
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մի քանի օր է, ինչ Հայաստանում է անցկացնում իր հանգիստը: Այցի հիմնական նպատակը Մասիս քաղաքում կառուցած եկեղեցու բակում կազմակերված ծառատունկին և Ներքին Չարբախում իր սովորած դպրոցում «Աբրահամի անկյուն» մարզադպրոցի բացմանը մասնակցելն է։
Մեկ շաբաթից կմեկնի Գերմանիա և կպատրաստվի կյանքի ամենակարևոր՝ փետրվարին Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնության մենամարտին, որտեղ մրցելու է գերմանացի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիրլիցի հետ։ «Ներկա պահին իմ կյանքի ամենակարևոր մենամարտն է և իմ ամենակարևոր անելիքը, որը ես պարտավոր եմ անել, այդ մենամարտում հաղթելն է»։
Չհաղթելու դեպքում Արթուրը կմտածի արդեն ռինգը լքելու մասին: Այժմ իր հմտությունները մատաղ սերնդին փոխանցելու մասին չի մտածում: Մարզասպարեզը թողնելուց հետո կմտածի դրա մասին, քանի որ, ըստ նրա, այն մեծ աշխատանք է պահանջում և դրա համար դեռ ժամանակ չունի:
Քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն ինտերնետով հետևում է իրադարձություններին, տեղյակ է հայրենիքում տեղի ունեցող ամեն ինչին։ Սոցցանցերում ժամանակ քիչ է անցկացնում և քիչ է պատասախանում ֆեյսբուքյան հարցերին: Թեև իր գործունեությունը ծավալում է Գերմանիայում, սակայն իր հայրենիքը չի փոխի ոչնչի հետ։
Գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբում հանդես եկող մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի հետ էլ բռնցքամարտիկը կապեր է պահպանում: Ժամանակ լինելու դեպքում էլ դիտում վերջինիս խաղերը։ Տեղեկացնենք նաեւ բոլոր երկրպագուհիներին, որ Արթուր Աբրահամի սիրտն արդեն զբաղված է։




