ԿարևորՔաղաքական

Չորսուկես ժամ՝ Արցախի անվտանգության, խաղաղության բովանդակության ու էսկալացիայի վտանգի մասին

4 ժամ 30 րոպե Հայաստանի վարչապետն այսօր պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ էսկալացիայի վտանգից ու խաղաղության պայմանագրի բովանդակությունից մինչև բանակցային գործընթաց ու միջազգային վստահելի ու անվստահելի գործընկերներ։ Թերևս առաջին անգամ վարչապետը դժգոհել է բանակցությունների բրյուսելյան հարթակից, կիսով չափ «գաղտնազերծել»  ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը և բացահայտել, թե ինչ պատասխաններ են ստանում «խաղաղության պայմանագրին» առնչվող հայկական առաջարկները Բաքվից։ 

Ոչ Բրյուսելում, ոչ Մոսկվայում և ոչ էլ որևէ այլ վայրում  այս պահին նախատեսված չէ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ Վարչապետը հերքում է այն պնդումը, թե հանդիպումների բրյուսելյան հարթակն ավելի արդյունավետ է։ Ասում է՝ պայմանավորվածությունները չեն իրականացվում, ավելին՝ 2022-ի սեպտեմբերի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի տարածք տեղի ունեցավ բրյուսելյան հանդիպումներից 13 օր անց։ Սա Փաշինյանը որակում  է բրյուսելյան հարթակի ֆունդամենտալ խնդիր և նշում, որ  որևէ հանդիպում ծրագրելուց առաջ Երևանը արդեն պահանջում է՝ կյանքի կոչել նախորդ պայմանավորվածությունները։

«Որովհետև, եթե 10-ից ավելի պայմանավորվածություններ կան ու դրանք չեն իրագործվում, ի՞նչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանք կատարել։ Մենք համաձայն ենք, և սկսենք երկաթուղուց, սկսենք գերիների ազատ արձակումից, սկսեց զորքերի հետքաշման պայմանավորվածությունից։ Մենք ունենք ակնհայտ փաստ․ ունեցել ենք Բրյուսելում ոչ այնքան արդյունավետ հանդիպումներ, չնայած պայմանավորվածություններ եղել են, բայց դրանց իրագործումը արդյունավետ չի եղել, իսկ Պրահայում քառակողմ ֆորմատով մենք ունեցել ենք թերևս ամենաարդյունավետ բանակցությունները, որոնք կոնկրետ արդյունքով են պսակվել»։

Խոսքը քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին է Հայաստանի սահմաններին, ինչի պատճառով էլ թերևս նշված ձևաչափն այժմ մերժում է Ադրբեջանը։ Հայաստանը համաձայն է այդ ձևաչափի ընդլայնմանը՝ որպես միջնորդ ակնկալելով Գերմանիայի կամ ԱՄՆ-ի մասնակցությունը։

Ձեռք բերված պայմանավորվածություններից հետո դրանց բովանդակային խեղաթյուրումը Ադրբեջանի կողմից և պաշտոնական Բաքվի խոսույթի փոփոխությունը ստիպում են Երևանին խոսել բանակցություններում միջազգային երաշխավորի մասին։ Այսինքն՝ ինչ-որ մեխանիզմ, որ կստիպի Ադրբեջանին կյանքի կոչել և չփոխել ձեռք բերված պայմանավորվածությունները և ենթադրյալ ստորագրվելիք փաստաթուղթը։ Ադրբեջանի հետ բանակցությունների պատկերը հետևյալն է՝ կա որոշակի առաջընթաց, բայց ըստ Փաշինյանի՝ ճիշտ է այն խոսույթը, որ եթե ինչ-որ հարցի շուրջ չես պայմանավորվել, ուրեմն ոչնչի շուրջ չես պայմանավորվել․  

 «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության և հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ հանդեպ տարածքային նկրտումներ ձևակերպել, ինչը «կարմիր գիծ» է մեզ համար։ Մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում ՀՀ ստորագրությամբ։ Դա նույնպես «կարմիր գիծ» է մեզ համար։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ, ըստ էության, նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք։ Ինչը նույնպես «կարմիր գիծ» է մեզ համար»։  

Վարչապետը խոստովանում է՝ «խաղաղության պայմանագրին» առնչվող այն առաջարկները, որոնք ուղարկվում են Ադրբեջան, գրեթե ջնջված հետ են վերադառնում։

«Խաղաղության պայմանագրի» նախագծում ինչ տեղ ունի արցախյան հիմնախնդիրը՝ պարզ չէ։ Հայաստանի վարչապետը չօգտագործեց «ինքնորոշման իրավունք» ձևակերպումը, անարդյունք էին նաև լրագրողների համառ ջանքերը։

«ՀՀ օրակարգում է ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը։ Այն, ինչ այս վերնագրի ներքո և այս շրջանակի մեջ չի տեղավորվում, այդ հարցի շահառուն ԼՂ ժողովուրդն է։ Ես ինչ եմ տեսնում, ինչ չեմ տեսնում էական չէ։ Էական է՝ ինչ է տեսնում ԼՂ ժողովուրդը»։

Այժմ ԼՂ ժողովուրդը Ադրբեջանից առաջարկ է ստացել՝ Բաքվում շարունակելու Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումները, որոնք այնտեղ սկսել են անվանել «վերաինտեգրացիոն» հարցերի շուրջ բանակցություններ։ Միջազգային երաշխավորի մասին պնդումներին վերադառնալով Փաշինյանը հարցնում է։  

«Այդտեղ էլ երաշխիքի խնդիր կա։ Գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ։ Այդ հարցի պատասխանը ո՞վ է տալու»։

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ճշտում է՝ այս փուլում Ստեփանակերտ-Բաքու քննարկումները հեռու են քաղաքական երկխոսությունից և որևէ քաղաքական հարց լուծելուց։

«Արցախը երբեք չէր փնտրում երկխոսություն։ Դա մի քիչ ճիշտ չէ։ Մենք ստիպված ենք Ադրբեջանի հետ շփվել՝ գազատարը վնասում են, էլեկտրամատակարարումը խափանում են, ճանապարհը փակում են, տարբեր-տարբեր հարցեր կան տեխնիկական։ Ստիպված շփումներ են, իրավիճակն է պարտադրում։ Երկրորդը՝ դրանք քաղաքական շփումներ չեն, քաղաքական երկխոսություն չէ։ Ընդհանրապես, երկխոսություն հասկացությունը մի քիչ այլ ձևաչափով պետք է նայենք։ Եթե մենք խոսում ենք քաղաքական բանակցությունների մասին, գոյություն ունի հաստատված ձևաչափ՝ 1994 թվականի Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովում»։  

Անկախ բանակցությունների ձևաչափից և մասնակիցներից՝ վարչապետ Փաշինյանն այժմ մեծ է համարում ռազմական էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։ Այդ հարցերին է նաև առնչվել հայկական կողմի նախաձեռնությամբ նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։

«Ես ուղղակի փոխանցել եմ իմ տեղեկատվությունը, իմ տպավորությունները, նաև ընդգծել եմ, որ խնդիրներ կան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։ Ինձ համար ամենակարևոր խնդիրը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց տեղի է ունեցել ԼՂ բնակիչների բողոքի ակցիա։ Եվ դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանություններից հետո։ Ես ուզում եմ ընդգծել, որ դա նույնպես տեղի է ունեցել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Սա մտահոգություն է։ Ես հարկ եմ համարել ՌԴ նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»։

Ինչ է ասել ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին, Փաշինյանը կոռեկտ չի համարում փոխանցել ամբողջ հեռախոսազրույցը, ցանկության դեպքում դա կարող է անել ռուսական կողմը։

Փաշինյանի օրվա ուղերձներից մեկն էլ այն էր, որ հայկական կողմը պետք է կարողանա միջազգային հանրությանը ապացուցելի դարձնել, որ այդ էսկալացիայի հեղինակը մենք չենք։ Բացի դրանից՝  հայկական կողմը շարունակում է պահանջել, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն։

Կարդացեք նաև

Back to top button