Հասարակություն

Ռուսաստանի հայաշատ քաղաքներում հայերենը կդառնա հանրակրթական առարկա

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն իր անմիջական ազդեցությունն ունեցավ նաև կրթության բնագավառի վրա: Այցի շրջանակներում երկու երկրների ԿԳ նախարարությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է 2014-2015 թվականներին ընդլայնել և զարգացնել համագործակցությունը միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում:  

ԿԳ նախարարության արտաքին կապերի եւ Սփյուռքի վարչության պետ  Տիգրան Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադառնալով հուշագրին նշեց, որ ընդհանուր միջնակարգ կրթության ոլորտում համագործակցությունը նոր չէ, որ սկսվել է։

Հուշագրով նախատեսվում է Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայագիտական առարկաները ևս դարձնել ռուսական հանրակրթական առարկաների բաղկացուցիչ մաս: Հուշագրի կետերից մեկի համաձայն էլ՝ կողմերը կնպաստեն Երևանում Ռուսական վարժարանի բացմանը, որտեղ ուսումնական գործընթացը կկազմակերպվի Ռուսաստանի և Հայաստանի` ընդհանուր և միջնակարգ կրթության պետական չափանիշներին համապատասխան:

Տիգրան Սահակյանի փոխանցմամբ` այս հարցերը ներառված են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի արձանագրության մեջ որպես պարտադիր կատարման ծրագրեր և  ԿԳ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետը հուսով է, որ այդ ծրագրերը մոտ ապագայում կյանքի կկոչվեն:

Կարդացեք նաև

Back to top button