ԿարևորՀասարակություն

Փոքր դասարան, մեծ արդյունավետություն․ աշակերտների թիվը չի գերազանցի 25-ը

Դասարաններում աշակերտների մեծ թվի պատճառով կրթության ցածր որակը մշտապես քննարկել են խնդրին առնչվող բոլոր կողմերը։ Շրջանառության մեջ դրված նախագով նախատեսվում է տարրական և միջին դասարաններում աշակերտների առավելագույն քանակ սահմանել 25-ը, ավագ դասարաններում՝ 20-ը։ Բոլոր կողմերը սպասում  են փոփոխությանը, մասնագետները ուշադրություն են հրավիրում  հնարավոր խնդիրների՝ օրինակ, ուսուցիչների պակասի խնդրի վրա։

Աննա Մելքումյանը երեխային դպրոց է ճանապարհում վստահ, որ նա այնտեղ  որակյալ կրթություն է ստանալու։ Վստահությունը, սակայն, միա՛յն ուսուցչի բարեխղճությամբ ու պրոֆեսիոնալիզմով է պայմանավորում։ Դասարանում 33 աշակերտ կա, ինչն էապես բարդացնում է ուսուցման պրոցեսը․

«Ես ինքս ունեմ ուսումնական կենտրոն, որտեղ տարրական դասարանի երեխաներ են  գալիս, ու մենք ունենք շատ թերացումներ։ 2-րդ կամ 3-րդ դասարանի երեխան չունի այն մակարդակը, որը պետք է ունենա, ու երբ ծնողի հետ խոսում ենք, ասում է՝ բնական է, որովհետև երեխաները չեն հասցնում գիտելիք վերցնել։ Ունենք դեպքեր նաև, որ ուսուցիչը տեսնում է՝ երեխան մի քիչ կաղում է, իսկ մյուսը շատ ավելի առաջ է, կենտրոնանում են առաջնի վրա, ու էն երեխան գնալով հետին պլան է մղվում»։

Մեծ թվով աշակերտ ունեցող դասարաններում կրթության որակի խնդիրը արդիական է թե տարրական, թե միջին և ավագ դպրոցների դեպքում․ ծնողներն այս հարցը վաղուց են բարձրաձայնում։ Թեման երկար ժամանակ քննարկվում էր նաև փորձագիտական համայնքում ու պետական մարմիններում։ Այժմ շրջանառության մեջ է որոշման նախագիծ, որը սահմանում է՝ տարրական և միջին դասարաններում պետք է սովորի առավելագույնը 25, ավագում՝ 20 աշակերտ, նախկին կարգավորման  համապատասպանաբար 35 ու 30–ի փոխարեն։ Ավագ դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդող Իդա Խաչատրյանը կարծում է, որ առանց նման որոշման որակյալ կրթություն ակնկալելն իրատեսական չէր։

«25-ն էլ է շատ, 15-20-ն ավելի արդյունավետ կլինի։ Այս դեպքում թե դասարանի կարգապահությունն այլ կլինի, թե ուսուցիչը կկարողանա անհատական մոտեցում ցուցաբերել, ժամանակ հատկացնել։ Աշակերտների կարողությունները պարզելու առումով շատ նպատակահարմար է քիչ թվով դասարանը։ Եվ ամենակարևորը՝ որքան փոքր  է աշակերտների թիվը, այնքան շատ է կենտրոնացումը, այնքան բարձր է կարգապահությունը։ Իսկ որտեղ կարգապահություն, այնտեղ նաև կրթություն»։

Կրթության յուրաքանչյուր մակարդակ իր դժվարությունն ունի՝ կարծում է ուսուցիչը։ Ավագ դպրոցում, օրինակ, հավաքվում են անծանոթ, տարբեր միջավայրներից եկած և արդեն իսկ ձևավորված բնավորություն ունեցող պատանիներ, որոնք ադապտացիոն դժվար փուլ են անցնում։ Այստեղ ուսուցչից ավելի մեծ ջանքեր են պահանջվում աշակերտների անհատականությունը, ունակությունները բացահայտելու, փոփոխության դժվար շրջանն անցնցում անցկացնելու և դրան զուգահեռ կրթական ծրագիրը պատշաճ մատուցելու համար։ Մեծ թվով աշակերտներով դասարաններում դա հատկապես դժվար է։ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշում է, որ սա մեծ ծրագրի մի մասն է։ Հիմնական խնդրին՝ ուսուցիչների պակասին, ևս լուծում է տրվելու։

«Բնականաբար, փոփոխության դեպքում դա կապ է ունենալու ուսուցիչների պակասի կամ որակյալ ուսուցիչներ ունենալու խնդրի հետ։ Եթե հանրակրթության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, հնարավոր չէ դրանք  հատվածական անել։ Զուգահեռաբար նաև բարեփոխումներ են իրականացվում՝ ուսուցիչների շարունակական կատարելագործման, աշխատավարձի բարձրացման մեխանիզմների ներդրման, Մանակավարժական համալսարանի վերափոխման, առարկայական և ընդհանուր ծրագրերի վերայաման ուղղությամբ»։

Նախագիծն առաջիկայում կհաստատվի, սակայն դրույթները կգործարկվեն 2026-ից։ Մինչ այդ ոլորտը համակարգող գերատեսչությունը առաջարկը  պիլոտային եղանակով կփորձարկի ու կվերլուծի, թե դասարաններում աշակերտների թիվը փոքրացնելու հետևանքով որքանով կավելանան դասաժամերը, քանի ուսուցչի կարիք կլինի և այլն։

«Եվ մինչև 26 թվականը մենք պետք է այդ վերլուծություններն ունենանք, լուծումները ունենանք և արդեն սահուն անցում անենք այդ համակարգին», վստահեցնում է նախարարության ներկայացուցիչը։

«Որակյալ կրթություն ստեղծելու համար, այո, ինչ–որ բան պետք է ներդնել։ Օրինակ եթե ուսուցղիչների թիվ է պետք ավելացնել ուրեմն պտեք է ավելացնել, գումարների հետ կապված խնդիրեր լառաջանան վճարելու և այլն, այո, դա պետք է արվի։ Բա եթե կրթության որակի բարձրացման մասին ենք խոսում այդ դեպքում պետք է բոլոր նախադրյալները հաշվի առնենք ու աշխատենք այդ ուղղությամբ։ Չի լինի քիչ բան ներդնենք որակյալ բան ստանանք։ Էդպիսի բան չի լինում»,- ասում է ուսուցիչը։

Նախագծը դեռ e-draft համակարգում է։ Խնդրին առնչվող բոլոր կողմերը սպասում ենփոփոխությանը։

Կարդացեք նաև

Back to top button