ԿարևորՀասարակություն

ԱԳ նախարար Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ

Հոկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Ինչպես հայտնում են ԱԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի արտգործնախարարին խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և նշել, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել մարդասպան Սաֆարովի ազատ արձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և կազմակերպության այլ կառույցների կողմից միանշանակ արձագանքները:
Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի, Հազարամյակի զարգացման և կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոպենհագենի և Դուրբանի գագաթաժողովների լույսի ներքո կարևորել է մինչև 2015 թ. կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի կնքումը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի համընդհանուր պարբերական զեկույցի վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործընթացին: Բան Կի-մունը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Թողնել պատասխան

Back to top button