
Իրանի արտգործնախարարն օրերս կրկին անդրադարձել է Կապանում Իրանի հյուպատոսությանը՝ շեշտելով, որ այն կնպաստի Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։ Արտգործնախարարն ասել է նաև, որ առաջիկայում կոնկրետ արդյունքները տեսանելի կլինեն։ Կապանի կենտրոնում այս պահին բարեկարգվում է այն տարածքը, որը վարձակալել է իրանական կողմը՝ հյուպատոսության համար։ Իրանագետները նկատում են, որ այս պահին Իրանի գործնական քայլերը կարևորվում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումներով։
Առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք. «Խանե Մելլաթ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Հարցազրույցում Աբդոլահյանը խոսել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարան բացելու որոշմանը։
«Նկատի առնելով տնտեսական ոլորտները, բարեկամ Հայաստանի հետ մեր համագործակցության զարգացումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը, որը 13-րդ կառավարության առաջնահերթություններից է, որոշում է ընդունվել Հայաստանի Սյունիքի մարզում ունենալ հյուպատոսություն»։
Աբդոլլահյանն ասել է, որ այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղին, իրականացվել է երկու երկրների միջև հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով:
Իրանագետները նկատում են, որ այս քայլով Հայաստանի հարավային հարևանը կրկին շեշտում է այն կարևորությունը, որն ունի Սյունիքը Իրանի համար, ընդ որում՝ իրանական կողմը կարևոր է համարում կենսունակ Սյունիք ունենալ՝ իր ավելի լայն ու ակտիվ ներկայությամբ։ Մեկ անգամ չէ, որ այս հարցում Իրանը շեշտել է, որ դիմագրավելու է ադրբեջանաթուրքական հնարավոր ցանկացած ոտնձգություն։
Տարածաշրջանային փորձագետ, իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում նկատեց, որ այս պահին Կապանում Իրանի ներկայությունը մեզ համար կարևոր է ո՛չ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական տեսանկյունից։ Նույնը կարող ենք ասել Իրանի պարագայում։ Այդ ամենը, ըստ տարածաշրջանային փորձագետի, նախևառաջ պետք է դիտարկել տարածաշրջանում ընթացող զարգացումների համատեքստում։ Իրանն էլ այդ ամենի մասին վաղուց բարձրաձայնել է և դիմել կոնկրետ քայլերի։
«Կապանում ունենալ հյուպատոսություն, որտեղ կկարողանա կարգավորել Իրան-Հայաստան առևտուրը։ Դա կարելի է դիտարկել նաև հյուսիս-հարավ ճանապարհի վերաբերյալ լուրերի ֆոնին, որը, ճիշտ է, այս պահին այնքան էլ լուրջ չէ, բայց բոլոր դեպքերում ծրագրերի մեջ կա»։
Հայաստանի տեսանկյունից նույնպես այս երկու գործոններն էլ կարևոր են միաժամանակ։ Ըստ փորձագետի՝ Սյունիքում Իրանի հյուպատոսության առկայությունն այս ժամանակահատվածում անհրաժեշտ է նաև Իրանի՝ ավելի վաղ հայտնած դիրքորոշումները ևս մեկ անգամ շեշտադրելու տեսանկյունից.
«Մեր ոխերիմ հարևանները տեսնելու են, որ Իրանը, որը միակ պետությունն է այս պահին, որը բացահայտ հայտարարում է իր համար Հայաստանի տարածքային ամբողջականության «կարմիր գծեր» լինելու մասին, ներկայություն ունի մեր տարածքում։ Սա, բնականաբար, քաղաքական առումով օգտակար է։ Տնտեսական տեսանկյունից էլ կարևոր է, քանի որ կնպաստի, որպեսզի ավելի կարգավորվեն ու զարգանան մեր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ»։
Թեհրանաբնակ մեր հայրենակից, «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը նույնպես նկատում է, որ հայ-իրանական սահմանը ռազմավարական նշանակություն ունի Թեհրանի համար։ Նրա խոսքով՝ այստեղ ամենակարևորը տնտեսական գործոնը չէ։ Մովսես Քեշիշյանն ասում է, որ չնայած Իրանը բաց սահմաններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ, նրան այլընտրանքային ճանապարհներ են պետք Վրաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի հետ կապվելու համար և այս իմաստով, Քեշիշյանի ձեւակերպմամբ, Հայաստանն անփոխարինելի է։
«Եթե Հայաստանի համար միայն որպես շնչափող է ծառայում Մեղրիի ճանապարհը դեպի Իրան, ապա Իրանի համար դա անվտանգային հարց է հանուն ապագայի, որովհետև այստեղ որոշակի դեր են խաղում ադրբեջանական, թրքական ներդրումները, որ կատարվում են Իրանում, փորձում են Իրանում անջատողական շարժումներ ստեղծել, փորձում են քայլերի գնալ, որը կարող է Իրանի համար ապագայում մեծ վտանգներ ստեղծել պանթուրքիստական ընդհանուր ծրագրի շրջանակում»։
Դեռևս օգոստոսին Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս էր նշանակվել Աբեդին Վարամինը: Նշենք նաև, որ Իրանի կառավարությունն անցած տարվա վերջին էր որոշել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին:
Իրանագետները շեշտում են, որ այդ պահից սկսած և հետագա քայլերով էլ Իրանը հստակ ուղերձ հղեց տարածաշրջանում Թեհրանի կարմիր գծերի մասին։ Այդ ամենն ամրապնդում են ամենաբարձր մակարդակով հնչած տեսակետը, որ Իրանը դեմ է Թուրքիայից և Ադրբեջանից պարբերաբար հնչող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին և հաստատակամ է այդ հարցում։




