
Մալագա իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել է 2027թ. Համաշխարհային ցուցահանդեսին (Expo 2027) Մալագայի թեկնածության առաջադրման հանդիսավոր միջոցառմանը, որի շրջանակներում ելույթներով հանդես են եկել Իսպանիայի արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն և Իսպանիայի արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարար Մարիա Ռեյես Մարոտո Իյերան։


Այցի շրջանակներում դեսպանը հանդիպել է Անդալուսիայի Տոռեմոլինոսի քաղաքապետ Մարգարիտա դել Կարմեն դել Սիդ Մունյոսի հետ։ Քննարկվել են Տոռեմոլինոսի և Հայաստանի քաղաքների միջև տնտեսական, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հաստատման հնարավորությունները։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին` տեղի հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։

Դեսպան Ավետիսյանը հանդիպել է նաև Մալագայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են համայնքային կյանքին առնչվող խնդիրները, մտքեր են փոխանակվել համագործակցության ծավալման և համատեղ ծրագրերի իրագործման շուրջ։




