
Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Անվտանգության 59-րդ համաժղովի երկրորդ օրվա աշխատանքները հատկապես հագեցած են Հայաստանի համար: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Օրվա ավարտին նախատեսվում է Հարավային Կովկասի անվտանգությանն առնչվող պանելային քննարկում, որին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարները և հանդես են գալու զեկույցներով:
Անվտանգության 59-րդ համաժողովի՝ Երևանի համար պահպանվող ինտրիգը հանգուցալուծվեց Երևանի ժամանակով 16.35-ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Մյունխենում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ և մասնակցությամբ:
Բովանդակության և արդյունքների մասին դեռ վաղ է խոսել: Փաստն այն է, որ ի հեճուկս պաշտոնական Մոսկվայի՝ արևմտյան միջնորդների գործուն ջանքների անարդյունավետության մասին հայտարարությունների, հերթական բարձրաստիճան եռակողմ հանդիպումը կազմակերպվեց հենց արևմտյան հարթակում: Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին 2022 թվականի հոկտեմբերին, Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, այժմ նախապատրաստվում է արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը:
Երկու հանդիպումների միջակայքում Երևանն ու Բաքուն ավարտել են «Խաղաղության պայմանագրին» առնչվող առաջարկների նամակագրության երրորդ փուլը: Այս նամակագրությունից իրական տեղաշարժ չի սպասում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը:
«Ես կարծում եմ, որ ի վերջո այս գործընթացը ձախողվելու է, որովհետև «Խաղաղության պայմանագրի» մասին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պատկերացումները չեն համընկնում, կան կետեր, որտեղ ընդհանրապես չեն հատվում երկու կողմերի դիրքորոշումները: Ադրբեջանը ուզում է, որ «Խաղաղության պայմանագիր» ստորագրվի և Հայաստանը ընդանրապես ձեռք քաշի Արցախից, չխառնվի Արցախի հարցին, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացվի և հարցը ընդանրապես փակվի: Հայկական կողմը պատրաստ է «Խաղաղության պայմանագիր» ստորագրել, բայց պայմանով, որ այդ պայմանագրում պետք է հստակ երաշխիքներ լինեն Արցախի մեր հայրենակիցների իրավունքների ու անվտանգության մեխանիզմների ներդրման հարցում: Այստեղ, բնականաբար, Ադրբեջանը կտրականապես դեմ է արտահայտվում և կարծում եմ, վերջնական առումով այս գործընթացը կտապալվի»:

Մյունխենում միջնորդներից նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է համաժողովի բացման իր ելույթում վստահեցրել.
«Շարունակելու են լինել Հայաստանի կողքին և գործել»:
Մակրոնն իր ելույթում կարճ անդրադարձ է արել ՀարավայինԿովկասում իրավիճակին՝ կասկած հայտնելով, իր իսկ ձևակերպմամբ, նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից Կովկասի մարտահրավերների արդյունավետ հաղթահարման հեռանկարի առնչությամբ: Ընդգծել է, որ դա ասում է իր ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որի կողքին կշարունակեն լինել և գործել:
Նախօրեին Մյունխենում Փաշինյանն ու Մակրոնը նաև կարճատև քննարկել են տարածաշրջանի անվտանգության և կայունության հարցերը: Ֆրանսիայի միջնորդությունն այն է, ինչ ցանկանում է Հայաստանը, քանի որ գործնականում տեսել է այդ միջնրդության արդյունքը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Վարդանյանը:
«Որովհետև ֆրանսիական կողմի ներկայությունն այս բանակցային գործընթացին ընդհանուր առմամբ Հայաստանի օգտին է: Օրինակ՝ նույն Պրահայում, եթե չլիներ Մակրոնը, ապա դիտորդներին Հայաստան ուղարկելու հարցն ընդանրապես լուծում չէր գտնի: Շարլ Միշելն այդպիսի էնտուզիազմով, խանդավառությամբ չէր լծվի այդ գաղափարին կամ, համենայնդեպս, չէր ունենա այդպիսի ծրագրեր: Ակնհայտ է, որ հենց Մակրոնի գործուն աջակցությամբ այս հարցը լուծում ստացավ: Դրա համար էլ Ադրբեջանի նախագահ Ալիևը կտրականապես դեմ է, որ Մակրոնը մասնակցի այդ հանդիպումներին»:
Ընդհանուր առմամբ Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր և ամենաքննադատված թեման աշխարհում Ռուսաստանի քաղաքականությունն էր: Այդ երկրից որևէ ներկայացուցիչ հրավիրված չէ համաժողովին: Արդյո՞ք այս պայմաններում Հայաստանի մասնակցությունն ու ակտիվ շփումներն ինչ-որ նշանակություն ունեն ապագա կողմնորոշման համար: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանը համոզված է, որ անկախ մյունխենյան հանդիպումներից՝ փոփոխության սկիզբը դրված է.
«Եթե առաջ մեզ ասում էին ընտրություն կատարեք՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք, մենք, ցավոք սրտի, այսօր ընտրություն չունենք: Եվ դա արվեց Ռուսաստանի ձեռամբ, դա մենք չենք արել: Ռուսաստանի քաղաքականությունը, ռուսական աշխարհաքաղաքական շահերը բերեցին սրան, այնպես, ինչպես դա հասկանում էին Ռուսաստանում: Սա օբյեկտիվ իրականություն է: Մեզ մնացել է միայն Արևմուտքը: Ես չգիտեմ՝ ինչով է վերջանալու, կարող է գնանք, էլի վատ լինի, բայց մենք այլընտրանք չունենք: Սա է իրականությունը: Այս իրականության հեղինակը Ռուսաստանն է: Նրանք ստեղծեցին իրավիճակ՝ մնալ ռուսական ազդեցության գոտում, մնալ չգործող անվտանգային ճարտարապետությունում մեզ համար մահաբեր է»:
Հայաստանի վարչապետը Մյունխենում մեկ տասնյակից ավելի հանդիպումներ է արդեն ունեցել: Առաջին իսկ հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ էր: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոնդեր Լայենի, Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի, Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ:
Արդեն հայտնի է, որ օրվա ավարտին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները կմասնակցեն Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով, որին մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը: Քննարկումը վարելու է Մյուխենի անվտանգության համաժողովի նախագահ, դեսպան Քրիստոֆ Հոյզգենը:







