
Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանող, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու Արցախի դեմ իրականացված ագրեսիան հաստատող և հետագա իրավական գործընթացների համար հող նախապատրաստող Ֆրանսիայի սենատ ներկայացված բանաձևի նոր նախագիծը այդ երկրի կառավարության կողմից ընդունվելու դեպքում կդառնա եզակի փաստաթուղթ։ Սրանում համոզված են քաղաքագետները։ Այս պահին սակայն նրանք քիչ հավանական են համարում, որ Ֆրանսիայի կառավարությունը կընդունի այդ բանաձևը։ Քաղաքագետները կարևորում են նման նախաձեռնությունները աշխարհի տարբեր երկրներում, սակայն վստահ են, որ դրանք հնարավոր են միայն հայկական կողմի ակտիվության դեպքում։
Ֆրանսիայի Սենատը Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը քննարկելու է նոյեմբերի 14-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Ըստ նրա՝ Բարսելոնայում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 34 -րդ համաժողովում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը քննարկվել է արտահերթ և օրակարգ է ներառվել պատվիրակությունների նախագահների խորհրդի որոշմամբ։ Լիագումար նիստերին հայկական պատվիրակությունը ներկայացրել է իրավիճակի բոլոր մանրամասները։
«Ինձ համար ակնհայտ էր, որ հարցի նկատմամբ ուշադրության էական աճ կա բոլոր պատվիրակությունների շրջանում։ Հստակ աջակցության խոսքեր լսեցինք Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Հունաստանի խորհրդարանականներից, ինչպես նաև` Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներից»։
Եթե Ֆրանսիայի սենատը բանաձևն ընդունի, հնարավորություն կստեղծվի, Բաքվի ղեկավարության դեմ միջազգային քրեական դատարանում իրավական գործընթացներ սկսել։ Սակայն նախ պետք է, որ նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության հավանությանն արժանանա, բացատրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Սենատ ներկայացված բանաձևը պահանջվում է , մեջբերում եմ՝ «պատժամիջոցներ ընդունել Բաքվի դեմ, դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին, դիմել միջազգային քրեական դատարան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի հարցով, այդ թվում՝ հետաքննելու զանգվածային և պատերազմական հանցագործությունները»:
Արման Եղոյանի գրառումից․
«Եթե հնարավոր լինի սա կապիտալիզացնել և գործադիրը հետո այն դարձնի պետական քաղաքականության մաս, ապա մեր առաջ լայն հնարավորություներ կբացվեն, մասնավորապես՝ ԼՂ-ի սուբեկտայնության միջազգային ճանաչման հարցում։ Սա բավականին կարևոր նախաձեռնություն է մեզ համար, բայց այն թերի կլինի եթե մենք չկարողանանք այդ նախաձեռնությունները դուրս բերել ֆրանսիական շրջանակից, որպեսզի այլ երկրներում ևս նման նախաձեռնություններ տեղի ունենան»։
Բանաձևի նախագծում դատապարտվում է Բաքվի ագրեսիան այս տարվա օգոստոսի սկզբին Լաչինի միջանցքում ու սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջաններում:
Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է Ֆրանսիան ակտիվացել սեպտեմբերյան ագրեսիայից հետո․
«Ֆրանսիան տեսնելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները մի տեսակ մութ հանգրվանի մեջ են, փորձում է ցույց տալ, որ Ֆրանսիան ներկա է, Եվրոպան ներկա է, Արևմուտք ներկա է և ֆրանսիան իր պատասխանատվության մեջ է իբրև ԱԽ-ի մնայուն անդամ ու ստիպված է աչքը բացել, երբ որևէ տեղ խնդիր կա աշխարհում»։
Նախագծով վերահաստատվում է նաև 2020 թ նոյեմբերի 25-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևը, որն ընդունվել էր ֆրանսիական խորհրդարանի երկու պալատներում 44-օրյա պատերազմից հետո:
Այդ բանաձեւով Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պահանջվում էր ադրբեջանական զորքը դուրս բերել այն տարածքներից, որոնք Բաքվի վերահսկողության տակ էին անցել 44-օրյա պատերազմի հետևանքով:
«Բավականին կարևոր է, որ միջազգային մակարդակում սա արձանագրվի և Ադրբեջանի գործողությունները որակվեն որպես օկուպացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետության դեմ։ Միաժամանակ այնտեղ բավականին հետաքրքիր ձևակերպում կա ռասսայական խտրականության մասին և սրա արձանագրումը մեզ հնարավորությւոն կտա ապագայում Ադրբեջանի իշխանություններին կանչել պատասխանատվության»։
Ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ֆրանսիայի սենատը Արցախի ճանաչման բանաձև էր ընդունել։ Սակայն, նրա կարծիքով՝ Սենատն այսօր գործադիրի վրա ազդելու ուժ չունի, չնայած ներկայացված բանաձևի նախագիծը շատ կարևոր դրույթներ է պարունակում․
«Ֆրանսիայի կառավարությունն այսօր ուզում է ցույց տալ, որ Հայաստանին օգնել է ցանկանում վերջին ոտնձգություններու բերմամբ։ Ֆրանսիան կուզե ցույց տալ, որ այս մեկն անընդունելի քայլ է՝ հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Սրան կհետևեն դիվանագիտական քայլեր, սակայն քաղաքական ու ռազմական քայլեր չեն հետևի, ինչպես շատերը հույս են հայտնում։ Այդպիսի քայլ գոյություն չունի, բայց դիվանագիտական քայլերն արդեն սկսված են, ինչպես գիտեք»։
Ֆրանսիայի սենատ ներկայացված նոր բանաձևի նախագծում Բերձորի միջանցքի գրավման շեշտադրում կա՝ որպես Բաքվի ագրեսիա և երկու տարի առաջ ընդունված բանաձևի վերահաստատումը նշանակում է ոչ միայն Արցախի սուբյեկտության ճանաչում, այլև Արցախի օկուպացիայի իրողության ընդգծում։ Այսինքն, այն, որ Արցախը չի համարվում Ադրբեջանի տարածք, ինչպես պնդում են շահագրգիռ այլ կողմեր։
Նախագծով Ֆրանսիայի նախագահին կոչ է արվում աջակցել, որ ՄԱԿ ԱԽ-ում ևս հարց բարձրացվի։ Քաղաքագետ Արա Պողոսյանը սա եզակի փաստաթուղթ է համարում, որը ՀՀ առջև լայն հնարավորություններ կարող է բացել։ Սակայն արդյունքի հասնելու համար քայլեր կպահանջվեն Հայաստանի հանրապետությունից։ Նա շեշտում է Ֆրանսիայի սենատ ներկայացված այս բանաձևի նախաձեռնությունը միջազգային շարժում դարձնելու կարևորությունը։
Հակառակ դեպքում, եթե այն մնա զուտ ֆրանսիական նախաձեռնություն, ապա լուրջ արդյունքներ չի ապահովի։
«Ֆրանսիան ավանդաբան այն երկրների շարքին է պատկանում, որ գոնե խորհրդարանի մակադակով մշտապես աջակցել է մեզ, Հայ դատի մեր պայքարին, սակայն երկար ժամանակ մեզ տրվող աջակցությունը կամ մենք չենք կարողացել կապիտալիզացնել, կամ աշխարհաքաղաքական իրավիճակը այնպիսին է եղել, որ հնարավոր չի դարձել դրա կապիտալիզացումը»։
Արա Պողոսյանը նույնպես կասկածում է, որ Ֆրանսիայի գործադիր մարմինը կընդունի սենատի նախաձեռնությունը, քանի որ այս պահին ադրբեջանական էներգակիրները կարևոր են եվրոպայի համար, բացի այդ Թուրքիայի կշիռն այս պահին մեծ է միջազգային հարթակներում։ Սակայն քաղաքագետը վստահ է, որ ամեն բան կարող է փոխվել , ուստի չպետք է ձեռքերը ծալել ու քայլեր չձեռնարկել նախաձեռնությունը միջազգային շարժում դարձնելու համար։




