
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
2013-ի արդյունքներն այսօր ամփոփել են փորձել հին սերնդի քաղաքական գործիչները։ Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը, Լեռնիկ Ալեքսայնանն ու Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել են 2013-ի ձեռքբերումների ու կորուստների մասին: Չնայած տարբեր գնահատականներին ՝ բոլորի ամփոփումներում տարվա ամենակարևոր ամսաթիվը համարվել է սեպտամբերի 3-ը: Արշակյանի գնահատմամբ՝ դրանից հետո Հայաստանում ներկա-բացակա կատարվեց, Մանուչարյաին կարծիքով ՝ճշմարտռության գիտակցման փուլ սկսվեց, հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով ՝ որևէ նոր բան տեղի չունեցավ. Ռուսատանի հետ հարաբերությունների սերտացումը կարող է քննարկվել , բայց չի կարող «մութ» որակվել, ասել է հանրապետական գործիչը։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այս տարի շրջանառության մեջ դրեց բացարձակ ժողովրդավարության մոդել առաջարկող իր հայեցակարգը, կարծում էր, որ տարին հենց դրա կյանքի կոչվելը պետք է ազդարարի, բայց 2013-ն այլ նվեր մատուցեց։ «Պատմությունը, ինչպես ասում են, կրկնվում է: Մենք ևս մեկ անգամ ականատես եղանք մի երևույթի, որը պատմությունը խորապես ուսումնասիրած լինելու դեպքում կկարողանայինք կանխել»։
Իսկ դասերը, ըստ Հայրիկյանի, սկսվում են Դավիթ Բեկի շրջանից, հասնում 1920 թվականի վճռորոշ հանգրվանը և շարունակվում մեր օրերում: Եվրոպական մերձեցման ծրագրից անականկալ անցումը Մաքսային միություն Հայրիկյանը նահանջ է համարում: «Բայց ամենակարևորը մի քանի հարցեր են, որոնք պատասխաններ առայժմ չունենք. Մաքսային միությունը և Եվրասիական միությունը ձևավորվելո՞ւ են , թե՞ ոչ: Եթե ձևավորվեն, դրա հիմնադիր անդամները Հայաստանին գործընկեր համարելո՞ւ են, թե՞ ոչ, և վերջապես, ո՞ր արժեքի շուրջ են համախմբվում այդ պետությունները»։
Անակնկալ անցումը, ըստ Հայրիկյանի, հասարակությանը շոկի մեջ գցեց, իսկ քաղաքական ուժերը որոշեցին հապաղել: Հստակ դեմ արտահայտվող կուսակցությունները մի քանիսն էին: ԱԻՄ նախագահը հիշեցնում է իր կողմից նախաձեռնված հարցման արդյունքերը, ըստ որոնց՝ հարցվածների 23 տոկոսը կողմ է Մաքսայինին, 30-ը՝ եվրոպական ուղղության կողմնակից է, 27 տոկոսը՝ Ազատ ու անկախ Հայաստանի: Ամփոփելով ՝ սեպտեմբերի 3-ի ֆոնին Հայրիկյանը ձեռքբերում չի տեսնում։ «Եթե ինչ-որ ձեռքբերում կա, ապա մանրուք է այս մեծագույն նահանջի համեմատությամբ»:
Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում ներկա-բացակա կատարվեց. Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի դիտարկումն է։ Կողմնորոշումների բացահայտումը կամ լյուստարցիան նախկին պատգամավորը ձեռքբերում է համարում, իսկ մինչև սեպտեմբերի 3-ը տարվա ձեռքբերում պատրաստ էր համարել Հայաստանի եվրոպական ինտեգրացման ծրագիրը։ «Ես կարծում եմ, որ եվրոպական ինտեգրացիոն ծրագիրը խիստ կարևոր էր , և իշխանությունը մինչև սեպտեմբերի 3-ը կարող էր դրանով հպարտանալ»։
Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի գնահատականներն ավելի ընդհանրական են՝ մարդկությունը կանգնած է հեղափոխությունների շեմին: Ըստ քաղաքագետի՝ 80-ականների վերջին Արևմուտքը հաղթեց Խորհրդային Միությանը , սոցիալիզմի ճամբարը ջախջախվեց, բայց ժողովրդավարությունը անցած 20 տարիների ընթացքում այդպես էլ իրապես չհաստատվեց տարածաշրջանում: Ճգնաժամի մեջ է նաև Եվրոպան, ում առաջարկած քաղաքակրթական մոդելը փաստացի չի աշխատում: Արդյունքում՝ մարդկությունն իրական ժողովրդավարության փնտրտուքի մեջ է և հեղափոխության շեմին: Մանուչարյանը Հայաստանում ճշմարտության գիտակցման փուլ է նկատում և դա էլ համարում է անցնող տարվա ձեռքբերումը։
Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը չի կիսում մոտեցումը, թե Ռուսատանի հետ հարաբերությունների խորացումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Եվրոպա, թե՝ Ռուսատան այլընտրանքը որքան նոր չէ, այնքան էլ միանշանակ չէ, ասում է նախկին պատգամավորը: Թեման կարող է երկար ու տարբեր տեսանկյուններից վերլուծվել, որոշ հարցեր կարող են բարձրաձայնվել, որոշները՝ ոչ, բայց մութ լինելու մեջ չի կարող մեղադրվել։ «Այն, որ 90-ականներից սկսած մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ սերտանում են, ոչ մեկի համար մութ չէ: Պարզ է, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ունենք ազգային խնդիրներ, ունենք սահման, ունենք անվտանգության խնդիր: Ռուսատանը եղել և մնում է մեր անվտանգության երաշխավորը. սա է իրականությունը, լավ է՞, թե՞ վատ, ճի՞շտ է, թե՞ սխալ՝ այլ հարց է»։




