ԿարևորՀասարակություն

Բռնոյի Մասարիկի համալսարանում «Հայկական արվեստի և մշակույթի կաբինետ» է բացվել

Փետրվարի 23-ին Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունեցել «Հայկական արվեստի և մշակույթի կաբինետի» բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Մասարիկի համալսարանի պրոռեկտոր Ռադիմ Պոլչակը, Արվեստների ֆակուլտետի դեկան Իրենա Ռադովան, Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետտին, համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ, Բռնոյում բնակվող հայ երիտասարդներ:

Բացման խոսքով հանդես են եկել դեկան Իրենա Ռադովան, դեսպան Աշոտ Հովակիմյանն ու կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետտին: Ընդգծվել է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հայագիտական ուսումնասիրությունների խթանման, վտանգված հայկական մշակութային ժառանգության մասին տեղեկատվության տարածման, այդ համատեքստում համալսարանի հետ համագործակցության ընդլայնման և Հայկական կաբինետի հիմնադրման կարևորությունը:

Մասարիկի համալսարանի ներկայացուցիչները երախտագիտություն են հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և ՀՀ դեսպանությանը՝ ծրագրին աջակցելու համար: Մեկ այլ նախագծով աջակցություն կտրամադրվի ֆակուլտետի Դասական ուսումնասիրությունների բաժնին, որտեղ ԵՊՀ-ից հրավիրյալ դասախոսի կողմից կիրականացվեն դասախոսություններ Հայաստանի հնադարյան պատմության մասին:

Հանդիսավոր բացմանը, ցուցանակի տեղադրմանը և ժապավենի կտրմանը հետևել է ծրագրի իրագործման առաջին միջոցառումը՝ Իվան Ֆոլետտիի «Հազար ու մի եկեղեցիների պատմություն. միջնադարյան Հայաստանի թագավորության մայրաքաղաք Անի» խորագրով հանրային դասախոսությունը ու «Աշխարհների խաչմերուկներում՝ միջնադարյան Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը:

Կարդացեք նաև

Back to top button