
Կորյուն Բոբիկյանը գալիս է հայ մտավորականների ընտանիքից, հայրը հայտնի ճարտարապետ, մայրը՝ դաշնակահարուհի, որոնք իրենց երեք զավակներին ուղղորդել են դեպի ստեղծագործական դաշտ, և Կորյունը անցել է բոլոր ուսումնական աստիճաններով որպես ջութակահար՝ երաժշտական դպրոց, ապա՝ Կոնսերվատորիա:
Հայրը՝ Արարատ Բոբիկյանը, «Հայ» ռոք խմբի հիմնադիր և 90-ականների հայտնի «Համերգ մոմի լույսով» համերգների կազմակերպիչն էր, ուներ լայն շրջապատ, ճանաչում և շփում հայ ռոք երաժիշտների բոլոր սերունդների ներկայացուցիչների հետ, և բնական է, որ նրա զավակը նույնպես պետք է տարվեր այդ երաժշտությամբ:
Կորյունը վաղ հասակից սկսեց իր որոնումները ռոք երաժշտության բնագավառում՝ փորձելով ջութակ նվագել, ինչը բավականին անսովոր է ռոք երաժշտության համար: «Հարվածայինների վրա նվագելը շատ պատահական ստացվեց, մեր խմբի թմբկահարն այնքան վատն էր, որ ես մի անգամ պարզապես առաջարկեցի իրեն զիջել իր տեղը՝ որպեսզի ցույց տամ, թե ինչ է իրենից պահանջվում: Այդ պահից մինչ օրս նվագում եմ հարվածային գործիքների վրա»,-ասում է երաժիշտը:
Կորյունը նվագել և համագործակցել է այնպիսի քանակի ռոք խմբերի հետ, որ անդրադառնալով իր կատարողական կենսագրությանը՝ կարելի է երկու տասնամյակի հայաստանյան ռոք երաժշտության պատմությունը գրել: Նրա առաջին փորձերը «Քինգս քրոս» և «Ալտեր Էգո» խմբերում էին, որոնք փորձում էին սեփական երգեր ստեղծել և ավելի շատ ավանդական ռոքի ուղղությունն էին պաշտպանում:
2000-ականների սկզբից Հայաստանում սկսեց պրոգրեսիվ երաժշտության շարժումը, և նա հրավիրվեց «Օքսենհեմ» խմբի կողմից համագործակցության, որի անդամները բարձրագույն երաժշտական կրթություն ստացած երաժիշտներ էին:
Նույն ժամանակահատվածում սկսեց մեծ ճանաչում վայելել «Էմփիրեյ» խումբը, որին նույնպես անդամակցել է Կորյունը: Իմ հարցին, թե ինչպե՞ս է երաժիշտը համակերպվում իրարից շատ տարբեր ոճային ուղղություններ ներկայացնող խմբերին՝ նա պատասխանում է, որ հենց դա է իրեն առավել գրավում՝ փորձել ուժերը իրարից շատ տարբերվող երաժշտական ձևաչափերում:
Հատուկ նշանակություն է տալիս «Բյութիֆայդ փրոջեքթ» խմբում նվագելուն, քանի որ այդ խումբն առաջինն էր, որ փորձեց աշխատել արևմտյան ձևաչափերով՝ համակարգելով ոչ միայն երաժշտական, այլ նաև արտադրական և հանրահռչակման խնդիրները: Նույն շրջանի հայտնի խմբերից էր «Սթրայվ» խումբը, որը մինչ օրս գործում է Միացյալ նահանգներում, ուր նույնպես տեղափոխվեց Կորյուն Բոբիկյանը՝ բացելով իր երաժշտական կարիերայի ամերիկյան էջը:
Ընդհանուր առմամբ երաժիշտը նվագել է քսանից ավելի երաժշտական նախագծերում և այսօր էլ համագործակցում է «Իլեվն գրին» ալտերնատիվ ռոք խմբի հետ և դասավանդում հարվածային գործիքներ:
Հաղորդման ընթացքում հնչում են Կորյուն Բոբիկյանի մասնակցությամբ բազմաթիվ ռոք նախագծերի կատարումներ:




