
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ներկայիս ձևաչափը նպաստում է, որպեսզի զինադադարը չվերածվի ռազմական գործողությունների»,- ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի կարծիքն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին է փոխանցել Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հիշեցնենք, որ օրերս Փարիզում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտքին գործերի նախարարների հանդիպումը:
«Ընդհանուր առմամբ, տեղական ու միջազգային կառույցները չեն ցանկանում, որպեսզի վերսկսվեն ռազմական գործողությունները»,- հայտարարել է Շավարշ Քոչարյանը:
«Ժամանակը չէ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փոխի դիրքորոշումն ու ստիպի, որ կողմերը հասցեական հայտարարություններ անեն»,- հարցին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է.
«Իրականում միջնորդը որպես կանոն կողմերից մեկին չի անվանում, բայց բոլորի համար ակնհայտ է ում մասին է խոսքը: Օրինակ՝ եթե երեք նախագահները հայտարարում են, որ անընդունելի են ռազմական գործողությունները, որ պատերազմի վերսկսումը, կբերի նոր ավերածությունների, նոր զոհերի, ակնհայտ է՝ ում է դա ուղղված: Այդ տեսանկյունից միջնորդներից պահանջել, որ իրենք հստակ նշեն, նրանք անուղղակի են նշում: Բայց ես ձեզ հետ մի հարցում համաձայն եմ, որ եթե դա միջնորդը չի կարող անել, ապա միջազգային կառույցները դա պարտավոր են անել: Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք, հուսով եմ, որ վերջիվերջո միջազգային կառույցները շատ ավելի հստակ և հասցեագրված կխոսեն նմանատիպ իրավիճակների մասին»:




