
Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը: Իսկ ռազմաքաղաքական ղեկավարներն էլ որոշել են, որ այս պահին Արցախում ծառայությունը կիրականացվի պայմանագրային զինծառայողներով։ Ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13-ից։
«Պատերազմից հետո առավել շատ պետք է գնանք ու ծառայենք հայրենիքին ու վերադառնանք տներով»՝ բանակ գնացող տղաները ծառայությունից առաջ նախ իրենք իրենց են այս խոստումը տալիս։

Կենտրոնական զինվորական հավաքակայանում եմ։ Հունիսի 13-ից մեկնարկել է ամառային զորակոչը։ Տղաները վերջին բուժզննումն են անցնում, հաջորդում է վիճակահանությունը, թե ով հանրապետության որ զորամասում պետք է ծառայի, ինչն էլ հեռարձակվում է տարածքային բոլոր ստորաբաժանումներում, որպեսզի նախ բացառեն զինվորիներին ըստ զորամասերի բաժանելուն միջամտությունը, եւ ծնողները հետեւել կարողանան։
Այսուհետ Հայաստանից ժամկետային զինծառայողները Արցախում չեն ծառայի։ Որոշումը ռազմաքաղաքական ղեկավարությանն է։ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյան.

«Ռազմաքաղաքական ղեկավարները որոշել են, որ այս պահին Արցախում ծառայությունն իրականացվի պայմանագրային զինծառայողներով։ Մեր վերջին զորակոչը՝ 2020 թվականի զորակոչը, հուլիսի 1-ից կզորացրվի մինչև օգոստոսի 30-ը, և այլևս Արցախում ժամկետային զինծառայող չենք ունենա։ Արցախի համար մշակված է ծառայության գրավչության բարձրացման լուրջ փաթեթ, ըստ դրա, պայմանագրային զինծառայողներով են համալրվում Արցախի ՊԲ թափուր հաստիքները»։

Իսկ Հայաստանում ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Գնդապետ Սահակյանի խոսքով՝ դա ՀՀ պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից է՝ որքան հնարավոր է՝ առաջնագծից հանել ժամկետային զինծառայողներին և նրանց փոխարեն մարտական հերթապահության ընդգրկել պայմանագրային զինծառայողների։ Այդպիսի նախադեպեր արդեն կան 3-րդ բանակային կորպուսի և Արցախի պաշտպանության բանակի օրինակով: Ժամկետայիները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Հնարավո՞ր է կրճատվի պարտադիր զինծառայության ժամկետը․գնդապետն ասում է՝ խոսակցություններ կային ծառայության շեմը իջեցնել ու դարձնել 1,5 տարի, բայց այլ որոշում է կայացվել․

«Խոսակցություներ եղան, բայց դեռևս հիմնավոր ոչինչ չկա, դա էլ հնարավորություններից է կախված։ Կարող է ցանկանանք, բայց ծառայության բոլոր խնդիրները պետք է կատարվեն թվաքանակից ելնելով»։
Յուրաքանչյուր զորակոչից առաջ ամենաշատ բողոքները թերևս վերաբերում են բժշկական ստուգումներին։ Շատ հաճախ ծնողները նշում են, որ իրենց որդին ուներ այս կամ այն հիվանդությունը, բայց բուժանձնակազմը, անտեսելով առողջական խնդիրները, նրան զորակոչել է։
ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Դանիել Մկրտչյանը նման դժգոհություններին տեղյակ է, բայց կրկին հիշեցնում է կառավարության որոշումը։

«Որոշակի փոփոխություններ են եղել, և հնարավոր որոշ պաթոլոգիաների համար սահմանվել է պիտանելիության մի քանի աստիճան, որոնցով նորակոչիկը պիտանի է համարվուձմ ծառայության, սակայն որոշ սահմանափակումներով: Չի բացառվում, որ 1,5 տարի հետո այդ նույն հիվանդությունն իր մոտ բարդանա: Կարող է դա ամիսների ընթացքում լինել։ Իրականում զորակոչվում են սրտի ռիթմի խանգարումներով տղաներ, տեսողության որոշակի աստիճանի խնդիրներով տղաներ, որոնք, ըստ կառավարության 404 որոշման, պիտանի են ծառայության համար՝ սահմանափակումով: Այո, կան առողջական խնդիրներ, որոնցով հանդերձ, զորակոչիկը պիտանի է ծառայության՝ սահմանափակմամբ»,-ասաց նա:
Իսկ հավաքակայանի բակում ծնողներն են՝ հուզված ու անհանգիստ։
«Միակ խնդրանքս խաղաղությունն է, թող ոչ մի մայր այլևս արցունք չթափի, մեր երեխաներն անփորձանք գնան ծառայեն ու գան»։
«Մեր բանակի սպայական կազմն ուշադիր լինի զինվորներին հատկապես զենքի հետ գործ ունենալու ժամանակ»։




