Ապրիլին Հայաստան էր ժամանել Օքսֆորդի համալսարանի բակալավրիատի ընդունելության գործառնությունների ղեկավար, մեր հայրենակից Մարիաննա Ասատրյանը: Նա ծնվել, մեծացել է Երևանում, դպրոցական ու բարձրագույն կրթություն է ստացել այստեղ, հետևաբար կրթական համակարգի խնդիրները անձրևների հետ չէ, որ հասել են Լոնդոն: Ամեն բան իր սեփական փորձից գիտի:
Կրթության մասնագետը եղել է մի քանի համալսարաններում ու փորձել հասկանալ, թե այդ ի՜նչ մեծ ճեղվածք կա դպրոցական ու բարձրագույն կրթության միջև, որ մեզ թույլ չի տալիս ունենալ բառիս ուղիղ իմաստով հզոր կրթական համակարգ:
Հայաստանի հետ ամուր կապ պահելն ու կրթության մեջ իր ունեցած փորձն ի շահ երկրի ծառայեցնելն էր, որ Մարիաննային ոգեշնչեց մի քանի այլ մարդկանց հետ ստեղծել «Օքսֆորդ Արմենիա» հիմնադրամը, որը ձևավորվեց պատերազմից հետո, գրանցվեց Մեծ Բրիտանիայում 2021 թվականին:
Մարիաննան Մեծ Բրիտանիայում չգիտի որևէ այլ կազամակերպություն, որի միակ թիրախը Հայաստանում կրթական ծրագրերի իրականացումն է:
Համաշխարհային բանկի՝ 2021 թվականի տվյալների համաձայն, Հայաստանում մինչև տասը տարեկան երեխաների 35 տոկոսը դժվարանում է կարդալ ու հասկանալ պարզագույն տեքստեր:
Հղումը՝ https://bit.ly/3OrDdtM
Սա բավական խնդրահարույց ցուցիչ է մեր կրթական համակարգի համար ու մասնագետը փորձում է վերլուծել, թե ինչո՞ւ է այդպես ստացվել:
Արդյո՞ք հայաստանյան բուհերը կարող են մրցակցել աշխարհի առաջատար կրթական հաստատությունների հետ, ի՞նչն է 21-րդ դարում կրթության որակի ցուցանիշը: Այս և այլն խնդիրներին է անդրադառնում աշխարհի ամենահեղինակավրո բուհերից մեկի աշխատակցուհին: