ԿարևորՔաղաքական

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորը կարող է լինել միայն Մինսկի խումբը՝ կարծում են Արցախում

Նախօրեին ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով հայ–ադրբեջանական Խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ Հայաստանի մոտեցումների մասին, շեշտել է, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև քննարկումներ տեղի ունենան՝ անվտանգության ու իրավունքների շուրջ։ Արցախում կարծում են, որ ինչպիսի քննարկումներ ու փնտրտուք էլ լինեն, չպետք է հրաժարվել 1994 թվականին միջազգայնորեն ընդունված Մինսկի խմբի հարթակից։ Համոզված են, որ հենց այս հարթակում է տասնամյանկների քննարկումներով ձևավորվել այն ընկալումը , որ Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների երաշխավորումն անհնար է Ադրբեջանի կազմում։

Խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ հնարավորինս ամեն ինչ հստակ լինի, հայկական կողմը աշխատում է այդ հստակության վրա․ նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ասել էր, որ այդ պայմանագրում ԼՂ-ի մասին կետ է լինելու։

«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի  իրավունքների և անվտանգության շուրջ»։

Խոսելով երաշխավորի ինստիտուտի մասին՝ Գրիգորյանը նաև նշել էր, որ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որ այդ մեխանիզմը կայանա։  

Թե կոնկրետ միջազգային ինչ երաշխավորի ինստիտուտի ու մեխանիզմի մասին է խոսքը, Արցախում դժվարանում են հասկանալ։ Այստեղ, սակայն, համոզված են՝ անհրաժեշտություն է, որ ցանկացած նման մեխանիզմ հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վրա։   

ԱՀ նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ նոր հարթակների մասին քննարկումները զուտ տեսական են։ Բաբայանը շեշտում է՝ ակնհայտ է, թե Բաքուն ինչպիսի բանակցություններ է ուզում վարել, ինչը և Արցախում անընդունելի են համարում․

 «Մեզ համար, իհարկե, սա անընդունելի է։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք վերականգնել բանակցային գործընթացը, ընդհանրապես, տարբեր քննարկումները»։  

 «Պետք է կարողանանք ճիշտ աշխատանքի միջոցով ապացուցել և էլ ավելի համոզել միջազգային հանրությանը, որ եթե խոսքը գնում է անվտանգության ու իրավունքների ապահովման մասին, ապա չի կարող լինել որևէ նման երաշխիք՝ Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի գոյատևման համար։ Այս առումով տարվող աշխատանքը պետք է էլ ավելի կոորդինացվի։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հետ կապված առանձին կետին և դրա բովանդակությանը, ապա կարծում եմ, դա արդեն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսինն է դա լինելու»,– ասում է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Բաքվի վարած քաղաքականությունը՝ Արցախի ժողովրդի պատանդառման և կենսապահովման պայմաններից զրկելու տրամաբանությամբ, ավելի է սրելու վիճակը, և միջազգային հանրությունը ավելի լավ է հասկանալու ու համոզվելու, որ համակեցությունը պարզապես անհնար է և, որ Արցախի հայերը պարզապես չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում․

 «Իսկ 21-րդ դարում ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ նրա առանձին դերակատարները չեն կարող պարզապես Արցախում ապրող 120 հազար բնակչության առաջ լեգիտիմ որևէ պահանջ դնել՝ իրենց պատմական հայրենիքը լքելու առումով։ Ուստի, այստեղ անհրաժեշտություն է դառնում միջազգային հստակ մեխանիզմների մշակման և ներդրման միջոցով փորձել հասնել որոշակի հարցերի, այդ թվում՝ առաջին հերթին հենց անվտանգության և իրավունքների հետ կապված հարցերի լուծման»։

Ինչպիսի քննարկումներ ու փնտրտուքներ էլ լինեն՝ երբեք չպետք է հրաժարվել 1994 թվականին միջազգայնորեն ընդունված Մինսկի խմբի հարթակից՝ Դավիթ Բաբայանն է շեշտում։ Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է գոյություն ունեցող միջազգայնորեն հաստատված հարթակը և այդ ձևաչափն է եղել բոլոր քննարկումների հիմքը, որտեղ Արցախը ճանաչվում է և՛ որպես հակամարտության կողմ, և՛ որպես բանակցությունների կողմ, ասում է Արցախի Նախագահի խորհրդականը։ Նրա խոսքով՝ դա շատ կարևոր արձանագրում է, որը հուշում է, որ այդ ձևաչափից երբեք չպետք է հրաժարվել․

«Մնացած բոլոր ձևաչափերը կամ հանդիպումները, քննարկումները չպետք է սրա դեմ ուղղված լինեն՝ այս ձևաչափը, փաստորեն, ի չիք դարձնեն։ Զուգահեռաբար, խնդիր չկա, կարելի է մտածել տարբեր տիպի մեխանիզմների մասին, հիմնվելով, սակայն, առաջին հերթին հենց այդ ձևաչափի վրա, որովհետև դա ամենակարևոր քաղաքական և իրավական հիմքն է, որը թույլ է տալիս Ադրբեջանի և Արցախի միջև բանակցային գործընթացը և քննարկումները վերսկսել  ու շարունակել»։

Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը հիշեցնում է, որ թեև Մինսկի խումբը փաստացի չի գործում, համանախագահները տարբեր մակարդակներում կարևոր արձանագրումներ են արել․

 «Ադրբեջանը որքան էլ պնդի, որ ինքը ռազմական ճանապարհով արդեն իսկ լուծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա դրված խնդիրը, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը՝ ի դեմս Մինսկի խմբի, դեռևս ասում է, որ հակամարտությունը կարգավորված չէ և կա քաղաքական կարգավորման անհրաժեշտություն»։

Հակամարտության լուծված լինելու մասին Բաքվի պնդումներն էլ, քաղաքագետի համոզմամբ, ընդամենը հայտարարություններ են սեփական հանրության համար։   

Կարդացեք նաև

Back to top button