ԿարևորՔաղաքական

Հախուռն ու ոչ գործընկերային․ԱԳՆ–ն Լուկաշենկոյին մեկնաբանելը տեղին չի համարում

Հայաստանի ԱԳՆ–ն ՀԱՊԿ  խորհրդի նիստում և կառույցի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահի արած հայտարարությունները  հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ոչ դաշնակցային֊ է որակում՝ տեղին չհամարելով դրանք մեկնաբանելը։ Նախկին արտգործնախարար  Զոհրաբ Մնացականյանը Լուկաշենկոյի հայտարարությունները հուզական վտանգավոր պոռթկումներ է համարում ՝ արձանագրելով, որ Բելառուսը ՀԱՊԿ-ը բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության ։

Նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը։

Մինչև երեւանյան նիստը Բելառուսի ղեկավար Լուկաշենկոն հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, բելառուս Ստանիսլավ Զասի հետ, խոսել կազմակերպության նիստի  նախապատրաստական հարցերի մասին ու հատուկ անդրադարձել Հայաստան-Ադրբեջան  հարաբերություններին՝ կրկնելով իր ադրբեջանամետ դիրքորոշումները։ Նա Զասին բացատրել է, որ ղարաբաղյան հակամարտության էջը պետք է փակել:

Իսկ ՀԱՊԿ արտահերթ նիստում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կամ հակառակորդ չէ, և ճիշտ չէ կառույցը  հակադրել Ադրբեջանին: Նա շեշտել էր` Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես «մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»։

Լուկաշենկոն իրեն նաև իրավունք էր վերապահել անհիմն որակելու հայկական կողմի դժգոհությունն առ այն, որ ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել է հայկական տարածք։

Բելառուսը ՀԱՊԿ-ը բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«ՀԱՊԿ-ն իր անդամների համար ամեն ինչ է, բայց ոչ հավաքական անվտանգություն: Բելառուսի բռնապետի հիմար դատողությունները և հուզական պոռթկումները վտանգավոր են, քանի որ նա փորձում է ուրիշներին իջեցնել իր մակարդակին և նրանց դաս տալ: Իհարկե, նա իր շրջապատում նախընտրում է ադրբեջանցի «յուրայինին»։ Աշխարհի բռնապետե՛ր, միավորվե՛ք»:

Զոհրաբ Մնացականյանը նաև նկատել է՝ փաստն այն է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից և ցանկացած խաղաղ բանակցություն, առանց Հայաստանի անհապաղ ու ամբողջական ապաօկուպացման հարցը լուծելու, խաղաղության ծաղր է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիտարկումներին ժամանակին պատասախաններ տրվել են: Այժմ պատասխանել–չպատասխանելը մարտավարական հարց է։

«Համարժեք կոշտ պատասխան… հո սա բռնցքամա՞րտ չէ, որ կոշտ ու փափուկ լինի. մենք մեր մարտավարությունն ունենք ու ըստ դրա ենք գործում»:

Բելառուսի նախագահը նաև քաղաքական խաղ էր անվանել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը արևմտյան միջնորդների ներգրավումը։

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ցավում է Լուկաշենկոյի արտահայտած մտքերի համար՝ կասկածելով, թե դրանք հենց Լուկաշենկոյի մտքերն են։

«Ես նկատի ունեմ, որ ինքը չի իր մտքերի հեղինակը։Կարող է և Մոսկվայից լինի, և Բաքվից, և Ալմաթիից լինի, բայց հաստատ ինքը չի»։ 

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասրայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Լուկաշենկոյի կոշտ ձևակերպումները պայմանավորում է  Արևմուտքի հետ Հայաստանի ավելի վճռական աշխատանքի տրամադրվածությամբ, ինչն էլ փորձ է արվում կասեցնել։  Վերլուծաբանն անհրաժեշտ է  համարում դրանց՝ դիվանագիտական խողովակներով կոշտ պատասխանելը։

«Բելառուսի նախագահը բնականաբար դա արել է, որպես ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավար։  Ընդ որում՝ նորություն չէ ՀԱՊԿ դիրքորոշումը մեր նկատմամբ, նորություն չէ նաև, որ ՀԱՊԿ-ում մենք ավելի շատ հակառակորդներ ունենք, քան աջակիցներ։ Լուկաշենկոն շատ կոպիտ է արտահայտվել, և կարծում եմ, որ արտաքին գործերի նախարարության խողովակներով էլ շատ կոպիտ արձագանք ստանա»։

Վերլուծաբանը կարծում է, որ այս հարցը պետք է բարձրացվի նաև ՀԱՊԿ նիստի ժամանակ։

Օրվա ավարտին արձագանք եղավ նաև ԱԳՆ–ից։ «Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊ գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում», – ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Կարդացեք նաև

Back to top button