ԿարևորՔաղաքական

Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը կարող է հանգեցնել անդառնալի հումանիտար հետևանքների․ Փաշինյան

Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց ավելի քան 70 օր Ադրբեջաի կողմից շրջափակած Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների ոտնահարման խնդրին։

«Միջանցքն արդեն 70 օր արգելափակված է, ինչը հանգեցրել է հումանիտար և էներգետիկ ճգնաժամի ԼՂ-ում, և գազամատակարարումը 10 անգամ դադարեցվել է անցած 70 օրերի ընթացքում»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի վերաբերյալ հստակ նշվում է, որ Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է ապահովել Լաչինի միջանցքի շահագործումը։

«Բայց իրականությունը բոլորովին այլ է»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ «ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի հումանիտար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի հայերի համար»։

Պանելային քննարկմանը մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակադարձեց Փաշինյանին՝ նշելով, թե Լաչինի միջանցքը փակ չէ։

Նա ասաց, որ պատրաստ են  բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ «ՌԴ քաղաքացի Վարդանյանը» (ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը-խմբ․) լքի Ղարաբաղը։

 «Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որ մաքսաննեգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից ԼՂ-ում ղեկավար դիրք զբաղացնելու համար: Ոչ ոք չգիտի ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, և ինչպես է նա փորձում հետ գնալ Երևան, այնտեղից՝ Մոսկվա, ապա՝ Երևան և հետո Ղարաբաղ: Սա ցույց է տալիս, որ չկա շրջափակում»,- ասաց Ալիևը:

ՀՀ վարչապետը, հակադարձելով Ադրբեջանի նախագահին, հայտարարեց, որ Ադրբեջանը ցանկանում է կրոնական կոնտեքստ հաղորդել հակամարտությանը։

«Ադրբեջանի նախագահը նշեց 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որում նշված է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի բաց՝ Ռուսաստանի վերահսկողության ներքո: Մի քանի երեխա փորձեց երթևեկել Լաչինի միջանցքով: Նրանց կանգնեցրին Ադրբեջանի դիմակավորված քաղաքացիներ, ներխուժեցին նրանց ավտոբուս, ինչից հետո երեխաները վախեցան, և դա վերջին անգամ էր, երբ խաղաղ բնակիչները փորձել են օգտվել ճանապարհից»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն անդրադարձել է նաև «կործանված մզկիթների մասին» Ալիևի հայտարարությանը. «2017 թ. Ադրբեջանում քանդվել են մզկիթներ՝ ճանապարհ կառուցելու համար: ԽՍՀՄ տարիներին հազարից ավելի մզկիթ է քանդվել: Հայաստանում ԽՍՀՄ տարիներին քանդվել են եկեղեցիներ, մզկիթներ: ԼՂ հայերը չպետք է վճարեն ԽՍՀՄ արարքների համար: Դա վտանգավոր խոսույթ է: Վախենամ՝ Ադրբեջանը ցանկանում է կրոնական կոնտեքստ հաղորդել հակամարտությանը: Նման կոնտեքստ չկա: Դրա ապացույցն է, որ մենք ունենք մահմեդական փոքրամասնություն, գործող մզկիթ»:

Կարդացեք նաև

Back to top button