
Լաչինի միջանցքի հարցով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությունների շեշտադրումները փոխվել են, քանի որ մեծացել է միջազգային ճնշումը, համոզված են հայ քաղաքագետները։ Նրանք նաև շեշտում են, որ Բաքվին չի հաղոջվել Հայաստանից զիջումներ կորզել Լաչինի միջանցքը բացելու հարցում։ Իսկ թե ինչ են խոսել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ, դեռ պետք է պարզվի՝ ասում են։ Քաղաքագետները հնարավոր են համարում, որ այդ շփումները ավելի լայն ենթատեքստ ունեն, քան Լաչինի միջանցի բացումն է։
Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչներն օրերս հանդիպել են, և Լաչինի հարցը շուտով կկարգավորվի, հայտարարում է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։ Նա նաև որոշ տեղեկություններ է հաղորդում, նշում է, որ ադրբեջանական կողմը մեղադրում է հայկական կողմին իբր Լաչինի միջանցքով ականներ տեղափոխելու համար, որոնք մտադիր են տեղադրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը պետք է բաց լինի ապրանքների, քաղաքացիների ու տրանսպորտի համար։ Ադրբեջանական կողմը տեղեկություններ է ներկայացրել , որ հայկական կողմը Լաչինով ականներ է անցկացրել, որպեսզի ականապատի ադրբեջանական դիրքերի ուղղությունները։ Ռուսական կողմը ուսումնասիրում է հարցը։
Մենք այս հարցում շատ պարզ առաջարկ ենք արել, որ ռուսական կողմը զննի այն մեքենաները, որոնք կասկածելի են թվում։ Երկու օր առաջ ՌԴ խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ տեղի է ունեցել Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Կարծում եմ, շուտով հարցը կկարգավորվի»։
Քաղաքագետ Ռոբերտ ՂևոնդյանըՎիեննայում կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստից հետո ռուսական կողմի այս հայտարարությունն Ադրբեջանի ու Ռուսաստանի վրա մեծացող ճնշման արդյունք է համարում։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հասցեական հայտարարություն էր հնչեցրել, կոչ անելով Ռուսաստանին ու Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը;
«Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Ադրբեջանը հասկանում են, որ իրենց այդ գործողությունը սպասվող արդյունքը չունեցավ և Հայաստանին միջանցքը բացելու համար նոր զիջումներ պարտադրել չեն կարող, և այդ իմաստով այլևս անիմաստ է դարձել Լաչինի միջանցքը փակելը։ Մյուս կողմից բավականին մեծ միջազգային ճնշում կա, և ՀՀ շարունակում է աղմկել, ինչը կարող է ինչ-որ պահի բերել նրան, որ շատ ավելի մեծ ճնշում լինի Արևմուտքից և Բաքուն ստիպված կլինի բացել Լաչինի միջանցքը։ Ռուսաստանը հասկանալով սա, փորձում է Լաչինի միջանցքի հարցը իրեն վերագրել»։
Ի դեպ Մոսկվայի ու Բաքվի դեմ միջազգային հանրության հասցեական մեղադրանքներից հետո Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ Լավրովի շեշտադրումները հստակ են եղել։ Նա ընդգծել է Լաչինի միջանցքով լիարժեք երթևեկությունը շուտափույթ վերականգնելու անհրաժեշտությունը՝ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության չափանիշների։
Իսկ թե ինչ են խոսել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, դեռ կպարզվի, ասում է քաղաքագետը։ Հնարավոր է՝ այդ շփումները ավելի լայն ենթատեքստ ունեն, քան Լաչինի միջանցի բացումն է, բայց դա ապագայում պարզ կդառնա, նշում է Ռոբերտ Ղևոնդյանը։ Իսկ մեղադրանքը, թե իբր հայկական կողմը ականներ է տեղափոխել, հատուկ նպատակով էր արվել, կարծում է քաղաքագետը։ Դա, ըստ նրա՝ արվել է ադրբեջանական ապօրինություններն արդարացնելու համար․
«Սա մեծ հավանականությամբ կապված է գիշերը տեղի ունեցած դեպքի հետ։ Գիտեք, որ «էկոակտիվիստները» մտել են 19 երեխաներ տեղափոխող ավտոբուս ու նկարահանումներ են իրականացրել և հայկական կազմակերպությունները մեծ աղմուկ են բարձրացրել ու իրենց արածը ինչ-որ կերպ արդարացնելու համար առաջ են բերել իբր ականների պատմությունը»։
Լավրովը նաև հիշել է նախորդ տարվա վերջին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի ժամանակ փաստաթուղ է ներկայացվել հայկական կողմին, ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ։ Նա ասել է, որ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է։ Լավրովը հիշեցրել է նաև, որ հայկական կողմը հրաժարվել է այդ փաստաթուղթը ստորագրել, պահանջելով Ադրբեջանի դեմ հասցեական դատապարտող հայտարարություն ՀԱՊԿ կողմից։
«Թեեւ մենք դաշնակիցներ ենք, սակայն հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի ԵՄ քաղաքացիական առաքելությունը երկարաժամկետ տեղակայվի: Պետք չէ մոռանալ, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանին, և ԵՄ առաքելությունը կարող է ոչ արդյունավետ լինել՝ առանց Բաքվի համաձայնության»։
Քաղաքագետն այս առումով հստակեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից՝ իր ռազմավարական դաշնակցից ոչ թե առաքելություն է ակնկալում , այլ ռազմական ներկայություն, աջակցություն։ Իսկ Հայաստանի տարածքում միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներ կամ ԵՄ դիտորդներ տեղակայելու հարցում Բաքվի առարկության մասին Լավրովի ակնարկն, ըստ նրա անիմաստ է, քանի որ տեղակայումնը լինելու է հայկական կողմում։




