Նպատակներին հասնելու համար աշխատասիրությունից բացի կարևոր է հավատալ, նաև հստակ գիտակցել՝ ինչ ես ուզում և գնալ նպատակի հետևից՝ ասում է ռեժիսոր Արթուր Մանուկյանը։
Բազմաթիվ համերգների, մասսայական հանդիսությունների, հեռուստանախագծերի և տեսահոլովակների ռեժիսորն ասում է՝ տարբեր ժանրերում աշխատելն օգնում է չլճանալ ու չհոգնել:
Նրա համար չկան սիրված ու չսիրված գործեր, կան ստացված ու չստացված աշխատանքներ: Միշտ անկեղծ է և գնահատում է, երբ անկեղծ են իր հետ, սակայն երբեմն լուռ է, քանի որ կարծում է, որ լռությունն ավելի ճիշտ հարաբերություններ կառուցելու հիմքն է:
«Կյանքը հագուստի կամ լավ թանկարժեք իրերի մասին չէ. կարևոր են մարդիկ, ոչ թե մնացածը», – ասում է Արթուր Մանուկյանը։
Երբեք չի խուսափում ներողություն խնդրելուց, կարևորում է խաղաղ աշխատանքային մթնոլորտը, քանի որ այն միայն օգնում է հաջողության հասնելուն: Կարծում է՝ ռեժիսորն ուղղակի ստեղծող է, որն օգնում է արտիստին: Նախընտրում է մինիմալիզմը, որը, սակայն, ավելի նուրբ ու խորն է, և այդ ձևաչափին պետք է զգույշ մոտենալ:
Մասսայական միջոցառումներում կարևորում է մանրուքներն ու հաշվարկները, ուշադրություն է դարձնում դետալներին, էսթետ է, չի սիրում ավելորդությունները: Մրցույթներ չի սիրում, կարծում է, որ դրանք «կոտրում են» իսկական ստեղծագործող մարդկանց։ Նրան ավելի հոգեհարազատ են փառատոները, որտեղ կա անհատական վերաբերմունք: