
Արդեն մեծ էկրանին է ռեժիսոր Արման Գևորգյանի «Վերադարձ» ֆիլմը՝ հայ- կիպրական համատեղ արտադրության։ Հայրենիքից հազարավոր կիլոմետրերով հեռու ապրող հայ երիտասարդին հայրենիքի հանդեպ սերն ու Հայաստանում գտած սերը ստիպում են գնալ անձնազոհության եւ կյանքը վտանգելով` իսլամական ահաբեկիչների գերությունից փրկել սիրիահայ ընտանիքի անդամներին:
Կարմիր գորգ, սաքսոֆոն, հայտնի հայ դերասաններ․ առիթը «Վերադարձ» ֆիլմն է, հիմքում՝ իրական պատմություն։ Հայաստանում ու Կիպրոսում 2019-ից նկարահանվող ֆիլմում երկու ընտանիքի ճակատագիր է։ Գլխավոր հերոսներից մեկը կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որը խաղում է ինքն իրեն, անգամ անունն է նույնը: 24-ամյա Յուրին ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, եղել առաջնագծում, մինչեւ զինվորական կյանքը հայտնվել հունական «Ձայնը» նախագծի եզրափակչում, ապա նույն նախագծի ռուսական տարբերակի կիսաեզրափակչում:
Ֆիլմում նաեւ սիրիաբնակ ընտանիք է, որը պատերազմի պատճառով փորձում է փախչել Հայաստան, սակայն այս ճանապարհը բեկում է ընտանիքի ճակատագիրը։ Հոր դերը ծանր է, այն խաղում է Սարգիս Գրիգորյանը։
Այս պատմությանը հանդիսատեսը լարված է հետեւում։ Ֆիլմի սյուժետային գծերն անսպասելի հատվում են Կիպրոս-Սիրիա-Հայաստան ճանապարհներին։ Ռեժիսոր Արման Գեւորգյանը ասում է՝ ֆիլմը նախ սիրո մասին է.
«Ասելիքը շատ է։ Սեր՝ մարդկանց, հայրենիքի, ընտանիքի նկատմամբ… Այս Ֆիլմը շատ բարի էնեգետիկայով է լի։ Եթե ամբողջացնելու լինեմ, կարող եմ ասել` այն հույսի շող արթանացնող պատմություն է»,-ասում է նա:
Ֆիլմ դարձած իրական պատմության հիմքով նախ ցանկացել են տեսահոլովակ նկարել, բայց ի վերջո կանգ են առել ֆիլմի գաղափարի վրա՝ պատմում է սցենարիստ Հարություն Ղուկասյանը։ «Վերադարձի» գլխավոր հերոսների մեծ մասը սփյուռքահայ են.

«Չնայած սցենարի հիմքում սերն է, բայց ողջ պատմությունը սիրո մասին չի։ Բավականին լուրջ հարաբերություններ կան՝ ծնող, երեխա, սիրած մարդ ,հայրենիքի հանդեպ վերաբերմունք։ Ի վերջո, մեր հերոսը ճակատագրական որոշում է կայացնում ու վերադառնում հայրենիք։ Ամբողջացնելով՝ կարող եմ ասել, որ սա պատմություն է հայորդու մասին, որն ապրելով դրսում՝ հայրենիքի հետ կապն այնքան ամուր է պահում, որ ճակատագրի բերումով դառնում է մեկ այլ հայ ընտանիք փրկող»,-ասում է Հարություն Ղուկասյանը։
Գլխավոր դերակատարը՝ Յուրին, ծնվել է Գերմանիայում, հետո ընտանիքով տեղափոխվել Կիպրոս: Հայաստանում երբեք չի ապրել։ Մասնագիտությամբ երաժիշտ տղան խաղում է ինքն իրեն:
«Սա իմ դեբյուտն է։ Ես այստեղ չեմ խաղում, ուղղակի ցույց եմ տալիս իրականությունը: Սա մելոդրամա է, որտեղ միախառնված են մարդկային ճակատագրեր, կարոտ, հայրենիք, հերոսություն, սեր, անձնազոհություն հասկացությունները:Այս Ֆիլմը օտար երկրում հայ մնալու, հայ զգալու եւ հայրենիքի հետ կապը չկորցնելու մասին է»,-հավելեց Յուրի Մելիքովը:

Դերասանուհի Դիանա Մալենկոն ֆիլմում Մարիան է, Ամերիկայից գալիս է Հայաստան ու գտնում իր սիրուն։ Կերպարը թույլ է տվել նորովի զգալ Հայաստանը։
«Ես միշտ պատկերացրել եմ՝ եթե հայ չլինեի, եթե չիմանայի հայերեն, ու Հայաստանը տեսնեի օտար մարդու աչքով, ինչպիսի՞ն այն կլիներ ինձ համար: Այս ֆիլմում ես մի պահ Հայաստանը տեսա օտարերկրացու աչքով։ Ասեմ ձեզ՝ իսկապես շատ սիրելու երկիր ունենք։ Կարծում եմ՝ բոլոր սփյուռքահայերը կհամաձայնեն ինձ հետ, որ գտնվելով դրսում, նրանց բոլորի սրտերը մեր լեռներում են»,-նշեց դերասանուհին։
Անահիտ Կիրակոսյանը սիրահայ ընտանիքի մայրն է՝ երեխաների հետ ծանր փորձության մեջ հայտնվողը։
«Կարծում եմ՝ մենք այսպիսի ֆիլմերի պակաս ունենք, որտեղ կա թեթեւություն, կա սեր… Չնայած դերս կարճ էր, բայց նկարահանումների առումով՝ բարդ: Իմ ընտանիքի մասին է խոսքը, ու էմոցիանալ ապրումներ եմ ունենում»։
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սարգիս Գրիգորյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Լուիզա Ղամբարյանը, Արսեն Լեւոնյանը, Արմեն Մարգարյանը, իննամյա Յանա Գրիգորյանը, այլք։ Աղջնակի խաղը կարողանում է հուզել հանդիսատեսին։






