Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համատեղ ջանքերով Վանաձորում բացվել է «Արմաթն օդում» ԱԹՍ-ների կրթական աշխատանոցը: Աշխատանոցում 15-ից բարձր տարիքի պատանիները կստանան տեսական գիտելիքներ, կյուրացնեն ԱԹՍ–ների նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։
Անի Ջանվելյանը Լոռու մարզի Դարպաս գյուղից է։ Որոշել էր հայոց լեզվի ուսուցչուհի դառնալ: Նախ գյուղում, հետո Վանաձորի թիվ 1 դպրոցում «Արմաթ» լաբորատորիա ոտք դնելուց հետո հասկացավ՝ ինժեներիան է իր տարերքը: 20–ամյա ծրագրավորողը հստակ որոշել է իր լուման ունենալ երկրի ապագա հաղթանակների կերտման գործում: Ծրագրավորման ոլորտում հասցրել է հաջողություններ գրանցել.

«2017 թվականից հաճախում եմ «Արմաթ», մասնակցել եմ նաև ԱԹՍ-ների «Հավք 2021» մրցույթին, խմբիս հետ միասին ներկայացրել ենք «Դրոն–911» ԱԹՍ-ն: Եկել եմ գիտելիքներս ավելի շատ ամրապնդեմ, որ Հայաստանին օգուտ տամ: Ինձ ավելի շատ ձգում է ռազմական տեխնիկայի նախագծմամբ զբաղվելը, ու էս ԱԹՍ –ն իմ առաջին մեծ քայլն է լինելու դեպի երազանք, դեպի հաղթանակ, դեպի նպատակների մեծ ուղի»։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի երազանքն էր՝ ունենալ Հայաստանում ԱԹՍ զորքեր։ Նա համոզված էր՝ հազարավոր արկեր արձակելու փոխարեն կարելի է խելացի ու բարձր տեխնոլոգիական մարտերով հաղթել: Երազանքին հասնելու միակ ճանապարհը կրթությունն է: Այսօր նրա երազանքն իրականություն են դարձնում համախոհներն ու մարդիկ, որոնք վստահ են, որ ապագան կրթության մեջ է:

Սեդրակ Վարդանյան «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար.
«Կարծում եմ՝ շատերի մոտ արժեքային համակարգի փոփոխություն կա պատերազմից հետո։ Իհարկե, ես հանդիպում եմ բազմաթիվ պետական պաշտոնյաների՝ և՛ մարզային մակարդակում, և՛ հանրապետական, որոնց մոտ կարծես ոչինչ չի փոխվել, կարծես պատերազմ չի եղել։ Եթե մենք այսպես շարունակենք, մենք նոր արհավիրքի առաջ ենք կանգնելու, ավելի մեծ: Մեր հույսը միայն երեխաներն են, որ իրենք կրթվեն: Մենք կարող ենք ապագա հաղթանակները կերտել միայն կրթության միջոցով: Մենք պետք է ոչ թե թողենք զինվորները զոհվեն խրամատներում և դառնան հերոսներ, այլ ծրագրավորող հերոսներ կերտենք, ինժեներ հերոսներ ունենանք»:
«Անուրանալի է Վարդանյանի ավանդը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջխաղացման, հանրակրթական դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ հիմնելու գործում», — ասում է Կարեն Վարդանյանի գաղափարակից ընկեր Սեդրակ Վարդանյանը։ «44–օրյա պատերազմը մեզ դառը դաս տվեց, մենք ձախողվել ենք երկրի պաշտպանության հարցում, մեր հույսը դուք եք»,- դիմելով ապագա արմաթցիներին՝ ասում է Վարդանյանն ու հիշեցնում Գերմանիայի նախկին վարչապետ Բիսմարկի խոսքերը՝ պատերազմը հաղթում են ոչ թե ռազմաճակատում, այլ դպրոցական նստարանին.

Սեդրակ Վարդանյան «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար.
«Մենք հնարավորություն կունենանք շուրջ 1800 պատանիների բարձր տեխնոլոգիական կրթություն տալու: Դասընթացները կտևեն 1 տարի, մոտ 250 ժամ տևողությամբ, որից հետո սաները կտիրապետեն տեսական գիտելիքների, կպատրաստեն ԱԹՍ-ներ, կկարողանան կառավարել թռիչքներ և տեխնիկական սպասարկում իրականացնել: Այն տղաները, որոնք կգնան ժամկետային ծառայության, կարող են արդեն ոչ թե սովորական զորքերում ծառայել, այլ իրենց ծառայությունը կանցնեն հատուկ զորատեսակներում, որոնք այս պահին ստեղծման փուլում են»:
Ապագան ԱԹՍ-ներինն է՝ ասում է Վարդանյանն ու հավելում, որ ռազմականից բացի, դրանց պահանջարկը մեծանում է նաև հետախուզական նպատակներով: Առաջիկայում ինժեների ու ծրագրավորողի աշխատանքն ամենապահանջված ու բարձր վարձատրվողն է լինելու:
Դավիթ Մելքոնյան, «Արմաթ» –ի սան.
«Հետաքրքրված եմ «Արմաթն օդում» ծրագրով։ Ոգևորված եմ, որ արդեն Վանաձորում կա այս մասնաճյուղը, որտեղ կարող ենք սովորել ԱԹՍ պատրաստել ու հետագայում զարգացնել մեր բանակը՝ մեր գիտելիքների միջոցով»:

«Արմաթն օդում» ԱԹՍ-ների կրթական աշխատանոցի մուտքի կարմիր ժապավենը կտրում են ապագա սաները: Ծրագրի համակարգող Խաչատուր Թադևոսյանը ներկայացնում է աշխատանոցի հնարավորություններն ու ուսուցողական ԱԹՍ-ն: Ներկաները Կարեն Վարդանյանի վերջին հաղորդումներից պատառիկներ են դիտում ու որսում ամենակարևոր միտքը՝ ազգությունը որոշվում է ազգին ծառայելով: Հաջորդիվ՝ ԱԹՍ կառավարման վարպետաց դաս Խաչատուր Թադևոսյանից՝ հենց բակում: «Տպավորիչ է»՝ հնչում են հիացական բացականչություններ: «Դեռ կսովորեք»՝ արձագանքում է Թադևոսյանը: Շաբաթական 2 օր՝ 2,5 ժամ տևողությամբ դասերը կանցկացվեն Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղում, ուր տեղակայված է աշխատանոցը:

Աննա Դարբինյան, ԱԹՍ խմբակի խմբակավար.
«Դեռ չենք հավաքագրել։ Նախատեսվում է, որ կլինի 3 խումբ, մաքսիմում՝ 10 հոգանոց, 15 + տարիքի: Հետաքրքրություն ցուցաբերողները շատ են, բայց քննությունով է լինելու: Սկզբում տեսականը, հետո դրսում՝ ոչ մարդաշատ վայրում, կլինեն փորձարկումներ»:
«Արմաթ» լաբորատորիաները 622-ն են: 2-ը գործում են Հնդկաստանում, 23-ը՝ Արցախում, 8-ը՝ Ջավախքում, նաև՝ Բաթումիում։ Ծրագրվում է 1300 դպրոցում բացել լաբորատորիաներ՝ 16.500 երեխաների թիվը հասցնելով 35.000-ի: «Արմաթն օդում» նախագծով Հայաստանում ու Արցախում կհիմնվեն 65 ԱԹՍ կրթական աշխատանոցներ։




