ԿարևորՀասարակություն

ՀՀ անկախության 31-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն` Փարիզում

Հոկտեմբերի 19-ին Փարիզի ամենահայտնի պատմական սրահներից մեկում՝ «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում, տեղի է ունեցել Հայաստանի ազգային տոնին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հայտնի ֆրանսիացի մշակութային ու հանրային գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը։

Ընդունելությունը մեկնարկել է Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի բացառիկ կատարմամբ, որին հաջորդել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Լորանս Բոնի ելույթները։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր երկու պետությունների հարաբերություններում գրանցված շոշափելի ձեռքբերումները, հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը և աննախադեպ ջերմությունը։ Ընդգծվել է հարուստ և հազարամյա պատմություն ունեցող պատմական կապերի առկայությունը և այդ համատեքստում երկու ժողովուրդների՝ դժվարին պահերին միմյանց կողքին լինելու առանձնահատկությունը։

Անդրադառնալով Հայաստանի անկախության տոնի խորհրդին՝ դեսպանն ընդգծել է տառապանքներով լի այն դժվար ճանապարհը, որը մեր երկիրն ու ժողովուրդն անցել են՝ հանուն անկախության վերականգնման և հանուն ազգային զարթոնքի։ Շարունակելով խոսքը՝ դեսպանը հիշատակել է նաև այն դժվարին փորձությունները, որը Հայաստանն ու Արցախը ստիպված են այսօր հաղթահարել հայ ժողովրդի դեմ իր իսկ բնօրրանում ընթացող ագրեսիայի պայմաններում։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է միջազգային հանրության միասնական ու վճռական արձագանքի կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները կանխելու նպատակով։

Մեջբերելով նախագահ Մակրոնի խոսքերը՝ Հայաստանի հետ Ֆրանսիայի բացառիկ կապի և տարածաշրջանում Հայաստանի կողմից հանուն համընդհանուր հանդուրժողականության ու խաղաղության ոգու տարվող պայքարի մասին, դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային այս դժվար պատմական ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու և հայ ժողովրդի հետ համերաշխության համար։ Դեսպանն իր երախտիքի խոսքն է հղել նաև Ֆրանսիայի հայ համայնքին, որն անկեղծորեն և հավատարմորեն կապված է Մայր հայրենիքի հետ և ջանք չի խնայում Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման համար։

Միջոցառման ընթացքում Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից կատարվել է նաև Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» հայտնի ստեղծագործությունը։

Կարդացեք նաև

Back to top button