ԿարևորՀասարակություն

Վերդիկտ առանց պատժի․ Օհանյանն ու Չարչյանը կարող են խուսափել պատժից

Երկու օր խորհրդարանում գլխավոր դատախազը ներկայացնում էր կոնկրետ հանցանքներ՝ հիմնավորելու համար երկու պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությունները, որոնք Ազգային ժողովն արդեն բավարարել է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Դատախազի միջնորդությունից հետո, սակայն, մասնագիտական շրջանակներում այլ բանավեճ է  սկսվել։ Խոսքը «վաղեմության ժամկետի» պահանջի կիրառման մասին է։ Սեյրան Օհանյանի պաշտպանն, օրինակ, համոզված է, որ այդ հիմքով քրեական հետապնդում չի կարող իրականացվել։ Կան փաստաբաններ, որոնք  ավելի զգուշավոր են. վկայակոչում են «վաղեմության ժամկետի» կիրառման համար անհրաժեշտ հստակ չափորոշիչները։

Միլիոնների վատնում, յուրացումներ, խոշոր չափերի վնաս կամ դատաբժշկական կեղծ եզրակացություն․ այս ամենը կարող է պարզապես ԱԺ–ում հնչած  հայտարարություն և թվարկում դառնալ, եթե կիրառվի Քրեական օրենսգրքով սահմանված «վաղեմության ժամկետ» հասկացությունը։

Սրա վրա շեշտը դնում է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Նա արդեն հայտարարել է․  

«Վաղեմության ժամկետն անցել է, եւ ամեն դեպքում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Այն նախաձեռնությունը, որը թույլ տրվեց գլխավոր դատախազի կողմից այդ միջնորդագիրը ներկայացնելով, ինքնին ապօրինի է»:

Սեյրան Օհանյանը չի նախաձեռնել վաղեմության ժամկետի հետ կապված որեւէ քայլ, նա համարում է, որ դրա կարիքը չունեն ո՛չ ինքը, ո՛չ էլ Արմեն Չարչյանը։

«Մեր դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել։ Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, ապա այդ միջնորդությունները չէին լինի։ Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա»։  

Իսկ ինչ կլիներ, եթե Օհանյանն ու Չարչյանը ամեն դեպքում համաձայնեին և ստորագրեին այն միջնորդագրի տակ, որով «վաղեմության ժամկետի» հիմքով գործը կկարճվեր։ Այս հարցի իրավական պատասխանը խորհրդարանում արդեն ձևակերպել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նաև հստակեցրել է, թե արդյո՞ք «վաղեմության ժամկետի» հիմքն ինչ–որ չափով պատասխանատվությունից խուսափելու գործիք է, և արդյո՞ք «վաղեմության ժամկետ»–ի կիրառման դիմումը անձը կարող է գրել դատաքննության  ամբողջ ընթացքում։

«Քրեական դատավարության օրենսգիրքը այս դեպքում պահանջում է, որպեսզի վարույթն ընդհանուր կարգով շարունակվի և անձն, ըստ էության, զրկված չէ որևէ փուլում նման միջնորդություն ներկայացնելու իրավունքից։ Այս դեպքում կայացվում է վերդիկտ առանց պատժի նշանակման»։

Սա իմպերատիվ, այսինքն՝ կիրառման համար պարտադիր պահանջ է ոչ միայն այս, այլև՝ մյուս գործերի դեպքում։ Եթե այդ պահանջն ընդունվեր պատգամավորների կողմից, դատախազի միջնորդությունն ու երկօրյա քննարկումը ժամանակավրեպ կլինեին։

«Մենք վաղեմության ժամկետի կիրառման հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը չէինք հարուցի, բայց քննությունը կշարունակեինք արդեն այս փաստն ունենալով մեր գործի նյութերում այլ անձանց վերաբերյալ»։

Խորհրդարանական երկօրյա քննարկումներից հետո «վաղեմության ժամկետի» վերաբերյալ հարցեր ունի նաև  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես նկատեցի, ինձ էլ հետաքրքրեց, որ կան գործեր, որոնց «վաղեմության ժամկետը» անցել է։ Իհարկե, դա դե յուրե ինչ է նշանակում իրավաբանները կասեն, որովհետև ես հասկացա, որ գործնական առումով միշտ չէ, որ դա ինքնին նշանակում է, որ որևէ մեկը ուղղակի քրեական պատասխանատվությունից կարող է ազատվել։ Բայց, հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը, որովհետև քննությունները որոշ դեպքերում ուղղակի ձգձգվում են»։

Որ դեպքերում կարող է կիրառվել «վաղեմության ժամկետ»–ը՝ դրանով իսկ դառնալով նաև պատասխանատվությունից խուսափելու միջոց․ «Ռադիոլուր»–ը հարցը փորձեց ուղղել տարբեր փաստաբանների։ Դատական նիստերի միջակայքում զրուցեցինք Արայիկ Պապիկյանի հետ․

 «Քիչ առաջ Վերաքննիչ դատարանի միջանցքում գործընկերներիս հետ այդ թեմայով խոսում էինք։ Բավականին շատ նրբություններ ու մանրամասներ կան՝ դեպքի օր, հայտնի դառնալու օր, վարույթ նախաձեռնելու օր։ Բազմաթիվ կարգավորող ժամկետներ կան, որոնց եթե չես տիրապետում, հարցին պատասխանելը ոչ մասնագիտական մոտեցում է։ Հիմա ինչ էլ որ ասեմ, մոտավոր ենթադրություններ կլինեն»։

Ընդհանուր առմամբ փաստաբանական հանրությունն այս հարցում  խուսափում է մեկնաբանություններից՝ հստակ չնշելով, թե ինչպես կկիրառվի «վաղեմության ժամկետ»–ի իրավունքը։

Փաստ է, որ գլխավոր դատախազը խորհրդարան ներկայացրել էր միջնորդություն միայն քրեական գործ հարուցելու թույլտվություն ստանալու համար։ Պատգամավորների կալանավորման հարց օրակարգում չկա։ Եթե առաջանա, ապա դատախազը նորից պետք է նոր միջնորդությամբ խորհրդարան գա։    

Կարդացեք նաև

Back to top button