
Մարտի 7-ի երեկոյան Պրահայի ամրոցի Վլադիսլավյան պատմական դահլիճում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխահայ հայտնի գործարար, «Մարլենկա Ինթերնեշընլ» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանին հանձնել է դեռեւս անցյալ տարի շնորհած Ծառայությունների համար Առաջին Աստիճանի մեդալը։ Այս մասին հայտնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը՝ հղում անելով Օրեր ամսագրին:
Անկախ Չեխիայի պատմության մեջ Գեւորգ Ավետիսյանն առաջին հայն է, որ արժանանում է նման բարձր պարգեւի։

Հանդիսավոր արարողության ժամանակ Չեխիայի բարձրագույն պարգեւների են արժանացել չեխական մշակույթի ու գիտության, քաղաքական ու հասարակական կյանքի, մարզական աշխարհի, բիզնես աշխարհի մոտ 60 ներկայացուցիչներ, այդ թվում հայտնի դերասնուհի Յիրինա Բոհդալովան եւ հետմահու՝ հանրաճանաչ երգիչ Կարել Գոտտը։ Քովիդի եւ նախագահի հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգվել էր պարգեւների հանձնման արարողությունը։
Իր ելույթում նախագահ Զեմանն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին, եւ իբրեւ աջակցություն ուկրաինացի ժողովրդին, կոչ արել գումարներ ուղարկել կաթոլիկ հիմնադրամին, որը օգնում է ուկարինացի փախստականներին։
Հանդիսավոր արարողությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ուրախությամբ նշել է, որ Գեւորգ Ավետիսյանի պարգեւատրումը նաեւ հայության հպարտությունն է, եւ բարձր է գնահատում հայ գործարարի ներդրումը ոչ միայն Չեխիայում, այլեւ չեխ-հայկական հարաբերությունների զարգացման եւ Հայաստանի հետ կապերի ամրապնդման գործում։




