
ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքի նախակրթարան, որն ամիսներ առաջ է շահագործվել: Այն կառուցվել է պետական բյուջեից հատկացված դրամաշնորհով: Նախակրթարան է հաճախում 9 երեխա: Եզդիաբնակ համայնքում նախադպրոցական կրթությունը հատկապես կարևոր է նախապատրաստված ու հայերենի իմացությամբ դպրոց հաճախելու համար, քանի որ երեխաները շփվում են միայն մարենի լեզվով:
Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքում երբևէ մանկապարտեզ կամ նախակրթարան չի եղել: Երեխաները դպրոց են հաճախել՝ առանց նախադպրոցական կրթություն ստանալու: Ուսուցիչների ու երեխաների համար խնդիր է եղել նաև հայերենը, քանի որ եզդիական բնակավայրում շփումը հիմնականում մայրենի լեզվով է: Ֆերիկ համայնքի բնակիչ Զոհրապ Շառոյան.

«Մինչև նախակրթարան հաճախելը շատ դժվար էր երեխաների համար: Նրանք հաճախում էին դպրոց՝ հայերեն չիմանալով: Հիմա նորմալ է, երեխաները տիրապետում են հայերենին, կարողանում են գիտելիքներ ձեռք բերել: Երբ հաճախեն դպրոց, արդեն հայերեն կխոսեն, կհասկանան»:

Ֆերիկում ապրում է շուրջ 400 մարդ: Գյուղում մանկապարտեզահասակ երեխաների թիվը փոքր է, մանկապարտեզ կառուցելու հավանականությունը՝ քիչ: Այս իրավիճակում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր մոտեցում է ցուցաբերել՝ առաջարկելով հիմնել այլընտրանաքային նախադպրոցական ծառայություններ: Հանրապետությունում ավելի քան 250 բնակավայրերում նախադպրոցական հաստատություններ չկան: ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյան.
«Նախորդ տարի առաջին անգամ սկսեցինք իրականացնել մի նոր ծրագիր, որով պետական բյուջեից դրամաշնորհ ենք տալիս՝ նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձևավորելու համար: Ֆերիկը 10 բնակավայրերից մեկն էր, որ դիմեց և ստացավ դրամաշնորհ: Այսօր այստեղ արդեն մենք ունենք նախադպրոցական ծառայություններ, որտեղ ընդգրկված են 4-5 տարեկան երեխաները»:

Վաղ տարիքային խմբերի երեխաների զարգացման նպատակով այս ուսումնական տարվա սկզբից Ֆերիկի հիմնական դպրոցի մի հատվածում նախակրթարան է բացվել: Ծախսը հոգացել է կառավարությունը՝ պետական բյուջեից տրամադրելով 7մլն 800 հազար դրամ դրամաշնորհ: Նախակրթարանն ունի անհրաժեշտ գույք, որը մասամբ հոգացել է բարերարը, ասում՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Դեռևս անցյալ տարի դպրոցի տարածքում նախակրթարան կառուցվեց և այս պահին այստեղ են հաճախում թվով 9 երեխաներ, որոնց թիվը, ըստ համանքի ներկայացուցիչների, աճելու միտում ունի: Գույքը մասամբ ձեռք է բերվել պետական բյուջեի ծախսերով, մասամբ՝ բարերարներն են օգնել: Նրանք պարբերաբար համայնքում իրականացվող տարբեր ծրագրերին, տարբեր խնդիրների կարգավորմանն իրենց աջակցությունն են ցուցաբերում: Առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում»:
Նախակրթարանում այսօրվա դասի թեման աշունն էր՝ իր գույներով ու մրգերով: Դաստիարակչուհի Մանիկ Հարությունյանը հարևան գյուղից է հասնում Ֆերիկ։
«Հիմա ես մրգերի մասին եմ խոսելու, հանելուկներով գուշակելու ենք, թե ինչ մրգերն են և նկարներով ցույց կտան: (դիմում է երեխաների՝ հանելուկ կասեմ, քարտը ցույց կտամ, կգուշակեք,կգաք միգը կվերցնեք) »:

Դաստիարակչուհին ասում է՝ մինչև դասերին անցնելը նախ մարմնամարզություն են անում.
Մանիկ Հարությունյան. «Երեխամերը գալիս են, փոխվում, հետո նստում իրենց տեղերը, մինչև 9:30, ինչպես նախատեսված է նախադպրոցական ծրագրով, հետո նախաճաշում են, խաղում, ապա նկարչություն ենք անում, ծեփակերտում, թղթերով ապլիկացիաներ ենք անում: Երեխամերը շատ են սիրում պլաստիլինով աշխատել, ջրաներկով ու վրձնով նկարել»:
Ժաննա Անդրեասյան. «Կարծում եմ, որ հետո գան դպրոց, շատ ավելի պատրաստված կլինեն»:
Նախակրթարանն ունի մեկ դահլիճ, մեկ խմբասենյակ, ջրամատակարարում և վերանորոգված սանհանգույց: Շենքն առայժմ ջեռուցվում է էլեկտրական տաքացուցիչներով: Դպրոցի տնօրեն Նարինե Ֆարֆարյանի խոսքով՝ շուտով լոկալ ջեռուցում կունենան. համայնքը գազիֆիկացված է։

«Մինչև հիմա դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սարքավորումներով: Հիմա ջեռուցման ծրագիրն ընթացքի մեջ է, երկուշաբթի օրը նախատեսված է մրցույթ անցկացնել, և շուտուվ կջեռուցենք գազով»:
Նախակրթարանը Ֆերիկ համայնքի ավագանու որոշմամբ անվանակոչվել է եզդի բարերար Միրզա Սլոյանի անվամբ: ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը կարևորում է ազգային փոքրամասնություն ունեցող համայնքներում նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը: Հիշեցնում է, որ կառավարության առաջնահերթություններից մեկը բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելն է:




