ԿարևորՀասարակություն

Ապրանքները պակասում են, գները մնում են անփոփոխ շրջափակում, օր 15-րդ

Արցախն աշխարհին ու Հայաստանին  կապող կյանքի ճանապարհը փակ է արդեն 15 օր։ Այս ընթացքում երկու անգամ  Արցախ մարդասիրական օգնություն է տեղափոխել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, հիմնականում՝ դեղորայք ու մանկական կեր։ Արդյոք նախատեսվու՞մ է առաջիկայում նույնպես սնունդ տեղափոխել Արցախ՝ Կարմիր Խաչից չեն մանրամասնում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների սղությունը ոչ միայն Ստեփանակերտում, այլև հանրապետության մյուս շրջաններում է նկատելի։ Չնայած դրան, խանութներում ապրանքների գները չեն փոխվել։ Սա արձանագրել են և՛ գնորդները, և՛ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գխավորությամբ անցկացված  օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Դեղորայք, մանկական կերեր, առողջապահական այլ ապրանքներ․ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն արդեն երկու անգամ մարդասիրական օգնություն է տեղափոխել Արցախ։ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրեր ղեկավար Զառա Ամատունին մանրամասնում է՝ առաջինը դեկտեմբերի 24–ին էր, երբ  Կարմիր Խաչի մեքենայով Երևան էր տեղափոխվել 4 ամսական հիվանդ երեխան։ Հետադարձին այդ նույն մեքենայով դեղորայք էր տեղափոխել Արցախ։

«Դեկտեմբերի 25–ին բեռնատար մեքենայով Հայաստանից 10 տոննա մարդասիրական օգնություն է  Լաչինի մջանցքով տեղափոխվել Արցախ՝ տեղում առողջապահական հաստատություններին փոխանցելու համար»։

Զառա Ամատունին հիշեցնում է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակն է, որ Արցախում գրասենյակ ունի։ Իրենք տեղեկությունները ստանում են առաջին ձեռքից։ Սակայն նա շեշտում է, որ թեև Կարմիր Խաչը պատրասակամ է առաջնային մարդասիրական հարցերում աջակցություն ցուցաբերել, սեփական նախաձեռնությամբ սնունդ կամ այլ պարագաներ փոխանցել չի կարող․

«Մենք նախաձեռնել ենք ու նորից դիմել ենք՝ ասելով, որ մենք այստեղ ենք ու կարող ենք աջակցել։ Իսկ արդեն՝ ինչ է պետք, ինչ ծավալի օգնություն է պետք, այս ամենը որոշում են համապատասխան կառույցները։ Մենք փորձում ենք առաջնային կարիքներում մեր դերը ունենալ, որպեսզի դրանք բավարավեն որոշակի չափով»։

Թե ինչ է քննարկվում այս պահին, արդյոք նախատեսվու՞մ է առաջիկայում ևս սնունդ տեղափոխել Արցախ, հստակ չէ։ Բայց հստակ է, որ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների սղությունը ոչ միյան Ստեփանակերտում, այլև հանրապետության մյուս շրջաններում է նկատելի։ Օրինակ՝ Արցախի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժներից պարզ է դառնում , որ պարենի խնդիրը սրվում է նաև Ասկերանում

«Ամենակարևորը՝ կարտոֆիլ չունենք, գազար, կաղամբ չունենք։ Միրգ՝ նույնպես։ Չունենք կրուպեղեն ընդհանրապես։ Ամեն ինչ էլ ունեինք, բայց հիմա չունենք՝ պեսոկ, ձեթ, գրեչկա։ Ոչ մի բան չունենք»։

Չնայած ապրանքների սղությանը, գնային փոփոխություններ չեն նկատել ո՛չ գնորդները, ո՛չ էլ  Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը։ Ստեփանակերտում ապրանքների գների վերաբերյալ դիտարկումներ են անցկացրել 22 առևտրային օբյեկտներում: Ավելի մատչելի որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ալյուրի, մակարոնեղենի և բրնձի բացակայութամբ պայմանավորված, դիտարկումների ժամանակ ֆիքսվել են որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ համապատասխան իրացման գներով: Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից  տեղեկացնում են , որ սննդամթերքի վաճառքով զբաղվող ձեռնարկությունները հաճարաձավար կարող են ձեռք բերել նաև Մարտունի քաղաքի պահեստից` իրենց հետ ունենալով ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը։ Հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ տնտեսվարողներին տրամադրում են Արցախում արտադրված հացահատիկը։  

«Տնտեսվարողները դիմում են ու ստանում են։ Փորձում ենք այլ ապրանքներ էլ առաջարկել՝ ժամանակի ընթացքում։ Օրինակ՝ ոլոռ, հնդկացորեն կմաքրենք կտանք, նաև՝ ոսպ»։

Արցախի օպերատիվ շտաբում խորհրդակցության ժամանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ արդեն խնդիրներ են առաջացել տնտեսական ոլորտում: Մի շարք ձեռնարկություններ ստիպված են եղել դադարեցնել գործունեությունը։ Իսկ դա, ըստ պետնախարարի՝ լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով: Վարդանյանը հանձնարարել է վերլուծել իրավիճակը և դրա հետևանքների հնարավոր մեղման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաների ընթացիկ վիճակը, ներկայացվել են խնդիրները: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաև համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններիը:

Փակ միջանցքը անհապաղ բացելու պահանջով տարբեր միջոցառումներ ու ֆլեշմոբեր են  անցկացվում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում։ Դրանցից մեկը անցկացվել է Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, ավելի քան 700 կարատեիստի մասնակցությամբ։ Մի խումբ ակտիվիստներ էլ Հանրապետության հրապարակից ավտոերթով շարժվել են դեպի Լաչինի միջանցք: Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում էլ, հաջակցություն Արցախի, կկայանա բողոքի ակցիա՝ ընդդեմ արցախահայությանը սպառնացող աղետի։

Կարդացեք նաև

Back to top button