
Բաղրամյան համայնքի սահմանամերձ բնակավայրերի անջրդի տարածքները վերջին տասնամյակում դարձել են ոռոգելի: Հողերը մշակում են ոչ թե տեղի բնակիչները, այլ օտարերկրյա խոշոր ներդրողները։ Նախկին քարքարուտների մեծ մասն այժմ վարելահողեր ու տնկարքներ են: Հողերն օտարվել են, համայնքը խոշորացվել է, բայց գյուղի կյանքն առանձնապես չի փոխվել:
Վանանդ գյուղի 3214 հա ընդհանուր տարածքից 2400 հա-ն արդեն ոռոգելի է։ Ամեն տարի խոշոր սեփականատերերը մշակովի տարածքներն ավելացնում են շուրջ 100 հեկտարով. նշի, ընկույզի, կեռասի, պիստակի այգիներ են հիմնում: Գյուղացիներն աշխատում են այդ այգիներում: Սուսաննա Հարությունյանի ընտանիքը 2002թ.-ից Վանանդում է ապրում, Թալինից են եկել։
«Թալինում աշխատանք չկար, այստեղ սեզոնային էր գործը, եկանք, աշխատեցինք, որպեսզի մեր գոյությունը պահեինք: Գերադասեցինք օրը 3000 դրամով չարչարվել, տանջվել, բայց սոված չմնալ»:
Թալինից հետո Վանանդում դժվարությամբ են հարմարվել: Սեփական հող չունեն, տնամերձ հողամասում պտղատու ծառեր են տնկել, տնամերձը Միչուրինի այգին դարձրել: Սեզոնին աշխատում են այլ հողերում:
«Ծիրան հավաքելու ժամանակ ծիրան ենք հավաքում. տղաս ծառերի բներն է փորում, բաժակներ՝ բացում, տնկիների համար փոսեր փորում, օրական 5000-6000 դրամ են ստանում»:
Վերջին տարիներին գյուղի արոտավայրերն ամբողջությամբ մշակվում են, ինտենսիվ այգիներ են հիմնել՝ ասում է Ալեքսան Գևորգյանը: Նա էլ է որոշել այգեգործությամբ զբաղվել. սեփականաշնորհված հողամասում ծիրանի ու դեղձի տնկիներ է տնկել, արանքներում՝ անասնակեր ցանել:
«Ոռոգման ջուրն է խնդիր: Այն չի բավարարում, քանի որ հիմա բոլոր հողերը, արոտավայրերը մշակվում են: Չգիտենք էլ՝ պարսիկնե՞ր են առել, Ամերիկայի՞ց են, որտեղի՞ց են, չգիտենք: Առայժմ միայն պիստակ են մշակում, արդեն երկու տարի է, դեռ բերք չեն ստացել»:
Արոտավայրերը պակասել են, անասուններին սեփական հողամասերում են արածեցնում՝ ասում է զրուցակիցս։ Մի կով ու երկու հորթ ունի. բազմազավակ ընտանիքը կառավարությունից է այս աջակցությունը ստացել, հիմա անասունները կերակրում են բազմազավակ ընտանիքին:
«Մենք անասուններին մարտից արդեն արոտ ենք տանում, բայց այս տարի ուշ տարանք, չնայած արդեն արոտ էլ չկա: Մեր գյուղի եզդիներն օրական 8000-10000 գլուխ ոչխար են արածեցնում՝ մինչև կբարձրանան սար»:
Ալեքսան Գևորգյանը 10 երեխա ունի, վեցն անչափահաս են: Ավագ որդին 26 տարեկան է, կրտսերը՝ 3 ամսական: 14 հոգով ապրում են 3 սենյականոց փոքր տան մեջ: Նեղվածք է, որոշել են տունն ընդարձակել և մի սենյակ ավելացնել: Շինարարությունը սկսել են, բայց մտավախություն ունեն, որ դժվարությամբ են ավարտին հասցնելու՝ ասում է բազմազավակ ընտանիքի մայրը՝ Նարինե Գևորգյանը։
«Երկու ննջարան ունենք, մեր բաղնիքը ննջարան ենք սարքել, խոհանոցը շատ փոքր է, չենք կարողանում տեղավորվել: Ուզում ենք մի քիչ մեծացնել, տեսնենք՝ ոնց կավարտենք»:
Վանանդում թեթև քամուց փոշու ամպեր են գոյանում, փողոցները կիսաքանդ են: Գյուղի միակ լուսավոր կետը դպրոցն է. 11 տարի առաջ Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով և համայնքի ներդրմամբ հիմնանորոգվել են 2 մասնաշենքերը։ Այստեղ պետք է տեղակայվեր նաև գյուղի մանկապարտեզը: Դպրոցը գործում է, բայց մանկապարտեզը դեռ չի բացվել: Խոշորացումից հետո առաջին քայլերն են արվում Վանանդի բարեկարգման ուղղությամբ՝ ասում է Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը։
«Լուսավորության համակարգն ենք թարմացրել, խմելու և ոռոգման ցանցի վրա ենք աշխատելու՝ վնասված հատվածները փոխելու ենք: Նախատեսել ենք ասֆալտապատել նաև Վանանդի կենտրոնական փողոցը»:
Կենտրոնական փողոցը սուբվենցիայով է ասֆալտապատվելու: Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանն ասում է, որ ծրագրի հաստատումից հետո կսկսեն աշխատանքները:
«Բաղրամյան խոշորացված համայնքը նախնական հայտեր ներկայացրել է, և հիմա ամբողջական փաթեթներն են կազմվում: Համայնքի վեց բնակավայրերում ասֆալտապատման ծրագրեր կան, որից մեկը՝ Վանանդում: Նախնական ծրագրով 400 մ ասֆալտապատում է նախատեսվում»։
Վանանդը մոտ է սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ գյուղերին, որտեղ երկար տարիներ հասարակական տրանսպորտ չկա: Տարիներ առաջ համայնքապետարանները փորձել են խնդիրը սեփական միջոցներով կարգավորել, բայց կարճ ժամանակ անց երթուղին դարձյալ չի շահագործվել: Վանանդի բնակչուհի Սուսաննա Հարությունյան.
«Շատ դժվար է այստեղ ապրելը: Գլխացավի մի դեղ առնելու համար պետք է 3000 դրամ տանք տաքսուն, իջնենք ներքևի գյուղերը, առնենք, հետ գանք, տրանսպորտ չկա: Կուզեի տրանսպորտի հարցը լուծվեր, շարժ լիներ, և հետո՝ դեղատուն բացեին»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ հեռավոր գյուղերի տրանսպորտի հարցը կարգավորելու համար առաջիկայում միասնական երթուղիների մրցույթ է անցկացվելու։
«Շահող ընկերությունը թեև որոշ երթուղիներից վնաս կկրի, բայց որոշ երթուղիներ էլ բավական եկամտաբեր կլինեն և կկարողանա սպասարկել»:
Մրցույթը կայացել է, բայց արդյունքները վիճարկվում են դատարանում, իսկ սահմանամերձ համայնքների բնակիչները դեռ սպասում են:
Վանանդում գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներն արդեն սկսվել են, խոշորացված հողատարածքներում տարբեր բնակավայրերից են գալիս աշխատելու: Համայնքի նախկին ղեկավար Ջիվան Մանուկյանն ասում է՝գյուղում աշխատանքը շատ է, աշխատուժը չի բավականացնում: Իր սեփական հողերը մշակելու համար Ուզբեկստանից էժան աշխատուժ է հրավիրել:
Վանանդի բնակիչները հուսով են, որ խոշորացումից հետո իրենց համայնքում փոփոխություններ կլինեն, ու գյուղում կյանքը կբարելավվի:













