
Արմինե Գեւոգյան
«Ռադիոլուր»
Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը այս տարվա ընթացքում ինքնուրույն ոչ մի լուրջ բացահայտում չի արել, այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, սակայն Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանն էլ հակադարձեց, որ նախորդ տարվա ընթացքում հայտնաբերած խախտումներից հետո այս տարի 70 տոկոսով բարելավվել է վիճակը: Բաբկեն Պիպոյանը նշեց, որ պաղպաղակի շուկայում ստուգումներ կատարվել են այն ժամանակ, երբ Նոյի տապանն է իջել։ Արարատյանն էլ պատասխանեց. «Չգիտեի, որ Նոյի տապանը տարին մեկ իջնում է»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ը միշտ ցանկացել է համագործակցել Սննդամթերքի անվտանագության պետական ծառայության հետ, սակայն այդ փոխգործակցությունը այնքան էլ չի ստացվել։ ՀԿ-ն չունի լաբորատորիաներ, որպեսզի պարզի, թե տվյալ սննդամթերքի որակական չափանիշները համապատասխանո՞ւմ են ստանդարտներին, ուստի խախտում արձանագրելու դեպքում դիմում են Սննդի անվտանգության պետական ծառայությանը, որպեսզի իրենք որոշակի միջառումներ ձեռնարակեն, սակայն ապարադյուն։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն պաղպաղակի շուկայում հայտանաբերում է մակնշման հետ կապված խնդիր և կոչ անում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, հիմք ընդունելով պաղպաղակների սխալ մակնշումը, իրականացնել դիտարկում և փորձաքննության ենթարկել պաղպաղակները։ Փոխադարձ երկկողմանի աշխատանքներ իրականացնելու փոխարեն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, այլ որոշում է ընդունում։
«Հուիսի 28–ին, իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակում, որ ոչ մի ընկերություն, բացի «Շանթ»-ից, ոչ մի խախտում չի արել: Երբ վարչապետից գրություն ստացան, նույն սննդի անվտանգության պետական տեսչությունը, նույն պաշտոնական կայքում ինքն իրեն հերքող հայտարարություն տարածեց,որ հանդիպում են ունեցել պաղպաղակ արտադրող ընկերությունների հետ, տվել են հանձնարականներ, որպեսզի խախտումները վերացնեն: Փաստորեն՝ երեք օրվա մեջ նրանք իրենց հերքող հայտարություն են տարածում»,- ասում է Պիպոյանը։
Բաբկեն Պիպոյանի այս հայտարարությանը հակադարձեց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը` ասելով, որ այն ընկերություններում, որտեղ շրջանառությունը 70 միլիոնը չի գերազանցում, ստուգումներ իրականացնելու համար հարկավոր է վարչապետից թույլտվություն ունենալ։ «Մենք գործում ենք օրենսդրության սահմաններում. պետք է դիմենք, ստանանք թույլտվություն: Այսինքն, այս գործողությունները ժամանակ է պահանջում: Սննդի անվտանգության ոլորտում չկա խնդիր, որ լուծվի մեկ շաբաթում եւ տպավորություն է ստեղծվում, որ մեզ ասում են, նոր ենք անում։ Մեզ ասողը օրենսդրությունն է, մենք իրավունք չունենք շեղվել դրույթներից»,- ասաց նա։
Բաբկեն Պիոյանը պնդեց իր տեսակետը` ասելով, որ պաղպաղակի շուկայում ստուգումներ կատարվել են այն ժամանակ, երբ Նոյի տապանն է իջել։ Արարատյանն էլ պատասխանեց. «Չգիտեի, որ Նոյի տապանը տարին մեկ իջնում է»։
Ի դեպ՝ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը սպառողներին խորհուրդ տվեց անհրաժեշտության դեպքում պահանաջել սերտիֆիկատներ, հատկապես՝ կաթնա- մսամթերքներ գնելիս։




