
Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 40-րդ տարելիցի կապակցությամբ, որը կլրանա 2023 թվականին, նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից մեկը «Մի անգամ Երևանում» հիշատակի երեկոն է: Այդ միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի և Հայաստանի 20 խոշոր քաղաքներում, որի ընթացքում կընտրվեն երեխաներ և ստեղծագործ երիտասարդներ՝ Գալա-համերգին մասնակցելու համար: Միջոցառումը կազմակերպում է Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդը:

Այս տարի նոյեմբերի 13-ին ժամը 19-ին Ա.Բաբաջանյանի անվան դահլիճում կանցկացվի համերգներից առաջինը, ռուս հայտնի արտիստ Սերգեյ Կռիլովի, ինչպես նաև հայաստանցի երիտասարդ տաղանդների մասնակցությամբ, որոնց երգացանկում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Հանդիսատեսը կամերային մթնոլորտում հետաքրքիր դրվագներ կլսի կոմպոզիտորի անձնական կյանքից, ինչպես նաև կբացահայտի նոր անուններ կոնսերվատորիայի ուսանողների և ստեղծագործող երիտասարդների շրջանում։
Երեկոյի վարողն է նրա երաժշտության վաղեմի երկրպագու՝ Սերգեյ Կռիլովը, որը սերտորեն համագործակցում է Ա. Բաբաջանյան հիմնադրամի հետ:




