
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Այս տարվա երրորդ եռամսյակում 8-ով ավելացել են լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի ու զրպարտության հիմքով դատարան ներկայացվող հայցերը՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 20-ի, այսօր ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա ներկայացրել է լրագրողների իրավունքների խախտումների և խոսքի ազատության վիճակի մասին 2013-ի երրորդ եռամսյակի զեկույցը: Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված խախտումներն ավելի շատ են, քան 2012-ի նույն ժամանակահատվածում և ավելի քիչ, քան՝ նախորդ եռամսյակում:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյա և տարեկան պարբերականությամբ ներկայացնում է զեկույցներ Հայաստանում լրատվամիջոցների գործունեության միջավայրի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ներկայացված վերջին՝ 2013-ի երրորդ եռամսյակի պատկերն արձանագրող զեկույցը լրատվամիջոցների համար այդ ժամանակահատվածը որպես «լարված» է բնորոշում:
Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ՝ նման գնահատականը պայմանավորված է հասարակական կյանքում տեղի ունեցած իրադարձություններով: Խոսքը, մասնավորապես, լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության այն դեպքերի մասին է, որոնք արձանագրվել են քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ և ի պաշտպանություն Փակ շուկայի կազմակերպված քաղաքացիական ակցիաների ժամանակ: «Իհարկե, լրագրողներն ու լրատվամիջոցները պետք է լուսաբանեին այդ իրադարձությունները, բայց լուսաբանման ընթացքում, ցավոք, խոչընդոտման տհաճ միջադեպեր են եղել»։
2013-ի երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության մեկ դեպք: Սա սեպտեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Սուրբ երրորդություն» եկեղեցում news.am կայքի լրագրողի և Սամվել Ալեքսանյանի միջև տեղի ունեցած միջադեպն է, որն այլ զարգացում չի ունեցել։
Լրատվամիջոցների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակն այս եռամսյակում հասել է 15-ի, դրանցից 6-ն են քաղաքացիական շարժումների ընթացքում լրագրողների գործունեության խոչընդոտումները: Ի դեպ՝ կոմիտեն այդ ճնշումների մեջ ներառել է այն դեպքը, երբ Մաշտոցի պուրակում իրենք՝ ակտիվիստները, թույլ չտվեցին, որ մի քանի հեռուստաընկերություններ լուսաբանեն իրենց նախաձեռնությունը։ «Այդ առիթով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 5 այլ կազմակերպությունների հետ հայտարարությամբ հանդես եկավ. մի կողմից՝ նշեցինք այդպիսի խոչընդոտման անթույլատրելիությունը, մյուս կողմից՝ այդ հեռուստաընկերություններին կոչ արեցինք ուշադրության կենտրոնում պահել շարժումը և օբյեկտիվորեն լուսաբանել այն»։
Լրատվամիջոցների դեմ ճնշումների մեջ ներառվել են նաև այն հայցերը, որոնք դատարան են ներկայացվել 2013-ի երրորդ եռամսյակի ընթացքում: Իսկ դրանք եղել են 8-ը ՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի ու զրպարտության հիմքով դատական հայցերի ընդհանուր թիվն այս տարվա 9 ամիսների կտրվածքով հասցնելով 20-ի։ «Եթե համեմատենք 2012-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա պետք է նշենք, որ 2 անգամով դատական գործերի քանակն աճել է»։
Հակառակ լրատվամիջոցների դեմ ներկայացվող դատական հայցերի քանակի նման աճին՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նշում է նաև դրանց քննության որակի փոփոխությունը: Դատարանները, ըստ Աշոտ Մելիքյանի, փոքր-ինչ վերանայել են իրենց մոտեցումները զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող հայցերի քննության ընթացքում. սկսել են ավելի հավասարակշռված քննել այս բնույթի վեճերը, հրաժարվել են փոխհատուցման դրամական պահանջները վերին շեմերով բավարարելու մոտեցումից։
Ի դեպ՝ դատական 8 գործերից երկուսը ուշագրավ են նրանով, որ լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնողը նույնպես լրատվամիջոց է: Դրանիցի մեկով, օրինակ, «Շանթ» հեռուստաընկերությունը վիճարկում է «Իրավունք» թերթում տպագրված և «Շանթի հերթական գցոցին» վերնագրով հրապարակմամբ տարածված տեղեկությունները: Հեռուստաընկերությունը թերթից հերքում և 3 մլն դրամ փոխհատուցում է պահանջում ՝ վիրավորանքով ու զրպարտությմաբ պատճառված վնասի դիմաց։




