
Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը:
Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «…հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):
Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:
Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:
Այս տարի Մեծ Պահքը սկսվել է փետրվարի 28-ին




