ԿարևորՀասարակություն

Ամուլսարը կշահագործվի․ անհրաժեշտ բոլոր թույլտվությունները «Լիդիան Արմենիա»-ն ստացել է  

Հայաստանը 250 մլն դոլարի եռակողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որը տիրապետում է հանքի շահագործման լիցենզիային: Փաստաթուղթը ստորագրվել է Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա»-ի միջև։  Հայաստանը կստանա ընկերության բաժնետոմսերի12,5 տոկոսը։

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ միջոցները կուղղվեն շինարարական աշխատանքների ավարտին եւ տեխնիկայի ձեռքբերմանը: Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, ապա, ըստ նախարարի, կատարվել են բոլոր ուսումնասիրությունները, և ընկերությունը ստացել է անհրաժեշտ բոլոր թույլտվությունները դեռեւս ութ ամիս առաջ։

Ամուլսարը շահագործման ողջ ընթացքը ուղեկցվել է բնապահպանների ու տեղի բնակիչների բողոքի ակցիաներով ՝ անցնելով մի քանի շրջափուլեր։

 «Լիդիան» ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք ստացել է 2012-ին, հանքի շահագործումը սկսել   2016-ի օգոստոսին։ 2017-ին հայտնի է դարձել, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա 2018-ին։ Այս ժամանակ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտնել է, որ կապիտալ ներդրումները մինչև շինարարության ավարտը կկազմեն 370 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ հանքի շինարարության աշխատանքներում ներգրավված աշխատողների մեծ մասը կլինեն  Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները:

2018-ի մայիսին տարածքի բնակիչները փակել են Ամուլսար տանող ճանապարհը։ Բողոքի ակցիաները պարբերաբար Ջերմուկից Երևան են տեղափոխվել։

Շահագործե՞լ Ամուլսարը, թե՞ ոչ բանավեճը նոր փուլ է մտել Ընդերքի տեսչական մարմնի առաջարկով։ Վերջինը ենթադրում էր, որ պետք է  ուժը կորցրած ճանաչել բնապահպանության նախարարության փորձաքննական եզրակացությունը, այլ կերպ ասած՝ հանքավայրի շահագործման թույլտվությունը։ «Լիդիան Արմենիայի» դեմ քրեական գործ է հարուցվել, բայց քննչական խումբը տվյալներ ձեռք չի բերել շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին:

Լուսանկարը՝ արխիվային

2019-ին Ամուլսարի շահագործման ռիսկերը գնահատելու համար կառավարությունը միջազգային փորձագետների է հրավիրել: «Էլարդի» թիմն ի վերջո եզրակացրել է, որ ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար:

2020-ին վարչապետը հայտարարել է՝ եթե ռիսկերը չհաստատվեն, հանքը կշահագործվի։

2021-ին արդեն Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ հանքը շահագործելու մեծ հավանականություն կա։ Այս մոտեցումը ամրագրվել է կառավարության 2021-26 թթ ռազմավարության մեջ, որտեղ  Ամուլսարը դիտարկվում է որպես տնտեսության «փրկօղակ»։

«Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Լիդիան ընկերության, Եվրասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև, որով կողմերն իրենց նպատակադրումներն են հայտնում ներգրավել 150 միլիոն դոլար (այս պայմանագրից դուրս ևս 100 միլիոն դոլար ներդրվելու է),  Ամուլսարի վերագործարկման ուղղությամբ։ Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և տեխնիկա ձեռք բերելու համար»,-2023 թվական փետրվարի 22–ին հայտարարել է Վահան Քերոբյանը։

Ըստ նախարարի՝ կառավարությունը ստանալու է բաժնետոմսերի 12.5 տոկոսը և դրա դիմաց ոչինչ չի վճարելու։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ազդակիր համայնքները ամեն տարի 7 միլիոն դոլար աջակցություն են ստանալու «Լիդիան Արմենիայի» կողմից։

Կարդացեք նաև

Back to top button