
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Կոտայքի մարզի Արզնի գյուղը մեր հանրապետության ամենախոշոր և հայտնի համայնքներից է։ 185 տարի առաջ հիմնված գյուղը նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա: Այստեղ բնակվում է 2703 մարդ։ Այստեղ բնակվում են հայեր, ասորիներ, եզդիներ, ռուսներ: Արդեն 22 տարի համայնքի ղեկավարն է Վենիամին Վենիամինովը, սկզբից որպես գյուղխորհրդի նախագահ, այնուհետև որպես գյուղապետ:
«Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ ուսումը իրականացվում է հայերեն և ռուսերեն լեզուներով, անցկացվում են նաև ասորերենի դասաժամեր»,- «Ռադիոլուրին» ասում է գյուղապետը։
Այստեղ գործում է նաև մանկապարտեզ: Կրթական օջախները ունեն բոլոր կոմունալ համարությունները, ջեռուցվում են: Բացի մատաղ սերնդի կրթության խնդրից՝ այստեղ լուծում են ստանում համայնքի փողոցների գիշերային լուսավորման, ասֆալտապատման և ջրամատակարարման հարցերը: Առաջնահերթ խնդիրներից գյուղապետը նշեց Մշակույթի տան պակասը:
Նախկինում Արզնին հայտնի էր որպես առողջարանային գոտի, որտեղ գործում էին 5 առողջարաններ: Գյուղն ունի նաև իր ամբուլատորիան: Բացի առողջականից՝ տեղացիների մի մասը այստեղ լուծում է նաև զբաղվածության խնդիրը:
Արզնիում կան մի քանի խոշոր վերամշակող ձեռնարկություններ, ինչը նույնպես գյուղացիներին ապահովում է աշխատատեղերով: Սրանով հանդերձ արզնեցիները զբաղվում են նաեւ գյուղատնտեսությամբ։
Բացի հանապազորյա հացից՝ Արզնիում բնակվող ասորիները չեն մոռանում իրենց ազգային ակունքները: Ըստ Վենիամին Վենիամինովի՝ համայնքում առկա խնդիրները աստիճանաբար ստանում են իրենց լուծումը: «Մոսկվան միանգամից չի կառուցվել»,- հիշեցրեց «Ռադիոլուրի» զրուցակիցը։
Վերջին 5 տարիներին Արզնիից արտագաղթը վերացել է, սակայն ինչպես ցանկացած համայնքում, արտագնա աշխատանքի մեկնողներ այստեղ էլ կան։




