
Ի՞նչ հեռահար նպատակներ ունի ռազմաքաղաքական կառույցների ընդլայնումը։ Փորձագետներն այս հարցը դիտարկում են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի հնարավոր անդամակցության համատեքստում՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը։ Ընդլայնման թեման ակտիվ է նաև ՀԱՊԿ-ում։ Ռազմաքաղաքական այս կառույցում էլ քննարկում են ԱՊՀ- ին դիտորդի կարգավիճակ տալու հարցը։
Աշխարհում ռազմաքաղաքական կառույցներն ընդլայնման միտումներ են դրսևորում։ Ռուս-ուկրաինական պատերազմը հենց Ռուսաստանի սահմաններին մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնումը թուլ չտալու համար սկսվեց։ Սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործընթացը կանգ չի առնում։ Ֆինլանդիան ու Շվեդիան ցանկանում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Ընդ որում՝ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին նախազգուշացրել է անդամակցությունը ձգձգելու վտանգների մասին։ «Երկու երկրները առաջ են գնալու ձեռք ձեռքի տված»,-հստակեցրել է նա։ Այս հարցում խոչընդոտ է ստեղծում Թուրքիան՝ դեմ արտահայտվելով Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը։ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը գործընթացը դիտարկում է Ռուսաստանին զսպելու համատեքստում։
«Կարծում եմ, որ Ֆինլանդիայի անդամակցության թեման նպատակ ունի ոչ թե դառնալու ռեալ քաղաքականություն, այլ զսպելու Ռուսաստանին։ Այսպիսով՝ հավաքական Արևմուտքը ՌԴ-ին ազդակ է հղում, որ եթե դժգոհ էիք, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվում է դեպի Ուկրաինա, ապա այս դեպքում կարո՞ղ եք նույն չափով դժգոհել ու նույն միջոցներին դիմել, երբ Ֆինլանդիան ուզում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Կարծում եմ, որ Ֆինլանդիայի հարցն է, որ պետք է բերի կողմերին բանակցությունների»։
Միաբևեռ աշխարհը փլուզվում է՝ ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Միացյալ Նահանգները փորձում է որքան հնարավոր է պահել իր դիրքերը։
«Հիմա ԱՄՆ-ն փորձում է քայլեր անել իր առաջատար դիրքերը պահելու համար, եթե ոչ աշխարհում, ապա գոնե աշխարհի մի մասում։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նաև այդ տրամաբանության մեջ եմ տեսնում, որ փորձում է նոր երկաթե վարագույր իջեցնել ՌԴ-ի և Չինաստանի առաջ»։
Ընդլայնման շրջանակներում պետք է դիտարկել նաև Ուկրաինային Եվրամիության անդամի պաշտոնական թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը, ինչին դեմ են ԵՄ 27 անդամներից երեքը։ Հարցը մի քանի օրից կքննարկվի Բրյուսելում։ ԵՄ մի քանի երկրներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ առաջարկում են Ուկրաինային ժամանակավոր կարգավիճակ տալ, ինչը կամրապնդի երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ:
Ընդլայնման թեման ակտիվ է նաև ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցում։ Մոտ մեկ ամիս առաջ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, առաջարկել էր ՀԱՊԿ-ում ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տալ: «Հարկավոր է ընդլայնել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության մեր գործընկերների հետ»,- ասել էր Պուտինը: Այս հարցում Երևանի համար թերևս խնդրահարույց կարող է լինել Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, կարող է վետոյի իր իրավունքն օգտագործել ու թույլ չտալ Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ ստանալ կառույցում։ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը հարցն ընթացիկ իրողություններում է դիտարկում։
«Եթե ՀՀ-ն ու Ադրբեջանն ընտրել են ճանապարհ, որ գնում են խաղաղության, ապա քաղաքական օրակարգը այլևս որոշված է, և հարցը բանակցային սեղանի վրա է։ Եվ եթե մեր բոլոր գործընկերները, նաև արևմտյան, համահունչ են այդ դիրքորոշմանը, որ տարածաշրջանը պետք է գնա խաղաղության և կայունության ճանապարհով, ապա այս դեպքում Հայաստանը հստակ հիմնավորում պետք է ունենա, թե ինչու է վետո դնում Ադրբեջանի՝ ԱՊՀ-ի հնարավոր դիտորդ դառնալու անդամակցությանը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծիք է հայտնել, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարվել։
«Սա մի բան է, որը մեզ պետք է ստիպի մտածել։ Ի՞նչ է կատարվում մարդկության հետ, որը մեկ դարում վերապրել է երեք համաշխարհային պատերազմ… Դա վատ է մարդկության համար, դա աղետ է»,-ասել է Հռոմիպապը:
Արմինե Մարգարյանի կարծիքով՝ երրորդ համաշխարհային պատերազմի տարրերը վաղուց էին տեսանելի, և այս վիճակը դեռ երկար կշարունակվի։
«Չպետք է արագ լուծումներ սպասենք։ Եվ նույնիսկ եթե պատերազմն ավարտվի , կսկսվի ճգնաժամի մեկ այլ փուլ, որը տասնամյակների բանակցային գործընթաց կպահանջի։ Սա պատերազմի ակտիվ ֆազան է, որի ընթացքում տարբեր պետություններ փորձում են առաջատար դիրքեր գրավել, ու այստեղ ամենացայտունը գործում է Թուրքիան։ Այս իրավիճակը զուգորդվում է սարսափելի տնտեսական ճգնաժամով»։
ՀՀ-ն աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում պետք է հարաբերվի տարբեր ուժային կենտրոնների հետ՝ ասում է փորձագետը, քանի որ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում ամենից շատ, ըստ նրա, տուժում են փոքր երկրները։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համաձայն է այս կարծիքին։
«Ողջ աշխարհում ագրեսիայի աճ է նկատվում՝ ասում է վերլուծաբանը և զգուշացնում՝ վտանգավոր ժամանակաշրջան ենք թևակոխում, որը բոլորին է սպառնում»։




