը դա արդեն արել է։ Արմեն Մուրադյանի խոսքով՝ 25 տարեկանում բնական ճանապարհով հղիանալու հավանականությունը 25 տոկոս է, 30-ում՝ 20, 35-ում՝ 15 տոկոս և 40-ում՝ 5 տոկոսից նվազ։ Ստացվում է՝ որքան տարիքով մեծ է կինը, այնքան քիչ է երեխա ունենալու հավանականությունը։ Եվ խոսքը դեռ միայն առաջին երեխա ունենալու մասին է․

«48 միլիոն զույգ և 186 միլիոն անհատներ անպտղության խնդիր ունեն։ 15 տոկոս անպտղության ցուցանիշը ԱՀԿ–ն տագնապալի է համարում յուրաքանչյուր հասարակության համար, մեր երկրում 16.8, որից առաջնային կազմում է 5.4 տոկոսը, երկրորդայինը 11.4»։

Անպտղություն գրանցվում է այն դեպքում, երբ զույգը ցանկանում է, բայց 12 ամիս չի կարողանում երեխա ունենալ։ Խնդիր է նաև այն, որ սելեկտիվ աբորտների պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանում ավելի քիչ կին կա, որից կարելի է ավելի շատ երեխա ակնկալել․

«Եթե 90 թվականին ծնել է 80 000 երեխա, այս պահին 36 000։ Պատկերացրեք, որ մայրերի քանակությունը առաջիկա 20-30 տարիների ընթացքում այս երեխաների կեսն է, եթե հաշվենք նաև մահացություն, հաշմանդամություն, անպտղություն, միգրացիա, այդ մայրերի քանակությունը կտրուկ նվազելու է և մենք խիստ անհրաժեշտություն ունենք, որ պտղաբերության ցուցանիշը 2.1-ից, 2.2-ից ավելի բարձր լինի»։

Բժշկական համալսարանի կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հույս է հայտնում, որ բժշկական, գիտական ահազանգը կարող է սթափեցնել հասարակությանը, հիշեցնել, որ երեխա ունենալը անվտանգային, ազգապահպան տեսանկյունից ոչ թե ցանկություն է, այլ անհրաժեշտություն․

«Իհարկե, մենք պետք է փաստենք, որ առողջապահությունը ավելի համեստ դերակատարում ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում։ Մենք ավելի շատ կարող ենք մեր ներդրումն ունենալ մահացության կրճատման գործընթացներում, որոշակիորեն կարող ենք փոխել ծնելիության գործընթացները, բայց քանի որ ժողովրդագրական վիճակի վատթարացումն էապես ազդում է նաև առողջապահության համակարգի վրա, մենք չենք կարող անմասն մնալ դրանից և չենք կարող դրա մասին չխոսել»։

Զեկույցներում բժիշկները նշում են՝ որոշ չափով առաջընթաց նկատվում է։ Օրինակ, եթե 2015-ին 3-րդ երեխա ունենում էր ամեն 7-րդ ընտանիքը, ապա այժմ 3-րդ երեխա ծնվում է ամեն 3-րդ ընտանիքում։ Բայց բոլոր ոգևորող ցուցանիշների կողքին մեծ տառերով գրվում է «սակայն»։ Եվ այսպես՝ ամուսնալուծվածների 85 տոկոսը համատեղ կյանքի ընթացքում չի ունենում ոչ մի երեխա, 8 տոկոսը ունենում է 1 երեխա և միայն 7 տոկոս «նախկին» ընտնիքներում է ծնվում 2-3 երեխա։

Բժիշկների բոլոր դիտարկումներն ավարտվում են մեկ եզրահանգմամբ․ եթե դուք չեք ունենում 3-րդ երեխա, ապա, ամենայն հավանականությամբ, Հայաստանը ապագայում չի ունենա բնակչություն։

Կարդացեք նաև

Back to top button