
Բնակարանով ապահովում, կորցրած գույքի փոխհատուցում, աշխատանքային խնդիրներ․ 44–օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախցիներին հուզող հարցերը շատ են։ Բնակարանի ձեռքբերման համար նրանց մինչև 10 մլն դրամ արժողությամբ հավաստագրեր են տրամադրվում։ Այս պահին ծրագրի շահառու է 3200 ընտանիք։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ընտանիքները այս պահին կորցրած գույքի վնասի փոխհատուցում են ստանում Արցախի կառավարությունից։ Կորցրած գույքի փոխհատուցման հայցով Հայաստանը դիմել է նաև ՄԻԵԴ։ Փոխհատուցման պահանջն այս դեպքում Ադրբեջանից է։
Վլադիմիր Ստեփանյանը ծնվել է Հադրութում։ Նա չի էլ պատկերացնում, որ հնարավոր էր այլ վայրում ծնվել։ 44–օրյա պատերազմից երկու տարի անց էլ թարմ են ծննդավայրի հետ կապված հիշողությունները։

«Մեզ ասացին, որ երկու օրով ենք դուրս գալիս, մի շորով ենք եկել։ Մեզ ասացին, որ Հադրութի գյուղեր են տանում, թողեցինք տուն ու տեղ։ Մեզ բերեցին, թողեցին Սիսիանում, ասացին, թե մնացեք մի քանի օր։ Էլ ինչ մի քանի օր, Հադրութն արդեն չկար»։
Ստեփանյանների ընտանիքը Հադրութում թողել է ողջ ունեցվածքը՝ եռահարկ առանձնատուն, բիզնես․․․ Այժմ Երևանում բարձրահարկ շենքերից մեկի մի բնակարանում 8 հոգով վարձով են ապրում։ Ընտանիքի կանայք ու երեխաները սեպտեմբերի 27-ին են դուրս եկել Հադրութից, տղամարդիկ առաջնագիծ էին մեկնել։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վնասված տունը 2004 -ին էին կարողացել նորոգել․ Վլադիմիր Ստեփանյանի որդու՝ Արթուրի ձեռքին կորցրած գույքը հավաստող փաստաթղթերն են
«Սեփական տան վկայականն է, 443․5 քառակուսի մետր բնակելի տարածք ունեի։ Եռահարկ կարող ենք ասել, քանի որ ապաստարանի նման մի բան էլ ունեինք։ Տան արժեքը, եթե պետական գնով գնահատենք, կազմում է 100 մլն դրամ» ։
Ստեփանյանների ընտանիքը անասնապահությամբ էր զբաղվում։ 180 քմ անասնագոմով ֆերմա են ունեցել։ 1 մլն 200 հազար դրամով էլ ինկուբատոր էին գնել, որ թռչնաբուծությամբ զբաղվեն․
«6 գլուխ խոշոր եղջերավոր ունեինք, 22 գլուխ մանր եղջերավոր ունեինք, 6 գլուխ էլ խոզ ունեինք։ 2020 թվականին առաջին անգամ նաև ինկուբատոր էինք դրել․ 2000 հատ ճուտ էինք արտադրել, վաճառել։ Նորմալ էր, եկամտաբեր գործ էր»։
2020 -ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով, Արցախից բռնի տեղահանվեց շուրջ 40 հազար մարդ կամ 10 հազար ընտանիք։ Այդ պահին դա Արցախի Հանրապետության բնակչության 27 տոկոսն էր։ Հայաստանի միգրացիոն ծառայությունն իր տվյալներն ունի՝ պատերազմից հետո ՀՀ–ում հաշվառվել է ավելի քան 91 հազար տեղահանված արցախցի, 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ։ Արցախի օպերատիվ շտաբի տվյալներով՝ նրանց 70 տոկոսից ավելին վերադարձել է։ՀՀ-ում օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ներկայացնում է, թե Արցախից բռնի տեղահանվածները որ մարզերում են բնակվում։ Ըստ վիճակագրության՝ նրանց 26․6 տոկոսը Երևանում է։
«Առաջին տեղում Երևանն է։ Երկրորդ տեղում՝ Սյունիքը, երրորդում՝ Արարատի մարզն է,ապա Կոտայքը, Արմավիրի մարզը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Լոռին, Շիրակը, Արագածոտնը։ Ամենափոքր արցախյան համայնքը Տավուշում է»։
Ընդհանուր առմամբ բռնի տեղահանվածների խնդիրները կարելի է բաժանել մի քանի մասի՝ նախ կորցրած գույքի փոխհատուցում, հետո՝ բնակարանով ապահովում, աշխատելու հնարավորություն։ Ընդհանրապես, արցախիցներին տրամադրվող աջակցության տրամաբանությունը փոխվել է։ Սկզբնական շրջանում բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրում էին 300 հազարական դրամ միանվագ գումար, բնակվարձի փոխհատուցում։ Հյուրընկալող ընտանիքներին նույնպես գումար էր տրամադրվում։ Այժմ՝ բնակարանի ձեռքբերման հավաստագրեր են տրամադրվում՝ 8 մլն դրամ՝ մինչև 8 տոկոս տոկոսագումարի գծով, եթե ձեռքբերվող գույքը Երևանում է։ ՀՀ մարզերում բնակարան ձեռքբերելիս՝ 10 մլն դրամ՝ 10 տոկոս տոկոսագումարի գծով, իսկ եթե Արցախում, ապա մինչև 12 մլն դրամ մայր գումար՝ 12 տոկոս տոկոսագումարի գծով։ Բնակարանն արդեն քաղաքացին է ընտրում։ Եթե կլինի նշված սահմանաչափում, այսինքն՝ եթե Արցախում գտնի տուն, որը կլինի 12 մլն դրամ, ապա ամբողջը պետության կողմից կֆինանսավորվի, իսկ եթե 12 մլն դրամից ավել կարժենա , ապա արդեն քաղաքացին ինքը պետք է գումարն ավելացնի։ ՀՀ–ում Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը հստակեցնում է՝ 3200 ընտանիք այս պահին շահառու է համարվում ՝
«2231 ընտանիք՝ 2207 բնակչի սերտեֆիկատ է տրամադրվել»։
ԿԲ ներկայացուցիչ Արթուր Ստեփանյանը հստակեցնում է՝ ֆինանսական համակարգն այս պահին աջակցում է և արցախցիներին, և կառավարությանը։ Սա՝ ի պատասխան տեղահանվածների՝ առաջարկվող պայմանների դժգոհություններին․
«11–12 ֆինանսական կառույց է ներգրավված, որպեսզի Արցախից տեղահանված բնակիչների բնակարանային խնդիրները իրականացվեն»։
Բռնի տեղահանված ընտանիքները այս պահին կորցրած գույքի վնասի փոխհատուցում են ստանում Արցախի կառավարությունունից։ Ամբողջական տվյալներ բռնի տեղահանված ընտանիքների նյութական վնասների մասին չկան։ ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նյութական վնասների գնահատման և քաղաքականության մշակման վարչությունից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝ փոխհատուցումը տրամադրվում է վեց ուղղություններով՝ հասարակական ու արտադրական նշանակության շենք-շինություններ, ութից ոչ ավել՝ բացառությամբ վարորդի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաներ, բեռնատար ավտոմեքենա, 9 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա, գյուղատնտեսական, շինարարական ու հատուկ տեխնիկա, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիք, այգի և խաղողի այգի։

Կորցրած գույքի փոխհատուցման հայցով Հայաստանը դիմել է նաև ՄԻԵԴ։ Փոխհատուցման պահանջն այս դեպքում Ադրբեջանից է։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության նպատակով 2021թ փետրվարի 1-ին Եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել։ Սա ՀՀ-ի կողմից առաջին միջպետական գանգատն էր ընդդեմ Ադրբեջանի։ Գանգատն ընդգրկում է 44-օրյա պատերազմի ու հաջորդող շրջանում խախտումների փաստարկներ, ապացույցներ, պահանջներ։ Կան նաև հստակ պահանջներ, որոնք վերաբերում են տեղահանված անձանց սեփականության, կրթության իրավունքի խախտումներին։ Կիրակոսյանը պարզաբանում է՝ այցելել են Արցախ, մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել, պատկան կառույցներից ամբողջական տեղեկատվություն են հավաքել բոլոր տեղահանվածների մասով․
«Մեզ մոտ «իրավունքի խախտման զոհերի» քանակը 90 հազարից անցնում է, 100 հազարի է մոտենում։ Նրանք մարդիկ են, որ տեղահանվել են պատերազմի ընթացքում՝ իրենց տարածքներից, որոնք այժմ գտնվում են թե Արցախի, թե Ադրբեջանի վերահսկողության տակ»։
Միջպետական գանգատը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքի խախտումների, դրանց չափի, վնասի գնահատման հարցերն, ըստ էության, կքննվեն երկրորդ փուլում։




