
Հայկական «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմն արժանացել է Movies That Matter (Կարևոր ֆիլմեր) փառատոնի «Հանդիսատեսի մրցանակ»-ին, հայտնում են Ազգային կինոկենտրոնից։
Նույն փառատոնում ֆիլմը նոմինացված էր Camera Justitia (արդարության տեսախցիկ) մրցանակին և արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակման: Կինոփառատոնը Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված խոշոր միջոցառումներից է, որը տեղի է ունենում Խաղաղության և արդարության միջազգային քաղաք Հաագայում։
Ավրորայի առաքելությունը շարունակվում է. Երբեք չմոռանալ…
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական կազմին և մաղթում հաջողություններ:
Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:
Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: (Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն)։
Անցյալ ամիս «Ավրորայի լուսաբացը» արժանացավ Ժնևի Միջազգային կինոփառատոնի և Մարդու իրավունքների ֆորումի (FIFDH) գլխավոր մրցանակին:
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե Ծիրան» փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ արժանացել է «Արծաթե Ծիրան» մրցանակին։ «Ավրորայի լուսաբացը» Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
Սահակյանի կողմից նկարահանված հայկական, գերմանական և լիտվական համատեղ արտադրության անիմացիոն Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյան) պատմությունն է։
14-ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։
Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։
Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել։
Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս հանդիսատեսին տեսնել դաժան իրադարձությունների միջով անցած մարդու էությունը, այլև զգալ նրա ցավը, հիանալ նրա կամքի ուժով, տոկունությամբ, հավատով, դաժանության մեջ գեղեցիկը տեսնելու ու հիշելու նրա կարողությամբ:
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հիմնական նպատակն է խոսել Հայոց Ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, միևնույն ժամանակ ներկայացնել մեր ազգի պատմության ամենածանր ու ցավոտ թեման հաղթական տեսակետից:
Հայ կինոյի պատմության մեջ առաջին հայկական լիամետրաժ վավերագրական ֆիլմն է, որի պատմողական կառուցվածքը անիմացիան է:




