ԿարևորՀասարակություն

Հարկե՞լ, փակե՞լ, թե զարգացնել․ մանկապարտեզ-զարգացման կենտրոն իրարամերժ մոտեցումների կենտրոնում երեխան է

Եռօրյա հարթակ՝ նախադպրոցական ոլորտի մասնագետներիի համար․ «Եվրասիա» միջազգային համալսարանում մեկնարկել է «Նախադպրոցական երեխային ընդառաջ» եռօրյա ուսուցչական համաժողովը, որին մասնակցում է 30-ից ավել խոսնակ և 120-ից ավել ունկնդիր՝ Երևանից և մարզերից։ Համաժողովի նպատակն է փորձով, նորարական գաղափարներով և արդիական մոտեցումներով միմյանց հետ կսիվելու հնարավորություն տալ։ Օրակարգում նախադպրոցական համակարգի օրենսդրության, կրթության որակի և արդյունավետության առանցքային թեմաներն են։

Մանկավարժահոգեբանական մոտեցումներն այսօր այնքան իրարամերժ են ու խառը, որ դա էլ իր հերթին է ծանրացնում մանկավարժի  պատասխանատվության բեռը․ դիտարկումը «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանինն է։ Երկրի ապագան հուսադրող կլինի, եթե կրթական համակարգն առողջ արմատ ունենա՝ ասում է Օհանյանը «Նախադպրոցական երեխային ընդառաջ» համաժողովին։ Իսկ եռօրյա այս հանդիպմանը հավաքվել են համայնքային, մասնավոր և գերատեսչական մանկապարտեզների տնօրեններ եւ մանկավարժական թիմեր։ Օրակարգը մեկն է ու ոչ թեթեւ՝ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության մարտահրավերներ։ Մասնագետների մոտեցումները տարբեր հարցերի շուրջ տարբեր են, բայց «Եվրասիա» համալսարանի ռեկտորի համար մի բան միանշանակ է՝ բարձրակարգ մանկավարժով է հասարակությունը հաջողում։  

«Համոզված եմ, որ այս համաժողովը պարզաբանումներ կմտցնի ուսումնամեթոդական գործառույթներում, ուղիներ կնշի նախակրթությունը և հանրակրթությունը մեթոդական ու ժամանակակից հնարքներով կազմակերպելու և վերջապես առաջիկայում ազգային կրթական նոր մշակույթի ձևավորման հարցերում»։

Մարզերում մանկապարտեզների խնդիրը միայն շենքային հարցերը չեն։ Մանկավարժին այս աշխատանքը համայնքներում չի պահում։ Մարզերում դաստիարակի աշխատանքը գրավիչ դարձնելու համար աշխատավարձը բարձրացնելու նպատակ կա՝ ասում է  իշխող կուսակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը։ Ֆինանսավորման մեխանիզմները դեռ հստակ չեն, բայց օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի աշնանը։

«Համայնքային մանկապարտեզներում, մարզերում, մանկապարտեզների աշխատակիցների՝ դաստիարակների աշխատավարձերի բարձրացման խնդիր կա, որը լուծելու համար նաև օրենսդրական փոփոխության կարիք կա։ Բայց ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես ֆինանսավորումը ճիշտ իրականացնել։ Քանի որ շատ համայնքներ հնարավորություն չունեն, իրենց բյուջեն չի ներում, այս հարցի լուծման համար նաև կառավարության մասնակցությունն է ենթադրվում»։

Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն և «Ուսուցիչների ուսում­նա­փորձարարական համայնք» հասարակական հարթակի համահիմնադիր Փառանձեմ Խանգելդյանը նկատել է՝ մասնագետներից շատերը պատրաստի պատասխաններ և նյութեր են ուզում։ Անհանգստանալով այս մոտեցումից՝ ստեղծել են հարթակը և գտնում են մարդկանց, որոնք Հայաստանում հաջողել են։ Հարթակի 27 մասնագետ այս տարի մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Միջազգային նորարարական կրթական կենտրոնի վարպետություն մրցույթին և նախագծեր  ներկայացրել։ Դրանցից մեկը՝  մեդիագրագիտության թեմայով։ Ժամանակակից դաստիարակը չպետք է այս առումով զիջի երեխային՝ կարծում է Խանգելդյանը։

«Այսօր իմ երեք տարեկան թոռնիկն անմիջապես կարողանում է հեռախոսով գտնել իրեն հետաքրքրող հեքիաթը կամ մուլտֆիլմը։ Բայց դաստիարակներ կան, որ դեռ չեն տիրապետում այդ հմտություններին»։ 

«Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիա» ՀԿ-ն ստեղծվել է համավարակի շրջանում, որից առաջինը  մասնավոր մանկապարտեզները տուժեցին։ Ասոցիացիայի համահիմնադիր Նելլի Խաչատրյանը կազմակերպության առաջին փոքրիկ հաղթանակը համարում է պետաջակցության ծրագրում ընդգրկվելը։ Հետո նախադպրոցական կրթության բարեփոխման իրենց առաջարկները հասան կառավարություն, մասամբ ընդունվեցին նաեւ հարկային դաշտի մասով․

«Հարկային դաշտում օրենսդրական փոփոխություններ էին  նախատեսվում  ավելացված արժեքի հարկման հետ կապված։ Փորձում էին կրթական բոլոր հաստատությունները հարկել ԱԱՀ-ով՝ հաշվի չառնելով ոչ մի առանձնահատկություն։ Մենք առաջարկեցինք, բողոքեցինք և հիմնավորեցինք, որ շատ վաղ է այդպիսի որոշում կայացնել, քանի որ դա ուղղակի կազդի հենց շուկայի վրա։  Թեև կրթության ոլորտ է, բայց նաև ձեռնարկատիրական գործունեություն է, և մեր բիզնես պլանները մշակելուց հաշվի չենք առել կտրուկ 20 կամ 30 տոկոս գնաճ մեր աշխատանքի մեջ, որն առաջին հերթին ազդելու էր ծնողի գրպանի վրա։ Դա բերելու էր նրան, որ երեխաների թիվը կրճատվելու էր և վարձը բարձրանալու էր»։

Առաջարկներից մեկով էլ տարբերակվում մտցվեց մասնավոր մանկապարտեզի և մասնավոր զարգացման կենտրոնի միջև։ Հստակեցվեցին մանկապարտեզներին և զարգացման կենտրոններին վերաբերող չափանիշերը։

Այս հունվարին կրթական գերտեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, ըստ որի՝ որպես զարգացման կենտրոն գործող շուրջ 300 կազմակերպությունները կլիցենզավորվեն: Խնդիրն այն է, որ դրանք չեն լիցենզավորում, ուստի փաստացի դուրս են վերահսկողությունից: Նախատեսվող փոփոխությամբ՝ զարգացման կենտրոնները կվերահսկվեն որպես կրթական հաստատություն՝ անհրաժեշտ նորմերով ու չեն հիմնվի պարզապես որպես բիզնես, որը գործում է սեփական ճաշակով թելադրված նախադպրոցական նորմերով։ 

Կարդացեք նաև

Back to top button