
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում կազմակերպվել է «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը կազմակերպվել է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Դիզակ Արտ» մշակութային ՀԿ գործադիր տնօրեն Երազիկ Հայիրյանը տեղեկացրել է, որ արդեն երրորդ անգամ կազմակերպվող մրցույթին մասնակցել է Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմ:

«Ազգային խաղերը հազարամյակների պատմություն ունեն։ Արցախում վերջին տարիներին ակտիվ ընթացք է ստացել ազգային ավանդական խաղերի վերականգնումը: Պետական ծրագրով հաճախ են կազմակերպվում ազգային ավանդական խաղեր, որոնք մասնակիցների և հանրության կողմից մեծ ոգևորությամբ են ընդունվում: Դրանք յուրօրինակ ձև են համախմբելու երիտասարդներին ազգայինի պահպանման գաղափարի շուրջ: Բացի այդ՝ մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակել իրենց փորձը, ստեղծել միջհամայնքային կապեր և դնել հետագա համագործակցության հիմքեր»,- ասել է Ե. Հայիրյանը։

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովաննիսյանը նշել է, որ ազգային ցանկացած խաղ պարունակում է ավանդական կենցաղի այս կամ այն գործառույթ:

«Օրինակ՝ «Կոխ»-ը ռազմի խաղ է, մյուսները կապված են տնտեսական այս կամ այն երևույթի հետ: Անչափ կարևորում եմ, որ ազգային խաղերի հանրահռչակումը մասնավորապես երիտասարդների շրջանում։ Սա հայրենասիրական դաստիարակության մի ձև է՝ հատկապես ներկա պամաններում, երբ մեր նյութական և ոչ նյութական ժառանգությունը գտնվում է մեծ մարտահրավերների առջև: Այս միջոցառումները խթանում են ավանդականի պահպանումը»,- ասել է Լ. Հովհաննիսյանը:

Մրցույթի շրջանակներում կազմակերպվել է ընդհանուր առմամբ 4 ազգային ավանդական խաղ։
Արդյունքում՝ առաջին տեղն է զբաղեցրել Ասկերանի թիմը, երկրորդը` Քաշաթաղի, երրորդ տեղը Հադրութի թիմը, որոնք արժանացել են դրամական պարգևների:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, շրջվարչակազմերի ղեկավարներ, մշակութային ոլորտի պատասխանատուներ։




