
Դիմադրության շարժումը հայտարարում է պայքարի մարտավարությունը փոխելու մասին։ Մեթոդներն ու գործողությունները կարող են սրբագրվել, բայց բուն պայքարը չի դադարել, չի դադարի՝ փոխանցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին անհասկանալի են համարում, թե ընդդիմությունն ինչքան է շարունակելու ակցիաները՝ նկատելով՝ քաղաքացիներն իրենցից են պահանջում կարգավորել երթևեկությունը, որպեսզի իրենք անհարմարություններ չկրեն։ Աիդա Ավետիսյանն է անդրադարձել ներքաղաքական իրադարձություններին։
Դիմադրության շարժումը խմբագրում է իր օրակարգը։ Մարտավարության փոփոխության մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Պայքարի մեթոդներն ու գործողությունները հնարավոր է սրբագրվեն, սակայն բուն պայքարը չի դադարելու՝ իրենց համախոհներին է փոխանցել պատգամավորն ու շեշտել՝ պայքարի միակ նպատակը հաղթանակն է։ Գեղամ Մանուկյանը մի քանի արձանագրում է արել։
«Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ընկրկել, հաստատակամ ու ամուր առաջ ենք շարժվել:
Հրապարակն այսօր կոչվում է Ֆրանսիայի, բայց վաղն այլ հրապարակում կլինենք, մյուս օրն՝ այլ։ Մենք այս օրերին ցույց տվեցինք, որ ցանկացած հրապարակ մեզ համար բաց է։ Չէ՞ որ քանի անգամ է եղել Հանրապետության հրապարակում ևս տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությամբ շատերից եմ լսել առաջարկներ՝ վերջ, մնում ենք այստեղ։
•Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ունեցել փակ տարածքներ, վայրեր։ Որոշել ենք ու արել ենք։ Կանգնել ենք, շրջափակել ենք, կռիվ ենք տվել»։
Մինչ Մանուկյանը ընդդիմության 40-օրյա ակցիաները նաև նյարդերի պայքար է որակում, իշխանական թևում անհասկանալի են համարում, թե ընդդիմությունն ինչքան է շարունակելու ակցիաները։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ընդդիմության ակցիաների նախ իմաստը չի հասկանում ու չի բացառում, որ իշխանությունը Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշում էլ կայացնի։ Իշխանությունները քաղաքացիների կողմից մեծ ճնշման տակ են, պահանջում են, որ երթևեկությունը կարգավորվի, բացվեն փողոցները, և իրենք անհարմարություններ չկրեն:
«Ակցիաները պետք է լինեն արտոնված, բայց չպետք է վերածվեն զանգվածային անկարգությունների և այլն։ Ինչի են հասնելու չգիտեմ, մի կողմից սա , մի կողմից էլ քաղաքացիների կողմից ուժեղ ճնշման տակ ենք հիմա։ Իշխանություններին անընդհատ ասում են, որ երթևեկությունը պետք է կարգավորել։ Բավականին լուրջ ճնշման տակ ենք։ ցանկացած շփում քաղաքացիների հետ այսօր դա է՝ բացել փողոցները»։
Ինչպես կավարտվեն ընդդիմության ակցիաները, Արմեն Խաչատրյանը չգիտի, սակայն հուսով է, որ ընդդիմությունը բնականոն աշխատանքի կվերադառնա։ Արդեն շուրջ 40 օր է՝ ընդդիմությունը բոյկոտել է նաև իր խորհրդարանական աշխատանքը՝ այդպիսով փորձելով նաև իր անվստահությունը հայտնել Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսի ու Արցախի հարցող տարվող բանակցությունների ընթացքի վերաբերյալ։

Բոյկոտն ու երկրի ներսում անհնազանդության զանգվածային ակցիաներն ի՞նչ արդյունք արձանագրեցին՝ գնահատումները տարբեր են։ Ընդդիմության գործողություններին արձագանքելով՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիմադրության շարժումն, այնուամենայնիվ, հասնելու է ցանկալի արդյունքների։ Դրան զուգահեռ՝ իշխանական թևում արձանագրում են՝ Հայաստանում քաղաքական ճնաժամ չկա: Կա ընդդիմության բացակայություն խորհրդարանում, մինչդեռ կարող էին գալ ու հենց այստեղ իրենց մանդատի բերումով բարձրացնել մտահոգող հարցերն ու զբաղվել դրանցով։ Ի դեպ՝ մանդատների մասով․ ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու ուղղությամբ քայլեր չեն արվել։
«Իշխող ուժի հակվածությունը պայմանավորված է ընդդիմության վարքագծով. կտեսնենք՝ ինչպես է իրեն դրսևորում ընդդիմությունը, ըստ այդմ էլ որոշում կկայացնենք»,-ասաց Խաչատրյանը:
Ինչպիսին կլինի ընդդիմության քայլերի ընթացքը՝ առաջիկա օրերին պարզ կդառնա։ Իսկ մինչ այդ երկու թևերն իրար մեղադրում են ոչ միայն քաղաքական մոտեցումների, այլև կոնկրետ գործողությունների մեջ։ Ընդդիմության պատգամավորները բարձրաձայնել են իրենց բնորոշմամբ սադրանքի մասին՝ ներկայացնելով, որ վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում, ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ ոստիկանների աչքի առաջ անհայտ անձը կարողացել է ճեղքել ոստիկանների շղթան ու վարել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկի վրա, որտեղ քաղաքացիներ են եղել։
«Ոստիկանների աչքի առաջ կարողացավ ճեղքել ֆրանսիայի հրապարակում բազմաթիվ ոստիկանների ու կարմիր բերետավորերի շղթան ու քշել այս վրանի ուղղությամբ, որտեղ քաղաքացիներ կային։ Որևէ հնարավորություն չկար հասկանալու, թե ինչ վնաս կարող էր պատճառվել քաղաքացիներին»։
Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արա Ֆիդանյանն անդրադարձել է Ֆրանսիայի հրապարակի դեպքերին ու հակադարձել այն պնդումներին, թե ոստիկանության աչքի առաջ է տեղի ունեցել անկարգությունը և ոչինչ չի ձեռնարկվել նրանց կողմից։
«Անմիջապես այդ միջադեպից հետո տվյալ անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին և պարզաբանումներ են ներկայացրել ներկայիս կարգավիճակի մասին։ բայց որ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել, դա ակնհայտ է»։
Ամեն դեպքում՝ ընդդիմության շարքերում սպասում են հունիսի 15-ին՝ ըստ այդմ ինչ-ինչ որոշումների, իսկ այդ ընթացքում իշխանական թևում սպասում են, թե ընդդիմությունն ինչպես կհիմնավորի հայտարարված պայքարի հնարավոր ձախողումը։




