
2023 թվականից Հայաստանում կմեկնարկի առողջապահության համընդհանուր ապահովագրության նախապատրաստական փուլը։ Հայեցակարգի վերջնական տարբերակ, սակայն, դեռ պատրաստ չէ ։ 2023 թ. ապահովագրության համակարգին նախատեսվում է հատկացնել 134 մլրդ դրամ: Առաջին փուլով` 2024 թ. տեղի կունենա շահառուների թվի համահարթեցում: Ներկա դրությամբ պետպատվերի շահառուների թիվը կազմում է շուրջ 1 մլն 300 հազար:
Ապահովագրության համար լինելու է ֆիքսված ապահովագրավճար, որի մի մասը կսուբսիդավորի պետությունը: Ապահովագրավճարի չափը կախված կլինի շահառուի եկամուտների չափից: Ապահովագրության փաթեթով կսպասարկվեն սիրտանոթային, ուռուցքաբանական, շաքարային դիաբետ և այլ հիվանդություններ ունեցող անձինք: Փաթեթի մեջ չեն մտնում ատամնաբուժական, պլաստիկ վիրաբուժական և մի քանի այլ ծառայություններ: Ապահովագրության հիմնական փաթեթին կից կլինեն նաև այլ փաթեթներ, որոնք կսպասարկվեն մասնավոր հիմնադրամների միջոցով: 2025 թ. պետությունը կապահովագրի թոշակառուներին: Հայեցակարգը մինչև տարեվերջ կներկայացվի կառավարություն։
Պարտադիր ապահովագրական համակարգը կներդրվի փուլերով: Համակարգի ներդրումով Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիների համար բուժծառայությունների մեծ մասը անվճար կդառնա։ Բացի այդ՝ անվճար կտրամադրվեն նաև մի շարք դեղեր։ Թեև կան սահմանված հիվանդությունների ցանկեր և մարդկանց խմբեր, որոնց համար պետությունը հոգում է բժշկական անվճար սպասարկումը, մարդկանց մի մեծ խումբ դուրս է մնում անվճար օգնություն ստացողների ցանկից։ Մյուս կողմից էլ, ըստ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ինչքան էլ որոշ բժշկական ծառայություններ հասանելի են, հաճախ մարդիկ չեն դիմում բժշկի, քանի որ դրանից հետո ստիպված պետք է դեղեր գնեն, լաբորատոր ախտորոշում անեն, բուժումը շարունակեն և այն։ Փոխնախարարը վստահ է, որ համակարգի ներդրումից Հայաստանի բնակչությունը միայն կշահի։
«Մեր բնակչության մեծամասնությունը չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից այն ժամանակ, երբ դրա կարիքն ունի և շատ հաճախ հետաձգելով, ավելի բարդացած վիճակով են ընդունվում ԲԿ։ Եվ ֆինանսական պաշտպանվածությունը մեր քաղաքացիների բարձրացնելու համար փորձում ենք այս հայեցակարգով լուծել այդ խնդիրը։ Մեր նպատակն է բնակիչներին ավելի հասանելի առողջապահություն տրամադրել»։
2023 թվականին մեկնարկելու է նախապատրաստական փուլը , որի ընթացքում պետք է հստակեցվեն մարդկանց խմբերը, պետության կողմից համաֆինանսավորման չափերը՝ ըստ այդ խմբերի։
Նաև պետք է մշակվեն այն մեխանիզմները, որոնց միջոցով պետք է գումարները հավաքագրվեն, իրականացվեն հատուցումները՝ ծառայությունների միջոցով։
«Բավականին լավ փաթեթ ենք ձևավորել, որը մեր հիվանդացության բեռի մոտ 95 տոկոսը փակում է, հիմնականում վիրահատույթունները։ Առաջնային օղակում դեղորայքի մի մեծ փաթեթ ենք առաջարկելու։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ չնայած առաջնային օղակն անվճար է, մարդիկ չեն այցելում նաև այն պատճառով, որ հետագա բուժումը ֆինանսական բեռ չառաջացնի։ Փաթեթը միատեսակ է լինելու բոլոր խմբերի համար»։
Քննարկվել է նաև աշխատող և չաշխատող քաղաքացիների պարտադիր ապահովագրության կարգը։ Քաղաքացիների այս խումբը որոշակի սուբսիդավորում կստանա պետությունից, ասում է փոխնախարարը։ Իսկ սոցիալական խմբերն ամբողջությամբ պետության հոգածության տակ կլինեն։
«Հաշմանդամները, թոշակառուները, սոցիալական խմբի, փարոսի ներկայացուցիչները։ Բայց ամբողջ համակարգը կնեդրվի փուլերով՝ մի քանի տարվա ընթացքում՝ մինչև 2027 թվականը»։
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հույս է հայտնում, որ մարդկանց մոտ վերջապես առողջությանը հետևելու մշակույթ կձևավորվի․
«Մեր հասարակության շրջանում առողջության համար վճարումները շատ ծանր ազդեցություն են ունենում և դրա մասին են վկայում փաստերը։ Փետրվարին հետազոտություն պատվիրվեց, որը ապացուցեց, որ մեր քաղաքացիները ¼- ը առողղջապահական ծախսերը վճարելու պատճառով հայտնվում է շատ ծանր սոցիալական վիճակում։ Թե ինչքանով է պատրաստ մեր հասարակությունը, այստեղ մենք խնդիրներ ունենք։ Նույն հետազոտության արդյունքներով ՝ մեր հասարակության 70 տոկոսը լավ չի պատկերացնում՝ ինչի համար է սա անհրաժեշտ։ Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ սա ոչ թե իրենցից լրացուցիչ գումար պոկելու միջոց է, այլ հնարավորություն է օգնելու խուսափելու առողջապահական ծախսերի հետևանքով առաջացած խնդիրներից»։
Այս բարեփոխման շնորհիվ մարդիկ առաջին հերթին կկարողանան անարգել դիմել բժշկի, ֆինանսական խնդիրներն այլևս խոչընդոտ չեն լինի, հավաստիացնում է զրուցակիցս։ Եվրոպական երկրներում այս մշակույթը տարիների պատմություն ունի, և մարդիկ գոհ են առողջապահության ապահովագրումից։ Բայց մյուս կողմից էլ նույն եվրոպական երկրներում բնակչությունը այնքան ապահովված է, որ ապահովագրության համար լրացուցիչ գումար ներդնելը իրենց դրամապանակի վրա չի ազդում, ինչը չի կարելի ասել Հայաստանի քաղաքացիների մասին։
Դավիթ Մելիք-Նուբարյանը գտնում է, որ այս գործընթացին պետք է ներգրավել նաև գործատուներին, քանի որ աշխատակիցը նրա համար եկամուտ է գեներացնում։ Գործատուն էլ իր հերթին պետք է շահագրգռված լինի , որ իր աշխատողները առոջղ լինեն։ Այդ առաջարկն արդեն ներակայացվել է նախարարության քննարկմանը։




