
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
ՀԲ-ն Հայաստանին դեռ տասը տարի առաջ էր առաջարկում ազատականացնել ավիաոլորտը, սակայն այդ ժամանակ քաղավիցիայի կողմից առաջարկը մերժվեց, եթե պատեազմ լինի, ապա այլ ավիափոխադրողներ չեն թռչի Հայաստան պատճառաբանմամբ: Եվ շուրջ տասը տարի հետո, երբ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սնանկացավ, «բաց երկնքի քաղաքականությանն անցնելու» անհրաժեշտությունը նկատվեց։ Կառավարությունը համապատասխան հայեցակարգը հաստատելուն վերաբերող արձանագրային որոշումն ընդունեց այս տարվա հունիսին: Իսկ այսօր արդեն հավանության արժանացրեց համապատասխան հայեցակարգը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և կային տարբեր իրարամերժ մոտեցումներ՝ խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակը: Ազգային մրցունակության խորհուրդը պայմանագիր է կնքել աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ «Մաքքենզի» ընկերության հետ, որը վարձել է աշխարհի լավագույն մասնագետներին, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար մշակի այս բնագավառի ռազմավարությունը։ «Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է համախառն ներքին արդյունքի աճին, ստեղծելու է նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները դարձնելու է հարմարավետ և գները նվազելու են»։
Փորձագետների հաշվարկներով՝ «Բաց երկնքի» քաղաքականությունը 1-2 տոկոս տնտեսական աճ կապահովի, կստեղծվի 18-23 հազար աշխատատեղ: Բարեփոխումները տեսանելի կլինեն առաջիկայում, սակայն հատկապես տոմսերի գները հնարավորինս շուտ կնվազեն։ «Ազգային ավիափոխադրողները հազվադեպ են շահույթով աշխատում»,- նկատում է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Պատասխանելով հարցին, թե քանի ավիաընկերություն կարող է աշխատել Հայաստանում, նշեց. «Դա կախված է շրջանառությունից, այն շրջանառությունը, որ մենք այսօր ունենք, շատ դժվար է ասել, թե տվյալ երկրում քանի ավիափոխադրող է աշխատել: Սովորաբար՝ շատ մեծ երկրներում անգամ երեքից ավել ավիափոխադրողն արդեն պրոբլեմ է»։
Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանի փոխանցմամբ՝ Հայաստանը փորձում է գրավիչ գործարար միջավայր ստեղծել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան փոխադրողների համար։




