
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Բրյուսելը նախընտրում է չմտածել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում տարածաշրջանային կայունության համար քայլերի հետևանքների մասին։
Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության մեջ տեսնում է Եվրամիության կողմից Մոսկվայի ջանքերը հետ մղելու և հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դրա մեջ մենք, ցավոք, տեսնում ենք, Եվրամիության հերթական փորձը՝ որևէ կերպ միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, ճնշում գործադրելու մեր երկրի միջնորդական ջանքերի վրա»,-ասել է նա։
«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»,- հավելել է Զախարովան։
Նրա խոսքով, պատմությունը ցույց է տալիս, որ ԵՄ առաքելությունները չեն հանգեցրել հակամարտությունների իրական կարգավորմանը։




